
Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը» կշարունակի գործունեությունն իր բրենդի ներքո եւ գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ՝ Հայաստանում հայտարարել է BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլը։ Ֆինանսական այս ընկերությունն է պատրաստվում դառնալ Ամերիաբանկի հիմնական բաժնետերը։ Խորհրդի նախագահը Հայաստան է այցելել բանակցությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ։ Ամերիաբանկի գործարքին անդրադարձել են նաև Բանկերի միությունում։ Կառույցի նախագահը կարծում է, որ գործարքը կարող է դրական ազդեցություն ունենալ բանկային համակարգի վրա։ Փորձագիտական դաշտում, սակայն, ռիսկեր այդուհանդերձ տեսնում են։
Կան արդյո՞ք ռիսկեր ու մտահոգություններ Հայաստանի բանկային համակարգում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները ոլորտում։ Նախ հայտարարվեց բրիտանական HSBC բանկի՝ հայկական շուկայից դուրս գալու մասին, հետո հաստատվեց վրացական Bank of Georgia-ի սեփականատերերի կողմից «Ամերիաբանկի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնելու բանակցությունների մասին տեղեկությունը։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն արձանագրում է․
«Կարծում եմ, որ սա կարևոր իրադարձություն է բանկային համակարգի համար, մենք պետք է հարգանքով մոտենանք։ Բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին դրական ենք վերաբերվում։ Սա նոր շունչ ու էներգիա է հաղորդում համակարգին»։
Դանիել Ազատյանը հիշեցնում է՝ բանկերի առք ու վաճառքներ տեղի են ունեցել նաև նախկինում․ 2010 թվականին «Ամերիաբանկը» ձեռք բերեց «Կասկադ բանկը», ավելի ուշ «Ինեկոբանկը» ձեռք բերեց գերմանական ProCredit-ի դուստր ընկերությունը, ղազախական BTA-ն Հայաստանում իր բանկը վաճառեց «Հայէկոնոմբանկին», իսկ Զարգացման հայկական բանկը մտավ «Արարատբանկի» կազմի մեջ:
Այժմ Հայաստանից հեռանում է HSBC–ն։ Շատերը հիշեցնում են՝ դեռ երկու տարի առաջ էր կառույցը հայտարարություն տարածել, որ դուրս է գալու որոշ պետություններից՝ իր հիմնական գործունեությունը կենտրոնացնելով Արևելյան Ասիայի երկրներում, որտեղ տեղաբաշխված է ընդհանուր կապիտալի 75 տոկոսից ավելին։ Ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է Ֆրանսիայում, Հունաստանում, ՌԴ–ում, ինչպես նաև Կանադայում։ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Արդշինբանկը, արդեն հայտարարել է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին։
«Ամերիաբանկի» մասով էլ արդեն հստակեցումներ կան։ Bank of Georgia Group-ը, որը պատրաստվում է դառնալ Ամերիաբանկի հիմնական բաժնետեր, պրեմիում դասի ցուցակված ընկերություն է Լոնդոնի ֆոնդային բորսայում, ինչը նշանակում է բարձր մակարդակի թափանցիկություն բոլոր գործարքներում։ Բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի ընկերություններն են՝ ասում է Ազատյանը։
«Նույնիսկ հայտնի լինելը, եթե մի կողմ դնենք, լոնդոնյան ու ընդհանարապես միջազգային բորսաների պահանջներով ցուցակված ընկերությունները պարտավոր են կարևոր իրադարձությունները հրապարակել։ Իրենք շատ հրապարակային ու բաց են։ Այստեղ ոչ մի փակ բան կամ մութ բան չկա։ Մենք պետք է սպասենք պրոֆեսիոնալների որոշմանն այս հարցով» ։
Օրերս հայտնի դարձավ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ «ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկի» ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։ Tvyalner.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝
«Բաժնետոմսերի մոտավորապես 55 տոկոսը ներդրումային ու խոշոր կազմակերպությունների ձեռքում է, մնացածը՝ անհատների ձեռքում։ Ընդհանուր՝ 20,33 տոկոսը պատկանում է Georgia Capitalin, բայց հստակ չի երևում, թե ում է պատկանում։ Չնայած խորհրդի անդամները վրացիներ են։ Bank of Georgia Group–ն պատկանում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են BlackRock-ը, Vanguard Group-ը։ Հիմնական կապերը Արևմուտքի հետ են»։
Արդյո՞ք սրանով փարատվում են գործարքի մեջ թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնելու մտահոգությունները։ Տնտեսագետը հստակեցնում է՝ ինքն էլ ունի մտահոգություններ, բայց կանոնադրական կապիտալն ուսումնասիրելով ռիսկեր չի նկատել։
Գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաեւ հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն անդամ, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո եւ գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ։ Ի դեպ, BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան։ Այցի շրջանակում Մել Քարվլը հարցազրույց է տվել՝ խոսելով Հայաստանի ներդրումային գրավչության մասին։ Անդրադառնալով գործարքի հաստատման դեպքում ստեղծվող հնարավորություններին՝ Մել Քարվլը նշել է, որ բանկի հաճախորդների համար էլ ավելի մեծ ապահովության և կայունության գրավականներ կստեղծվեն, քանի որ Ամերիան ավելի մեծ բանկային խմբի մաս կկազմի և Խմբի միջոցով ուղիղ հասանելիություն կստանա կապիտալի համաշխարհային շուկաներին: Մել Քարվլը Ամերիա բանկը աներևակայելի հաջողված բիզնես է որակել։
«Վերաբրենդավորումը խմբի օրակարգում է։ Արտահայտելու է ընկերության միջազգային նոր հեռանկարները։ Առաջին հերթին պետք է ասեմ, որ Ամերիաբանկն աներևակայելի հաջողված բիզնես է։ Մենք չենք ուզում, որ որևէ բան իրեն շեղի այս ուղուց։ Ամերիաբանկը շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը` մնալով առաջատար հայկական բանկ իր նույն բրենդով։ Բանկի ներկայիս ղեկավար թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը։ Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ մենք որոշ առավելություններ կտանք բանկին»:
Տնտեսագետ Աղասի Թավադյանը կարծում է, որ ռիսկեր, այդուհանդերձ, կան։ Խոսքն առաջին հերթին բանկային տվյալների՝ 3–րդ երկրներ փոխանցելու ռիսկի մասին է։
«Դա հստակ խնդիր է, մեծ խնդիր՝ ՀՀ–ի համար։ Ռիսկերը իհարկե առկա են։ Սա ավելի շատ ներքին օրենսդրության ամրապնդման հարց է, որ եթե մեր հաճախորդների տվյալները եթե փոխանցվեն, անանուն փոխանցվեն»։
«Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալի մասնակցություն ունեցող անձ է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն այս պահին գերության մեջ է Ադրբեջանում։




