Վերնատուն

Նայել ժամանակին բաց աչքերով․ Պարույր Սևակ-100․ «Վերնատուն»

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 100- ամյա հոբելյանը: Սևակը ամենամեծ ժողովրդականություն վայելող ու ամենաընթերցված հեղինակներից է, իր ժամանակի թերևս ամենաակատիվ մտավորականը։

Արդիակա՞ն է, արդյոք, գրողի խոսքը մեր օրերում, բացահայտվա՞ծ է նրա կյանքը, ուսումնասիրվա՞ծ է ստեղծագործությունը։ Պ. Սևակի տուն– թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, խոսելով իր գրականագիտական բացահայտումների մասին, առանձնացնում է Պարույր Սևակի անավարտ վեպը և երկու գիտական աշխատությունները, որոնք կիսատ են մնացել ստալինյան ռեպրեսիաների պատճառով։ Սևակ Ղազարյանը նշում է, որ Սևակի արխիվը ժառանգների մոտ է և հանրայնորեն հասանելի չէ։

«Ցավոք, ունեցել ենք տխրահռչակ օրինակներ, երբ մեր մեծերի արխիվները բզկտվում են կամ հայտնվում տարօրինակ մարդկանց ձեռքում, դառնում շահարկման, վաճառքի կամ վերավաճառքի առիթ։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Սևակի արխիվը նման ճակատագրի չարժանանա, երբ ամբողջ արխիվը կհրապարակվի, մենք այն կհանձնենք պետությանը», – ասում է նա։

Պարույր Սևակը ամենաընթերցվող գրողն է, բայց կան հաճախ շրջանառվող և ցիտվող տասնյակ գործեր, որոնք անհրաժեշտ խորությամբ ընկալված չեն։ Սևակ Ղազարյանն ասում է, որ ստվերում է մնացել Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» գիրքը, որը բանաստեղծի պոեզիայի գագաթնակետն է ու կյանքի գլխավոր գիրքը։ Պարույր Սևակը իրականում իր ժամանակից շատ կախված չէր և այդտեղ է իր արդիական լինելու գաղտնիքը, ասում է Սևակ Ղազարյանը, հավելելով գրողի թերևս ամենաարդիական միտքը՝ «Մենք մեր ժամանակին չենք նայում բաց աչքերով, ուզում ենք տեսնել այն, ինչ իրականում չկա»։

«Պարույր Սևակի ազգային սնապարծության մասին հոդվածը շատ արդիական է այսօր։ Հաճախ մենք մեզ կարծում ենք ամենազոր և ամենագետ, սխալմամբ կարծում ենք, թե աշխարհի համար շատ կարևոր ու արժեքավոր ենք։ Եվ մեր ներքին ազգային սնապարծությունը, տանում է մեզ ազգային ինքնասպանության», – նշում է գրականագետը։

Խոսելով Հոբելյանական տարվա ծրագրերից, Սևակ Ղազարյանը նշում է Ազգային գրադարանի հետ համատեղ նախաձեռնությունը, որը Սևակի մատենագիտությունն ու կենսամատենագիտությունն ամբողջացնող երեք հատորյակն է։

Պ․Սևակի տուն թանգարանի, ԳԱԱ Գրականության ինստիտուտի և ԵՊՀ–ի նախաձեռնությամբ սպասվող գիտաժողովը ներկայացնում է արդեն հրատարակված «Պարույր Սևակ․100 բանաստեղծություն» գիրքը, Սևակի ամբողջական հատորները հրատարակելու ծրագիրը և մի շարք այլ հրատարակություններ։

Back to top button