
ԵՄ-Հայաստան հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են, Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա շեշտել է, որ մտքերի շատ լավ փոխանակում է տեղի ունեցել Միրզոյանի հետ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից առաջ։ Մասնավորապես, նշվում է, որ քննարկվել են ավելի խորը ոլորտային ներգրավվածության ու խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր։ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ մամուլի հայտարարությունում էլ շեշտվում է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը պատրաստ է դիտարկելու դեպի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները և ըստ այդմ տարբերակներ առաջարկելու։
ԵՄ Հայաստանի կողքին լինելու քաղաքականություն է վարում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է միջազգայնագետ Դավիթ Կարպետյանը։ Նա բրյուսելյան հանդիպումների ու տարածվող հայտարարությունների հիման վրա եզրակացնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոքր ինչ դրական տենդենցներ է արձանագրում։
ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը, ինչի մասին խոսել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, դեռ չի նշանակում, ըստ միջազգայնագետի, որ մուտքի ազատականացումը ԵՄ երկրնեի հետ շուտ կարող է տեղի ունենալ։ Նա հիշեցնում է, որ Վրաստանի դեպքում մի քանի տարի տևեց այն, և դա պետք է նկատի ունենալ։ Բացի այդ կան նաև ռիսկեր, որոնք ևս պետք է հաշվի առնել․
«Ժամանակին Վրաստանին, երբ տրամադրվեց մուտքի ազատականացում, ինչ-ինչ խնդիրներ առաջացան, և օրինագիծը փոխվեց։ Դա հաշվի առնելով, արդյո՞ք ԵՄ նույն ազատականացման ռեժիմը կկիրառի Հայաստանի հանդեպ՝ հաշվի առնելով Վրաստանի դառը փորձը։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ հաշվի առնելով բոլոր գործողություններն ու գործընթացները, շանս կտա Հայաստանին՝ այդպիսով նաև փորձարկելով Երևանին։ Սա, իհարկե, կարող է աշխատանքային արտագաղթի ռիկսեր պարունակել, քանի որ շատերը, ինչպես գիտենք, կրթության կամ աշխատանքի համար ուզում են մեկնել Եվրոպա։ Սա կարող է դեմոգրաֆիկ խնդիրներ առաջացնել Հայաստանում»։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը պատրաստ է դիտարկելու դեպի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները և ըստ այդմ տարբերակներ առաջարկելու, նշվում է հայտարարության մեջ։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսում Հայաստանին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:
«ԱՊՐԻ Արմենիայի» ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում սակայն ասաց, որ բրյուսելյան հայտարարություններում որևէ նորություն չկար․
«Ճիշտն ասած զարմանալի նորություններ չկան հայտարարություններում։ Կրկնվեց այն, ինչ կար նախորդ տարվա նոյեմբերի համատեղ հայտարարության մեջ»։
Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը` ԵՄ հետևողական աջակցությամբ ու ֆինանսական օժանդակությամբ:
Նիստի արդյունքներով եզրակացվում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ ավելի սերտ չեն եղել։ Հայտարարության տեքստում նշվում է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին, նշվում է, որ ԵՄ պատրաստ է էներգետիկ, կապի, առևտրի ոլորտներում Հայաստանի դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին լինել Երևանի կողքին։ ԵՄ շեշտում է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կիրառման կարևորությունը՝ փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժը մեծացնելու համար։ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։
«Մենք քննարկեցինք, թե ինչպես ուժեղացնել Հայաստանի կայունությունը, և ես արտահայտեցի ԵՄ լիակատար հանձնառությունը՝ խորացնելու մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում»։
Դավիթ Կարապետյանը, հաշվի առնելով լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, խոսում է անվտանգության ու պաշտպանության հարցերում ընդամենը ԵՄ խաղաղապահների հնարավոր ներկայության մասին, հիշեցնելով նաև ԵՄ դիտորդների առկայությունը սահմանին՝
«Ռազմական օժանդակության կոչեր, հայտարարություններ մենք դեռ ԵՄ-ից չենք լսել և կարծում եմ՝ չենք էլ լսի։ Լավագույն դեպքում խոսք կարող է լինել խաղաղապահ ուժերի ներկայություն ապահովելու մասին, եթե իհարկե Հայաստանի իշխանությունները նման խնդրանքով դիմեն ԵՄ-ին։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ բացի խաղաղապահ առաքելությունից, նրանք այստեղ այլ ուժեր չեն ուղարկի»։
Անահիտ Փիլիպպոսյանը ուշագրավ է համարում ադրբեջանական ճնշումների ներքո ԵՄ կողմից Հայաստանին աջակցող հայտարարությունների առկայությունը՝
«Տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում հանրային ձևով ճնշում գործադրում ԵՄ վրա, որպեսզի այսչափ չամրապնդի ու չզարգացնի իր հարաբերություները Հայաստանի հետ։ Այս պայմաններում, երբ ակնհայտ ճնշում կա Բաքվի կողմից ԵՄ նկատմամբ, և գուցե առավել ճնշումներ կան նաև ներքին կարգով․․․ և նման իրավիճակում ԵՄ կողմից նոյեմբերի հայտարարությունների ուղղությամբ հետևողականությունը՝ հետաքրքրական և դրական նշան է ինձ համար»։
Բրյուսելում նաև առանձնահատուկ շեշտվեց և ողջունվեց Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալու որոշումն ու ՄՔԴ 124-րդ անդամը դառնալու փաստը։




