ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

30 նոր ավտոբուս ու տրանսպորտի սակագնի նոր առաջարկ․ ընդդիմադիրները 24-100 դրամանոց սանդղակ են առաջարկում

Առաջիկայում Երևանի փողոցներ դուրս կգա ևս 30 հատ նոր ավտոբուս․ քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը հայտնել է, որ մինչև մարտի 1-ը նոր շարժակազմը կշահագործվի ու կսպասարկի 3 երթուղի։ Ընթացիկ տարում քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 140 նոր ավտոբուս․ քաղաքային իշխանությունը նախատեսում է սրանով ավարտել տրանսպորտային բարեփոխման ամենակարևոր փուլն ու անցնել տոմսային համակարգի ներդրմանը։ Մինչ այդ, սակայն, ավագանու ընդդիմադիրներն խմբակցություններն իրենց առաջարկն ու տրանսպորտի նոր սակագնի իրենց տարբերակն են ներկայացնում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տրանսպորտի մեկանգամյա ուղեվարձը թողնել 100 դրամ, բայց գործածության մեջ դնել նաև օրական, շաբաթական, ամսական ու տարեկան փաթեթներ։ Ընդդիմադիրները ավագանու որոշման նախագծի իրենց տարբերակն են առաջարկում, ասում են՝  հիմնվել են Թիբլիսիի փորձի վրա։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրենց առաջարկում ևս օրական փաթեթ է նախատեսվում, բայց իշխանության առաջարկած «880 դրամ 8 ուղևորության դիմաց» մոտեցման փոխարեն ընդդիմադիրներն առաջարկում են 400 դրամ վճարել ու 24 ժամվա ընթացքում անսահմանափակ երթևեկել։

«Եվ արդեն նույն կերպ շարունակում ենք նույն տրամաբանությամբ․ 1 շաբաթական տոմս՝ 2000 դրամ, մեկ ամսվա փաթեթը՝ 5500 դրամ և այստեղ մեկ ուղևորափոխադրման արժեքը նվազում է արդեն։ 6 ամսվա համար 20 հազար դրամ և մեկ տարվա համար 35 հազար դրամ։ Այլ կերպ ասած մենք առաջարկում ենք ուղևորափոխադրում իրականացնել 24-100 դրամ միջակայքում»,– մանրամասնում է Սուքիասյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան

Ընդդիմադիրների հաշվարկով՝ մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 130 դրամ է, Կարծում են՝ քաղաքապետարանը կարող է տարբերությունը տուրքերի ու հարկերի հաշվին լրացնել։ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տոմսային այս համակարգը կիրառել նաև մետրոյի համար, իսկ փոփոխություններն ուժի մեջ մցնել ոչ թե այս տարվա սեպտեմբերից,  այլ 2025-ի հունվարի 1-ից, երբ ամբողջությամբ կավարտվի տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Առաջիկայում նաև նախագծի շուրջ հանրային քննարկում կնախաձեռնեն։ Մանուկ Սուքիասյանն ասում է՝ պատրաստ են ամեն կերպ պայքարել, միայն թե սակագնի իշխանական մոդելը չկիրառվի։

«Մենք պատրաստ ենք քաղաքացու հետ ամեն ինչ անել՝ ավագանու նիստերի դահլիճից սկսած մինչև փողոցներ, որպեսզի կանխենք մարդկանց գրպանը մտնող ու մարդկանց վերջին կոպեկները քամող օրինագծի ընդունումը։ Մենք փողոցներում պայքարելու ոչ մի բարդույթ չունենք, հետևաբար փողոցային պայքարը մեզ համար ընդունելի ու հոգեհարազատ գործիքակազմ է, որն առաջիկայում, ըստ կարիքի, կկիրառենք»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան

Ավագանիում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փետրվարի սկզբին էր շրջանառության մեջ դրել տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ սահմանող նախագիծը։ Երկար քննարկումներից ու քննադատություններից հետո նախագիծը հանվեց հերթական նիստի օրակարգից։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ խոստացավ՝ կվերանայեն սահմանափակ երթեր նախատեսող մոտեցումը, կսահմանեն նաև արտոնություններ առանձին խմբերի, օրինակ՝ դպրոցականների կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել, որ ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, բայց մյուս կողմից չենք կարող ասել նաև, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը։ Եվ հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը շարունակական բարեփոխումների է ենթարկվում՝ մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք նաև մեր քաղաքականությունը»։

Արդյո՞ք լրամշակված նախագիծը կքննարկվի ավագանու առաջիկա՝ մարտի 12-ի նիստում կամ ինչ փոփոխություններ կանի իշխանությունը, առայժմ պարզ չէ։ Քաղաքային իշխանությունն, այնուամենայնիվ, նոր մեխանիզմի կիրառման մեկնակետ սահմանել է սեպտեմբերի 1-ը։ Դա այն ժամկետն է, երբ արդեն գործածության մեջ կլինի ևս 170 հատ նոր ավտոբուս։ Գործակարգավարական հերթական խորհրդակցությանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը հայտնում է՝ 30-ն արդեն Երևանում են։

«Մրցույթները կայացած է, մաքսազերծման աշխատանքներն արդեն իրականացրել ենք։ Երթուղիները սպասարկող մեկ մասնավոր ընկերության հետ խնդիր ունենք, իրենց ժամկետը մարտի մեկին է ավարտվում, իսկ մյուս երկուսը կարող ենք մի քանի օրվա ընթացքում արդեն սպասարկել ու գիծ դուրս բերել»,– ասում է Հարությունյանը։

Փետրվարի վերջին քաղաքապետարանը կհայտարարի նոր մրցույթ նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու համար։ Ընթացիկ տարում տարում նախատեսվում է նաև ավարտին հասցնել Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի ներդրումը․ մինչև այս պահը այդպիսի գոտիներ կան Գայի պողոտայում, Հերացի ու Սարալանջ փողոցներում։ Քաղաքային իշխանությունը լավ լուր ունի նաև վարորդների համար․ առաջիկա օրերին մայրաքաղաքում կսկսվեն ասֆալտի մշակման ու փոսալցման աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button