ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թումոն սկանավորում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանները 

Ստեփանակերտի թումոցիների իրականացրած եռաչափ սկանավորման շնորհիվ հիմա հնարավոր է վիրտուալ ճամփորդություն կատարել դեպի Գանձասար և Արցախի այլ  պատմամշակութային վայրեր։ Ծրագիրն արդեն սկսել են, բայց դեռ չեն ավարտել։ Առաջիկայում նախատեսում են սկանավորել Հայաստանի  շուրջ 300 պատմական կոթողներ։

Հայկական պատմամշակութային ժառանգության վայրերի պահպանման  նախաձեռնության շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը  եռաչափ սկանավորման միջոցով թվայնացրել է ավելի քան 150  պատմամշակութային հուշարձան Արցախում և Հայաստանում` ասում է կենտրոնի աշխատարանների, նախագծերի և շրջանավարտերի հետ կապերի պատասխանատու Աստղիկ Հաբարձումյանը։

«Դա մի նախագիծ է, որի ընթացքում  պատմական հուշարձանները կարողանում ենք հավաքել, սկանավորել 3D միջավայրում, ստանալ 3D մոդել, ինչը թույլ է տալիս ցանկացած վտանգի, աղետի կամ թշնամու ագրեսիվ գործողությունների պատճառով վնասված կոթողը վերականգնել միլիմետրերի ճշգրտությամբ»։

Դեռևս մինչև 2020 թվականի պատերազմը՝ 2019 թվականին, նման մի դասընթաց կազմակերպվել է  էքսպերիմենտալ լուսանկարիչ Ջեյ Պերեզի աշխատարանում՝ Թումո Ստեփանակերտում, որտեղ էլ արցախցի ուսանողների կողմից իրականացվել է Արցախի շուրջ 80 պատմամշակութային կոթողի  եռաչափ սկանավորումը։

«Արցախում իրականացրեցինք այդպիսի դասընթաց, որի ընթացքում ստացանք Գանձասարի համալիրի 3D մոդելը, մեր ուսանողների ու ԱՄՆ ից ժամանած դասընթացավար, պրոֆեսոր Ջեյ Պերեզի հետ միասին, ինչը մեզ հնարավորությւոն տվեց վիրտուալ տուրեր իրականացնել։ Դրանից սկսած՝ մենք նախաձեռնության շրջանակներն էլ ընդլայնեցինք՝ իրականացնելով նաև Ղազանչեցոցի, Տատիկ-Պապիկի, ապա տասնյակ այլ հուշարձանների սկանավորումը»։

Այդ նախագծի վրա հիմա մի ամբողջ թիմ է աշխատում, որը կրթական ծրագրերին զուգահեռ աշխատանքներ է տանում Հայաստանի պատամական հուշարձանների սկանավորման ուղղությամբ՝ ասում է զրուցակիցս՝ հավելելով, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսվում է սկանավորել  շուրջ 300 կոթող:

Ինչպե՞ս որոշեցին նման աշխատարան հիմնել մինչև 44-օրյա պատերազմը, արդյոք որոշակի մտավախություններ կայի՞ն՝  ճարտարապետական այդ արժեքները կորցնելու հետ կապված։ Աստղիկը հերքում է․

«Ոչ մի բան տրամաբանորեն չգիտեինք, ուղղակի ունեինք Թումո Ստեփանակերտը, որի համար տարբեր աշխատարաններ էինք իրականցնում, և հենց այդ աշխատարանի շրջանակում էլ  ուսանողները պետք է սովորեին կիրառել այդ գործիքը, ստանալ 3D քարտեզն ու  այդպիսի մի արդյունք էր Գանձասարը։ Ջեյ Պերեզը հենց այդ նպատակով էր եկել, երկու շաբաթ անցկացրել Արցախում, ապա ևս երկու շաբաթ Երևանում։ Այդ ընթացքում Հայաստանում էլ տարբեր լոկացիաներ ենք իրագործել, ինչպես Մաթոսավանքը Դիլիջանում։»

Աստղիկը տեղեկացնում է՝ ներկայումս  թիմն աշխատում է  ամբողջ Հայաստանի տարածքի հուշակոթողների սկանավորմամբ։ Բավականին աշխատանքեր են տարվել  Վայոց ձորի, Գեղարքունիքի,  Սյունիքի սահմանային շրջաններում։

Ինտերակտիվ 3D մոդելների ամբողջական հավաքածուն հասանելի կլինի 2025 թվականին:

Back to top button