ԿարևորՏնտեսական

Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 27-ի նիստում:

Ըստ հիմնական զեկուցող Նարեկ Տերյանի՝ նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը. մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զբոսաշրջություն:

Նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության եւ ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի պետք է ներառվեն նաեւ այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես, օրինակ, հյուրանոցային ծառայությունների եւ կացության ու հանրային սննդի կազմակերպումը: Կսահմանվի ԱՏԳ շահագործողների գործարար ծրագրերի գնահատման համար ուղեցույց:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Back to top button