Նույնիսկ սուղ պայմանները չեն ստիպի օգտվել սահմանամերձ բնակավայրերում աջակցության ծրագրերից. քննարկվում են երկարաժամկետ նախագծեր
Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է մնալ կառավարության օրակարգում։ Միջոցառումների ընթացքին վերաբերող մանրամասների և երկարաժամկետ ծրագրերի մասին վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացայնել է նաև միջազգային ատյաններից։ Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո իրականացված ծրագրերից են միանվագ 100 հազար դրամի և սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրերը։
Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ։ Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ևս Նիկոլ Փաշինյանը Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ քննարկել է արցախցիների ՀՀ-ում մնալու հարցը և նրանց համար երկարաժամկետ աջակցության ծրագրերը։
«Եթե ԼՂ մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում»:
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային ատյաններում կառավարության հետ քննարկում է Արցախից տեղահանվածների համար աջակցության նոր ծրագրերը, շատ արցախցիներ չեն կարողացել օգտվել նույնիսկ դեռ 5 ամիս առաջ մեկնարկած առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրից։ Ստեփանակերտից Լիրա Ղալայանն ասում է, որ իր ընտանիքի համար այդպես էլ անհասանելի է մնացել նաև սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիրը։
«Ես ևս չեմ օգտվեում այդ աջակցության ծրագրից, միայն այն պատճառով, որ ստացած աշխատավարձի երկու կոպեկները տնտեսել ենք, և հենց այդ տնտեսված 2 մլն գումարի շրջանակներում, ինչը նաև իմ հաշվեհամարի վրա կա, ես ևս չեմ օգտվում այդ ծրագրից։ Ցավոք նաև իմ շրջապատում կան բազմաթիվ ընտանիքներ, որ այդ 50 հազարների ծրագրից չեն օգտվել»։
Ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ միանվագ 100 հազարական դրամ աջակցության շահառու է դարձել 112 հազար մարդ։ Մինչև մարտի վերջը շահառուները կկարողանան օգտվել նաև կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցությունից։ Լիրա Ղալայանը նշում է, որ ոչ բոլորն են կարողացել օգտվել այդ ծրագրից։ Իսկ նրանք, ում հաջողվել է շահառու դառնալ, չեն թեթևացրել իրենց սոցիալական հոգսը։
«Չեմ խոսում բնակվարձերի մասին, որովհետև երևի Մոսկվայի կենտրոնում և մեծ մեգապոլիսներում շատ ավելի հեշտ է տուն վարձել, քան այն պայմաններով, որոնք տրվում է արցախցիներին այստեղ։ Մենք հիմա բնակվում ենք վարձով, մեր տանը մինչև այս վերջին ամիսը ապրում էին 12 հոգով։ Ստիպված էինք այդքանով բնակվել 3 սենյականոցում, որպեսզի կարողանայինք հոգալ մեր ապրուստը, նաև տան վարձը վճարել»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։ Տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների հետ միասին այժմ քննարկում են այդ տարբերակները
«Այդ որոշումը հեշտ չէ, և մենք շատ չենք շտապում այն առումով, որ ճիշտ որոշում կարողանանք կայացնել։ Այդ ճիշտ որոշում կայացնելու ակնկալիքներից մեկով էլ պարոն Տիգրան Խաչատրյանի հետ եղանք Ճամբարակում, հանդիպեցինք Ճամբարակում ապրող ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և փորձեցինք նաև իրենց հետ քննարկելու միջոցով հասկանալ՝ իրենք ինչ են ակնկալում կառավարությունից։ Միայն բնակարան կառուցելը կամ գնելը միգուցե հարցի լուծում չէ։ Արդյո՞ք բնակարանից բացի նրան պետք է նաև հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվի։ Նպատակն է՝ մեր բոլոր որոշումներում առաջնորդվել մեկ քաղաքականությամբ՝ խրախուսելով հեռավորությունը, սահմանամեձ բնակավայրերում բնակվելը»։
Նույնիսկ բնարակարանային սուղ պայմանները չեն ստիպի արցախցիներին օգտվել սահմանամերձ բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից, համոզված է, Լիրա Ղալայանը։ Այս ծրագրի մասին նա ոչ միայն լսել չի ցանկանում, այլև ինչ-որ առումով նման առաջարկները վիրավորական է համարում։
«Սահմանամերձ բնակավայրից եկած, այդ ամենով անցած մարդկանց սահմանամերձ բնակավայրերում չեն բնակեցնում։ Այն տագնապը, այն վախը, երբ մարդիկ զգացել են տարիներ շարունակ, երբ 10 տարեկան երեխան ստիպված է եղել անցնել այդքան պատերազմների միջով։ Այդքանից հետո նորից մարդկանց տանել ու բնակեցնել սահմանամերձ գոտիներում»։
Թեև բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է մնալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից, նախարարությունից հայտնում են, որ բնակարանային մատչելիության պետական աջակցության գործող ծրագիր առայժմ չկա։ Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ցանկությանը, կառավարությունը որոշել է ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ըստ այդմ՝ եթե անձը սահմանամերձ գյուղում ցանկանում է տուն կառուցել և հիփոթեքային վարկ է վերցնում, ապա կառավարությունը 16 մլն դրամի չափով վճարում է և՛ վարկի մայր գումարը, և՛ տոկոսները: Բայց թե՛ բնակարանային աջակցության, թե՛ սահմանամերձ բնակավայրերում աջակցության ծրագրերից օգտվելու համար ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը պարտադիր է լինելու։