
Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է, Կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի մտադրությունները նույնն են՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։
«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում։ Դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռքբ բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։
Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածությունների, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը։ Այս և մի քանի այլ հանգամանքները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը շարունակում է վարել այն ինչ ուզում է՝ «տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով քաղաքականությունը»,- հայտարարել է նա։
«Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի՝ կենսական նշանակության տարածքներ, այսինքն այս «4։31»-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին»,- նշել է գործադիրի ղեկավարը։
Ըստ նրա՝ ՀՀ-ի դիրքորոշումը կառուցողական է։
«Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ գծի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղի տարածքներից որևէ կերպ հետ չգնան»։
Վարչապետը կրկին վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են:
«Ադրբեջանը խուսափում է գնալ կոնկրետ լուծումներ՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականցնել զորքերի ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, իսկ էքսկլավային հարցերը թողնել վերջին փուլին։ Այսինքն կա երկու տարբերակ՝ կամ ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանգծում և անցնում դրա իրագործամանը, կամ կտորների ենք բաժանում սահմանն ու կտոր-կտոր սահմանագծումով գնում եք առաջ։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է։ Ադրբեջանը, սակայն, կարծես թե խուսափում է նաև այս տարբերակից»,- ասել է Փաշինյանը։




