ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երբ կյանքը սովորեցնում է չվախենալ ոչնչից․ 23-ամյա Էլինան Էջմիածնում իր բիզնեսն է սկսել

Ապրած 23 տարիների ընթացքում Էլինա Բալասանյանը շատ դժվարություններ  է տեսել,  բայց դրանցից չի կոտրվել ու չի հուսահատվել։ Կարգախոս ունի՝ միշտ առաջ նայել՝ հետևություններ անելով, սովորելով, իր ու իրեն հանդիպած մարդկանց փորձն աչքի առաջ ունենալով։ Շատ արցախցիների նման տեղահանվելով՝ այսօր Հայաստանում փորձում է նոր կյանք սկսել, ոտքի կանգնել՝ հանուն երեք տարին դեռ չբոլորած դստեր։

Էլինայի կյանքի պատմությունը շատ չի տարբերվում Արցախից տեղահանված իր հայրենակիցների կյանքի պատմությունից։ Հազարավորներից մեկն է։ Բայց եզակի է նրանով, որ  23 տարեկանում  ձեռնոց է նետում կյանքի մարտահրավերներին՝ որպես դիմակայության  ձև ընտրելով զարգանալը։ Կյանքը նրան սովորեցրել է չվախենալ ոչնչից։

«Մինչև երեխայի ծնվելն էլ վախ ասածն իմ մեջ չկար։ Վախ մի պահ առաջացրել էր այն, որ ասում էին՝ պետք է ադրբեջանցուց հետ ապրել։ Ես չէի պատրաստվում։ Չգիտեմ` արցախցու կռո տեսա՞կն է, թե՞ մայրական բնազդը, բայց ես իմ ուժերին վստահ եմ, հատկապես, որ կողքիս բարի մարդիկ կան»։

Էլինան Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղից է։

Շատ փոքր էր, երբ  ծնողներն ընտանիքի հետ տեղափոխվեցին Դահրավ, ապա` Բերդաշեն: Էլինան այնտեղ սկսեց իր ընկերությունը տատիկների հետ․ նրանց օգնում էր բանջարանոցում, լսում խորհուրդները, իսկ քաղցրավենիքի հետ նրանց  տված սերմացուն պահ էր տալիս հողին, բերք ստանում։ Գյուղական կյանքը նրա տարերքն էր․ չէր վախենում աշխատանքից, չէր տրտնջում ու քաղաք գնալ էլ չէր ձգտում։ Ստեփանակերտ, այնուամենայնիվ, տեղափոխվեց։ Ուսանելու համար։ Իսկ գյուղ վերադառնալ չհասցրեց․ սկսվեց 2020 թվականի պատերազմը։   Էլինան  ամուսնացավ, ամուսնալուծվեց։ Փոքրիկ Լուսեին մենակ է մեծացնում։ 

2023 թ․ սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, Էլինան երեխային մանկապարտեզ տանելու  համար փաստաթղթերն էր հավաքում․ մանկական պոլիկլինիկայից դուրս էր եկել և գնում էր մոտակա ֆոտոստուդիան՝ լուսանկարելու երեխային փասատթղթերի համար։  

«Երբ սկսվեց, Լուսեին մանկապարտեզի համար նկարում էին։ Երրորդ փորձի ժամանակ պայթյունը եղավ, ես շտապեցի դուրս գալ։ Կողքին Սիվիլնեթի գրասենյակն էր, մտա, լրագրող աղջիկը դողում էր, նրան էլ հետևիցս քարշ տվեցի ապաստարան»։

Էլինայի հայրը մարտադաշտում էր, նրանից ու հորեղբորից լուր չունեին մի քանի օր, քեռիները զոհվել էին։ Երբ պատերազմից հայրը վերադարձավ, փորձեց հավաքել ընտանիքը և դուրս գալ Ստեփանակերտից, բայց տեղի ունեցավ վառելիքի պահեստի չարաբաստիկ պայթյունը։  Հետ դարձանք՝ վերհիշում է Էլինան, պետք էինք։

«Սեպտեմբերի 25-ին դուրս էի գալիս, բայց երբ բենզինը պայթեց, հետ դառա, մտածեցի՝ կամավորներ են պետք։ Դեղագետ քրոջս հետ մտանք տուն՝ մաքուր սավանների հետևից, ապա դեղատներ, որոնց փեղկերն արդեն կոտրված էին։ Հիվանդանոցում սարսափելի վիճակ էր, ես ներս մտա, ու չնայած ձեռռնոցները ձեռքերիս շատ մեծ էին, հագա ու սկսեցի օգնել»։

Հաջորդ օրը՝  սեպտեմբերի 26-ին,  երբ դուրս եկան Ստեփանակերտից,  հենց քաղաքի մոտ տեղի ունեցած դեպքն էլ  կանխորոշեց,  թե ինչով է զբաղվելու այստեղ՝ բռնատեղահանվելուց հետո։

«Հավ տեսանք ճանապարհին, 3-ը սատկած էին, թողեցինք, կենդանի հավերը եղբայրս վերցրեց ու  ճանապարհվեցինք։ Ճանապարհին ուտելիք չկար, իսկ Լուսեն սոված էր։ Տեսանք՝ հավերը ձեն են հանել․ ձու էին ածել։ Կերակրեցինք երեխային,  իսկ հավերը բերեցինք մեզ հետ»։

Էջմիածնում Էլինան օրգանիկ թռչնամսի, ձվի փոքրիկ բիզնես է սկսել։  «Այս հավերը իմ երեխային  փրկեցին սովից, ես հավ եմ պահելու»,- ասում է։ Լավ մարդիկ 40 000 դրամ գումար փոխանցեցին, որն էլ  բիզնեսի հիմնադրման նախնական կապիտալը դարձավ․ գնեց 8 հավ և երկու աքլոր։

«Փոքր քայլերով առաջ գնացինք, էջ ունեցանք, պահանջարկ կա։ Հիմա տարածքը փոքր է, գյուղում տուն եմ փնտրում, գյուղ շատ եմ սիրում։»

Էլինան  այս ընթացքում հավերի թիվը հասցրել է 70-ի։ Դստեր անունով էջ  է բացել՝ վաճառքի ծավալները մեծացնելուն զուգահեռ։ Իր փոքրիկ բիզնեսն արդեն հաջողություններ ունի։ Հիմա գյուղում տուն  է փնտրում․ ծավալները մեծացնելու համար նոր տարածք է անհրաժեշտ։

Back to top button