
Հայաստանն արդեն Միջազգային քրեական դատարանի անդամ է և բավարար ապացույցների առկայության դեպքում կարող է դիմել դատարան ադրբեջանցի ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Մի բան է դատարան դիմելու մտադրությունը, այլ բան՝ բավարար և ուժեղ ապացույցների առկայությունը՝ ասում են մասնագետները։ Ո՞ր գործերը կարող են հաղթահարել Հռոմի ստատուտի շեմը։
ՀՀ-ն արդեն կարող է դիմել ՄՔԴ և գործեր հարուցել ադրբեջանցիների դեմ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշատակում է Իշխանասարի ու Ջերմուկի դեպքերը, որոնց սարսափելի տեսագրությունները տարածվեցին համացանցում։
«Փետրվարի 1-ից Հայաստանը կարող է դիմել դատախազին, որպեսզի վարույթ հարուցի։ Այս պահի դրությամբ պոտենցյալ դեպքերը, որ կարող են հարուցվել, և որոնք կարող են հաղթահարել Հռոմի ստատուտի շեմը, Իշխանասարի դեպքերն են՝ պատերազմական հանցագործությունները ՀՀ տարածքում, ոչ թե տարածքից դուրս՝ ԼՂ-ում։ Ստատուտը մենք ընդունել ենք հետադարձ ուժով։ Հետ գնալով մինչև 2021թ․-ի մայիս՝ հասնում ենք այն դեպքերին, որոնք ծավալվեցին Իշխանասարում ու Ջերմուկում։ Այսինքն՝ այս դեպքերով սկզբունքորեն կարելի է դիմել դատարան, բայց հարկ է որոշում կայացնել դիմելու համար, որովհետև դատական գործընթացներում ոչ միայն դատական որոշումն է կարևոր, այլև թե ինչ ուժգնության ապացույցներ կան մեր ձեռքում, իսկ դա գաղտնի է, գիտի միայն Քննչական կոմիտեն, որտեղ մասնագիտացված քննիչներ կան, որ զբաղվում են պատերազմական հանցագործություններով։ Այն վիդեոները, որոնք տեսել ենք, միանշանակ քննության առարկա են, բայց որքանով են այդ տեսանյութերը ապացույց, արդեն հարցի մյուս կողմն է»։
Մինչ Հայաստանը որոշում կկայացնի դատարան դիմել-չդիմելու հարցում, Բաքուն արդեն արձագանքել է Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարարի ելույթին։ Արարատ Միրզոյանը ներկաներին հիշեցրել էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին, նաև ընդգծել, որ 2023-ին վավերացնելով Հռոմի ստատուտը՝ Հայաստանն անկեղծորեն հավատում էր, որ այն մեծ ուժ ունի և կարող է վերջ տալ անպատժելիությանը։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հաջիզադեն հայտարարել է, թե Միրզոյանի ելույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը, միանալով Հռոմի ստատուտին, փորձում է օգտագործել նման կառույցներն իբր «անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանությունների համար»։
«Դե, ես չգիտեմ Ադրբեջանն ինչ խնդիրներ է տեսնում։ Փաստն այն է, որ Հայաստանը միացել է Հռոմի ստատուտին, իսկ դա նշանակում է, որ մեր դիմումը համապատասխանում է ստատուտի պահանջներին, մնում է ՔՕ և այլ օրենսգրքերում մի շարք փոփոխություններ անել, համապտասխանեցնել հանցագործության որոշ տեսակների հատկանիշները Հռոմի ստատուտի հետ, և որևէ այլ խնդիր չի լինի, իսկ թե ինչ է ասում Ադրբեջանը, դա քաղաքական գնահատական է և ոչ իրավական»։
Իրականում Հայաստանը միանալով Հռոմի ստատուտին նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։ Երևանը խոսում է նաև ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումների համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։
Արա Ղազարյանը հստակեցնում է՝ 2020թ․ 44 օրյա պատերազմի ռազմական հանցագործությունների փաստերով գործեր հարուցել հնարավոր չէ, քանի որ դրանք տեղի են ունեցել ՀՀ տարածքից դուրս։
Երբ Հայաստանը որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը և դառնալ ՄՔԴ անդամ, շեշտվում էր Ալիևին ու պատերազմական հանցագործություններ կատարած այլ անձանց պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, սական միջազգային իրավունքի մասնագետը պարզաբանում է, որ Ալիևի դեմ հնարավոր կլինի հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում։ Սակայն մենք տեսնում ենք, որ Բաքուն զգուշավոր է այդ առումով․ բավարարվում է լոկալ բախումներով իր նպատակներին հասնելու համար՝ եզրափակում է փորձագետը։




