ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որքանո՞վ է «առողջ» բնակֆոնդը․ ստեղծվում է տեղեկատվական համակարգ

Հայաստանն ունի մոտ 100 մլն քառակուսի մետր բնակֆոնդ, որի մեկ երրորդը կամ շուրջ 30 մլն քառակուսի մետրը բազմաբնակարան շենքերն են։ Դրանց երեք տոկոսից ավելին 3–րդ կամ 4-րդ վթարայնության շենքեր են։ Տվյալները ճշգրիտ չեն, քանի որ թարմ չեն հետազոտության արդյունքները։ Մասնագետներն ասում են՝  բնակֆոնդի առողջացման համար նախ ճշգրիտ տվյալներ են պետք։ Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են․ հայեցակարգը մշակվել է, հաջորդ քայլով նախատեսվում է բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծել։  

Երևանի Արզումանյան 10 և 17 շենքերը 4–րդ աստիճանի վթարայնություն ունեն։ Շենքերը պետք է քանդվեն, դրանց փոխարեն նորերը կառուցվեն։ Փետրվարի սկզբին  Երեւանի քաղաքապետարանի և ներդրողի միջև կնքվել է ներդրումային պայմանագիր։ Նախորդ շաբաթ Արզումանյան 10 եւ 17 շենքերի բոլոր բնակիչներին ուղարկվել են ծանուցումները, նաեւ պայմանագրերի նախագծերը՝ ուսումնասիրելու համար։ Ծրագրի իրականացման ժամկետներից Երևանի քաղաքապետը դժգոհ է։

«Իմ համբերությունն էլ այս ծրագրի հետ կապված սկսում է սպառվել։ 2022թ. սեպտեմբերից այս ծրագիրն իրականացնում ենք։ Այլևս հավելյալ քննարկումներ ընդունելի չեն: Եթե մինչ այս պահը մենք չենք եկել եզրահանգումներին, որ արդեն հստակ է, սա է ստանդարտը, այլեւս ոչ մի հավելյալ քննարկում չի լինելու: Որովհետև չի կարելի դարերով քննարկել, պետք է սկսել իրագործել»։

Հայաստանն ունի շուրջ 100 մլն քառակուսի մետր բնակֆոնդ, որի մեկ երրորդը կամ մոտ 30 մլն քառակուսի մետրը բազմաբնակարան շենքներն են։ Դրանց մի մասն անբավարար տեխնիկական վիճակում է։ Մարդկանց նման շենքերն էլ ունեն կյանքի տևողություն, որը, ըստ ամրության, կառույցի տեսակի ու տարիքի, տարբեր է։ Քաղաքաշինության կոմիտեի  բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն արձանագրում է․

«Ես միշտ այդ օրինակը սիրում եմ մարդու վրա բերել․ որովհետև շատ հաճախ մենք ունենք ավելի տարիքով մարդիկ, որոնք ավելի առույգ են, կենսունակ են, քան ավելի երիտասարդը, քանի որ դա միայն տարիքից չի կախված»։ 

Հայաստանի բնակֆոնդի  մեծ մասն  արդեն մեկ անգամ կրել է Սպիտակի երկրաշարժի ազդեցությունը։ Հայաստանում բնակֆոնդի սեփականաշնորհումից հետո շենքերի պահպանման ուղղությամբ համակարգային որևէ աշխատանք չի կատարվել՝ արձանագրում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը՝ քաղաքաշինության կոմիտեի  բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։ Հիշեցնում է՝ ԽՍՀՄ–ում պետական բնակֆոնդ էր, իսկ սեփականաշնորհումից հետո հարցը մնաց բնակիչների ուսերին։ Բայց պահպանման աշխատանքներ գրեթե չեն կատարվել։ Այս խնդիրները միավորվել ու հանգեցրել են նրան, որ այս պահին բազմաբնակարան շենքերի՝ առնվազն 3 տոկոսն անբավարար վիճակում է։   

«Այդ շենքերը մարդկանց կյանքի համար անվտանգ չեն։ 600–ը գերազանցող բազմաբնակարան շենքեր են։ Անհատական տների քանակը գերազանցում է 1600–ը։ Եթե կուտակումներով ասենք, ապա դրանք կենտրոնացված են Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, հետո արդեն մյուս բնակավայրերում»։

Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևանին․ մայրաքաղաքում   բազմաբնակարան 120 շենք, դրանց մեծ մասը՝ Աջափնյակ վարչական շրջանում, 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունի։ Երկրորդ և երրորդ տեղում համապատասխանաբար  Լոռու և Շիրակի մարզերն են՝ 149 և 123 վթարային շենքերով: Առկա է նաև քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով): Այս տվյալները, սակայն, թարմ չեն․ հիմնված են 2003-2006 թվականների իրականացված տեխնիկական վիճակի զննության արդյունքների, վերջին տարիներին կատարված հարցումների վրա և  բավարար ճշգրիտ չեն:

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչն արձանագրում է՝ վթարային շենքերի խնդրին անդրադարձ կատարվում է, բայց՝  իրավիճակային, ըստ խնդրի ծագման։ Այժմ խնդիրները համակարգված լուծելու ժամանակն է։ Հայեցակարգն արդեն  հաստատված է։ Առաջին քայլը բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումն է։

«Որևէ տեղ հավաք, ամփոփ, թարմացվող տեղեկատվություն չկա շենքերի վիճակի վերաբերյալ, ինչպես փաստացի, այնպես էլ հետագա շարժի։ Շենքերը ի՞նչ վիճակում են, քանի՞  տոկոսն է վատ վիճակում։ Քանի՞ տոկոսն է ռիսկային վիճակում»։

Սպիտակի երկրաշարժից հետո  երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերը վերանայվել ու խստացվել են։ Այստեղ մեկ կարևոր որոշում արդեն կայացվել է՝ եթե վթարային շենքի վերակառուցման արժեքը գերազանցելու է նույն տեղում նոր շենք կառուցելու արժեքի  60 տոկոսը, ապա  ցուցված չէ այդ շենքի պահպանումը։ Տարեցտարի նորմերը առնվազն 20–ով ավելանում են, ուստի շատ հաճախ ավելի նպատակահարմար է դառնում  նորը կառուցելը։

Շենքերի տեխնիկական  վիճակն ուսումնասիրում ու եզրակացություն տալիս են քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող կազմակերպությունները։  Այժմ այդ եզրակացությունները  քաղաքաշինության կոմիտե ներկայացնելը պարտադիր է։ Սա կօգնի, որ կոմիտեն կարողանա տեղեկատվական համակարգ վարել։ Նման համակարգ չունենալը  բացասաբար է ազդում քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման վրա։

«Եթե պետությունն ունի այդ տվյալը և հասանելի է, մարդը կարողանա ծանոթանալ, հասկանալ, արդյոք այդտեղից գույք ձեռք բերելով կարող է  վստահ լինել, որ վնասվածություն չունի կամ որ ունի, ինչ աստիճանի է։ Սա ևս մեծ բարելավում է գնորդ քաղաքացիների մասով։ Մենք նաև այդ տեսանկյունից ենք շատ դիմումներ ստանում, որ այս շենքում ուզում եմ տուն գնել, կարող է ձեզ մոտ տեղեկություն կա վթարայնության մասին, թե ոչ»։

Թե նոր համակարգը երբ պատրաստ կլինի, առայժմ պարզ չէ, բայց հստակ է, որ դրա գործարկմամբ հնարավոր կլինի տնօրինել բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությանն ու ըստ դրա որոշումներ կայացնել։       

Կարդացեք նաև

Back to top button