Վերնատուն

Տիգրան Չուխաջյանի «Արշակ երկրորդ» օպերայի մեկուկեսդարյա «ոդիսականը»․ «Վերնատուն»

Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, գրեթե մեկուկես դար անց, տեղի կունենա հայ երաժշտական թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ երկրորդ» օպերայի բնօրինակի պրեմիերան։

Ի՞նչ ճանապարհ է անցել Տիգրան Չուխաջյանի «Արշակ երկրորդ»-ը և ինչո՞ւ է մեկուկես դար լռության մատնվել, մեկնաբանում է ներկայացման գեղարվեստական խորհրդատու, ռեժիսոր Ժիրայր Փափազյանը։

«Արշակ երկրորդ»-ը գրվել է 1868 թվականին Կ․ Պոլսում, համարվում է հայ օպերային արվեստի պատմության ու նաև ողջ Մերձավոր Արևելքի առաջին օպերան, որի բնօրինակը իտալերեն է։ Լիբրետոյի հեղինակը՝ բանաստեղծ, դրամատուրգ Թովմաս Թերզյանն է։ «Արշակ Երկրորդը» պատկանում է եվրոպական «մեծ օպերա» դասին, որտեղ օգտագործվում են սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, փողային անսամբլ, մասսայական տեսարաններ։

«Ժամանակաշրջանը փոխվում էր, Աբդուլ Համիդի ժամանակ արդեն գրքաննությունն ուժեղացավ Պոլսի հայկական թատրոններում՝ հայկական ազգային պատմական թեմաներն արգելվեցին։ Ենթադրում եմ, որ այդ է պատճառը եղել որ Չուխաջյանը օպերայի վերնագիրը փոխել է, դարձնելով այն «Օլիմպիա»՝ Արշակի բյուզանդացի կնոջ անունով, բայց դա էլ չի օգնել։ Ընդամենը հատվածներ է նվագվել տարբեր տեղերում, նախերգանքն է նվագել եվրոպական մի շարք քաղաքներում, բայց հետո մատնվել է մոռացության», – ասում է Ժիրայր Փափազյանը։

Ժիրայր Փափազյանն ասում է, որ Չուխաջյանի ձեռագրերը այրին հետագայում Ֆրանսիայից փոխանցել է Երևան՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Խորհրդային տարիներին, Ստալինյան ժամանակաշրջանում վերադարձ եղել է այս օպերային, սակայն ամբողջովին վերափոխված։

«Տիրանների դեմ գրված մի օպերա է, պարզ է որ ժամանակին ակնարկել է Աբդուլ Համիդին, որտեղ Արշակը տիրան է և պետք է սպանվի վերջում։ Դեռ համաշխարհային երկրորդ պատերազմը չավարտված՝ արգելք եղավ այս օպերայի վրա, քանի որ կերպարը նաև մոտ էր Ստալինին։ Եվ որոշեցին վերանայել, այնպես ինչպես սովետական կինոյում ներկայացվել է Ստալինի կերպարը՝ որպես «ժողովրդի հայր»՝ նույն կերպ ներկայացվել է հայերենով։ Տեքստը, որ մինչ օրս խաղացվել է ոչ մի կապ չունի Թոմաս Թերզյանի հեղինակած տեքստի հետ։ Երաժշտությունը փոխել են ամբողջովին, հորինելով նոր երաժշտություն։ 80 տոկոսը Տիգրան Չուխաջյանի գրչին չի պատկանել», – ասում է Փափազյանը։

«Սա հայրենասիրական ոճով, շատ հաղթական, լավատեսական ավարտով ներկայացում էր, – նշում է նա, – որը պետք էր իրենց՝ հատկապես պատերազմի ավարտին։ Ոչ ոք մոտիկից չէր ուսումնասիրել Չուխաջյանի ձեռագիրը, որն այստեղ՝ Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում էր»։

Հետխորհրդային տարիներին 2001 թվականին «Արշակ երկրորդը» ներկայացվեց Սան Ֆրանցիսկոյում՝ Քրիստոնեության 1700 ամյակի առիթով, բայց դա նույնպես խորհրդային տարբերակն է եղել։ Չուխաջյանը համարվել է կոսմոպոլիտ կոմպոզիտոր, ասում է Ժիրայր Փափազյանը, գուցե իտալական դպրոցից ազդված, բայց իր անհատականությունն ունեցող կոմպոզիտոր։ Իր գործերով հիացած են ոչ միայն իտալացիները, այլ ոլորտի մի շարք օտարազգի պրոֆեսիոնալներ, որոնց մասնակցությամբ էլ տեղի կունենա հայաստանյան պրեմիերան։

Back to top button