Վերնատուն

Իրանական մշակույթի արտացոլանքը․ Հաֆեզի պոեզիան հայերեն․ «Վերնատուն»

Լույս է տեսել Իրանի հռչակավոր քնարերգու Հաֆեզի գազելների ու քառյակների հայերեն ժողովածուն։ Սա բնագրից առաջին ամբողջական թարգմանությունն է՝ Հայաստանում բնակվող իրանահայ լրագրող թարգմանիչ Ջորջ Աբրահամյանի թարգմանությամբ։

«Հաֆեզը իրանական պոեզիայի համաշխարհային մեծության գագաթներից է, որը մեծ ժողովրդականություն է վայելում Իրանում։ Չկա տուն, որ չունենա Հաֆեզի ժողովածուն։ Ղուրանի կողքին միշտ Հաֆեզ կա», –– ասում է Ջորջ Աբրահամյանը։

Թարգմանիչն ասում է, Հաֆեզին իրանական մշակույթի խորհրդանիշն է։ Նա ծայրից ծայր անգիր գիտեր Ղուրանը՝ 14 մեկաբանություններով։ Բնական է, որ իր գազելները պիտի ազդեցություն կրեին Ղուրանից։ Թարգմանչի կարծիքով Հաֆեզի գազելները իրանական ու իսլամական մշակույթի արտացոլանքն է։

«Հաֆեզը, ի տարբերություն այլ պոետների, ոչ միայն սիրային ու միստիկ քնարերգու է այլ նրան կարդալով կարելի է հասկանալ իր ժամանակաշրջանի պատմա-քաղաքական իրավիճակը, նա նաև համամարդկային հարցերից է խոսել․ մարդասիրական, սոցիալ- հասարակական խնդիրներից»։

Ջորջ Աբրահամյանը նշում է, որ Հաֆեզը հայտնի է, որպես ծույլ բանաստեղծ, նա չէր սիրում շատախոսել, տարեկան ընդամենը տասը գազել է գրել։ Հիսուն տարվա ընթացքում՝ 500 գազել և շուրջ 40 քառյակ, դա է իր ողջ ստեղծագործական ժառանգությունը։ Արևելյան համ ու հոտը մեր պոեզիայում նկատելի է ասում է Ջորջ Աբրահամյանը, հիշատակելով Սայաթ-Նովային, ասում է՝ քանի որ պարսկերեն է իմացել ենթադրվում է, որ ազդեցություն ունեցել է Հաֆեզից։

«Գազել» առաջին անգամ հենց Սայաթ-Նովան է գրել, հետագայում այդ ազդեցությունները կրել են նաև Չարենցը, Շիրազը։ Թարգմանիչը նշում է, որ Իրանական մշակույթի հետ ընդհանրությունը շատ է ու բազմաբովանդակ․ բառարմատներ, լեզվամտածողություն, այդ պատճառով Հաֆեզ թարգմանելն իրեն հեշտ է տրվել։ Հենց հայերենն է նրան պոեզիա թարգմանելու հնարավորություն տվել։

Թարգմանիչը նույնիսկ մի շարք նոր բառեր է ստեղծել։ «Կարծում եմ և՛ պարսկերենը, և՛ հայերենը շատ մեծ հնարավորություն ունեն բառաստեղծման, նոր բառեր ստեղծելու, թարգմանության ընթացքում ես ավելի սիրահարվեցի հայերենին»։

Պոեզիան պարսիկ ժողովրդի առօրյայի անբաժանելի մասն է, նրանք կարող են ժամեր շարունակ իրենց դասական պոետներին ասմունքել։ Տաքսու վարորդ կամ պատահական անցորդ անգիր գիտի իրենց պոեզիան։ Իրանում տարածված է նաև Հաֆեզի պոեզիայով գուշակությունը, որն ընդունված է ձմեռամուտի կամ ՝ Նոռուզի, իրանական Նոր տարվա ժամանակ։

«Զանգակ» հրատարակչության Հաֆեզի գազելների ու քառյակների ժողովածույին Ջորջ Աբրահամյանի թարգմանությամբ հաջորդելու է Ռումիի ու Սաադիի բանաստեղծությունների ժողովածուները։

Back to top button