Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվ քննարկվող թեմաներից մեկը սահմանամերձ բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիսում և Մեղրիում պետական մի շարք կառույցների տեղափոխման մասին լուրերն էին։ Խոսքը Մեղրիում՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրիի նստավայրի, ՊԵԿ սպասարկման կենտրոնի և կադաստրի կոմիտեի գրասենյակի, իսկ Վարդենիսում անձնագրային և վիզաների վարչության գրասենյակի մասին է։ Եթե Մեղրիում կառուցվածքային փոփոխությունները հանգիստ ընդունվեցին, ապա Վարդենիսում անհագստությունների և մտավախությունների պատճառ դարձան։
Օրը Վարդենիսում լարված սկսվեց։ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով չեղարկել անձնագրային և վիզաների վարչության գրասենյակի փակումը։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաստետել էր, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել ծառայության տարածքային ստորաբաժանումների։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի անձնագրային բոլոր ծառայությունները կմիացվեն Մարտունու անձնագրային ծառայությանը։
Վարդենիսցիները կարծում են՝ այս քայլով սահմանային բնակիչների` առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:
«Անձնագրային վարչություն չի լինելու։ Եթե զինկոմիսարիատի հետ հարց լինի, այնտեղ միայն հերթապահներ կլինեն, որոնք կնիք չունեն։ Վարորդական իրավունքի ձեռք բերման համար, ժամկետը լրանալու դեպքում կրկին պիտի Մարտունի հասնենք։ Եթե պարեկը տուգանք գրի, բողոքարկելու համար պիտի գնանք Մարտունի։ Եվ այսպես բոլոր հարցերում դժվարություններ է առաջանում։ Մի կողմից թշնամու նշանառության տակ ենք, մյուս կողմից սոցիալական խնդիրներն են»։
Կառուցվածքային բարեփոխումներն ավելի որակյալ ծառայություն մատուցելու նպատակ ունեն՝ նշում են միգրացիոն ծառայությունից։ 63 տարածքային անձնագրային բաժինները օպտիմալացման արդյունքում կդառնան 47-ը։ Այնտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում։ Ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նելլի Դավթյան․
«Կտրուկ փոխում և բարձրացնում ենք քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ մենք միջնաժամկետ լուծումների ենք գնում։ Ավելացնեմ նաև, որ գնում ենք այն ուղղությամբ, որ քաղաքացու համար անձնագրային բաժին մոտենալու անհրաժեշտություն լինի մի քանի տարին մեկ»։
Ծառայությունից հերքում են նաև, որ կառուցվածքային բարեփոխումները նախատեսված են միայն սահմամամերձ բնակավայրերում։ Օրերս վարչապետի հետ հանդիպմանը ներկայացվել է օպտիմալացման քանտեզը, որի հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի և կառավարման արդյունավետությունը: Անդարադառնալով ներկայացված քարտեզին՝ Նիկոլ Փաշիյանը նշել է․
«Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ։ Չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։ ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում»:
Վարդենիսում ակցիայի մասնակիցները մի պահ բացեցին ճանապարհը երբ տեղեկացան, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստ է գալ ու լսել իրենց: Հանդիպմանը 300-ից ավելի մարդ է մասնակցել։ Մարզպետի պատասխանները, սակայն, չբավավարեցին նրանց, ճանապարհը կրկին փակվեց։
«Պատասխանել է, որ այդ շենքի տեղում հիվանդանոց է կառուցվելու, որտեղ դիարան է լինելու։ Բայց մինչ այսօր էլ մենք ունեինք դիարան։ Սահմանամերձ գյուղերում պետք է այլ ծրագրեր անել։ Կառավարությունը պետք է ճիշտ քաղաքականություն վարի, որ այս բնակավայրերը բնակեցվեն, ոչ թե դատարկվեն»։
Վարդենիսցիների և հարակից շուրջ 36 գյուղերի բնակիչների բողոքի ակցիան շուրջ 5 ժամ տևեց։ Համայնքների բնականոն կյանքը չխոչնդոտելու համար նրանք որոշեցին բացել ճանապարհը, ուշ երեկոյան հավաքվել ու հստակ ձևակերպել իրենց խդիրներն ու պահանջները։ Դրանք առաջիկայում կներկայացնեն Ազգային ժողով։




