ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նախադպրոցական 320 կազմակերպություններից լիցենզիա է ստացել 20-ը

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ նախադպրոցական բոլոր ծառայությունները ենթակա են պարտադիր լիցենզավորման: Ըստ սահմանված ժամկետի՝ այն նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը չեն սկսել լիցենզավորման գործընթացը, նրանց գործունեությունը կհամարվի անօրինական և կդադարեցվի: ԿԳՄՍ նախարարության տվյալները փաստում են, որ տարեվերջի համեմատ դիմելիության որոշակի ակտիվություն կա, սակայն մինչև հիմա նախարարությունը լիցենզիա է տրամադրել 20 նախադպրոցական հաստատության, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով նախադպրոցական ոլորտում գործում է առնվազն 320 կազմակերպություն:

Նախադպրոցական ծառայություններ մատուցող ավելի քանի 300  կազմակերպությունների համար «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում նախորդ տարեվերջին կատարված փոփոխությունները ճակատագրական դարձան։ Բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ լիցենզիա չունենալու պատճառով փակվեցին։ Մի մասն էլ դադարեցրեց գործունեությունը առանց նույնիսկ փորձելու լիցենզիա ստանալ։ Պատճառներն, ըստ Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանի, բազմաթիվ են՝ հիմնականում թղթաբանական։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 30-ն էր, և շատ կազմակերպություններ չեն հասցրել դիմել։

«Երևի 20 տոկոսը նույնիսկ չի էլ հասցրել դիմել մինչև դեկտեմբերի 30–ը, քանի որ տարբեր խնդիրներ ու խոչընդոտներ կային։ Իսկ նրանք, ովքեր դիմել են, շատ փոքր տոկոսն է ստացել լիցենզավորման դրական պատասխան, քանի որ թղթաբանության հետ կապված բավականին չլուծված հարցեր կան։ Բացի այդ, բավականին խրթին գործընթաց է այդ փաստաթղթերը հավաքելը ու ներկայացնելը։ Դրանք լրացնելու համար տնտեսվարողները, տնօրենները պետական մարմիններից որևէ օգնություն չեն ստացել։ Նույնիսկ արհեստական խոչընդոտներ են»։

Նախարարությունից հավաստիացնում են՝ լիցենզավորումը սկսելուց առաջ բոլոր իրավակարգավորումներն արվել են։ Բոլոր մանկապարտեզները նախապես իմացել են, որ պետք է հասարակական նշանակության շենքերում գործունեություն ծավալեն, որ կարողանան լիցենզավորվել որպես մանկապարտեզ։ Նույնիսկ հաշվի առնելով, որ բազմաթիվ մանկապարտեզների շենքային պայմաններն անվտանգային կանոններով բավական մոտ են անհրաժեշտ նորմերին, բայց շենքերի նշանակության փոփոխությունը ֆինանսական բեռ է, կառավարության որոշմամբ մինչև 2024 թվականի օգոստոսը հետաձգվել է այս պահանջի գործարկումը։ Այդուհանդերձ օրենքի նվազագույն պահանջներին համապատասխանում է ընդամենը 20 նախադպրոցական հաստատություն։ Նախադպրոցական ծառայություն իրականացնող շուրջ 60 հաստատություն էլ սպասում է ծրագրի հաստատմանը, որից հետո կդիմի լիցենզիայի համար, հայտնեց ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը։

«Բոլոր այն հաստատությունները, որոնք նախարարության կողմից սահմանված կարգով ստացել են լիցենզիա, ձեռք են բերել թույլտվություն։ Բոլոր այն հաստատությունները, անկախ նրանից՝ գործընթացը սկսել են, թե ոչ, եթե չունեն լիցենզիա, չունեն նաև գործելու իրավունք։ Մինչև 2024 թվականի օգոստոս նախադպրոցական համալիր ծրագիր իրականացնելու դեպքում կարող են դիմել նաև այն շինությունները, որոնց նշանակությունը բնակելի է։ Բայց օգոստոսից հետո այդ հաստատությունները կամ պետք է փոխեն հաստատության տեսակը հասարակականի, կամ էլ այլևս իրավունք չեն ունենա գործելու»։

Ահազանգեր կան նաև մասնագետների որակավորման պահանջի վերաբերյալ։ Օրենքում հստակ նշված է՝ միայն միջին կամ բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում ունեցող մասնագետները կարող են աշխատել նախադպրոցական հաստատություններում, ընդգծում է կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Այս հարցը շատ արագ չենք կարող լուծել, որովհետև ցենզը չենք ուզում իջեցնել։ Մենք գործ ունենք երեխաների կրթության հետ, և որքան ցենզը իջեցնենք, այնքան կրթության արդյունավետության և որակի ռիսկերը փոխվելու են։ Բայց նախաձեռնել ենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություն, քննարկում ենք՝ քանի կրեդիտի և որ մասնագիտությունների որակավորման առկայության դեպքում հնարավոր կլինի։ Առաջիկայում այս հարցն էլ կլուծենք»։

ԿԳՄՍ նախարարությունից ասում են, որ անում են առավելագույնը՝ լիցենզավորման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար, որ այդ կազմակերպությունները չդադարեն գործել և լրացուցիչ խնդիրներ չառաջանան այն երեխաների համար, որոնք արդեն հաճախում են տվյալ հաստատություններ։ Բայց լիցենզավորման համար, ըստ գերատեսչության, անհրաժեշտ են նաև այդ հաստատությունների գործուն քայլերն ու շահագրգռվածությունը։

Back to top button