ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ-ն պետք է նախապատրաստվի Ռուսաստանի հետ հնարավոր բազմամյա առճակատմանը․ Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է նախապատրաստվի Ռուսաստանի հետ հնարավոր բազմամյա առճակատմանը, որը կարող է տևել տասնամյակներ։ Այս մասին «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ Welt am Sonntag թերթին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։ «Սակայն մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տևել տասնամյակներ»,- ընդգծել է նա։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մեծացնել և արագացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների պատվերները։ Շուկայական տնտեսության պայմաններում, նրա կարծիքով, զենք արտադրողներին անհրաժեշտ են կնքված պայմանագրեր, որպեսզի նրանք կարողանան մեծացնել արտադրությունը:

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը պնդել է, որ եթե Ռուսաստանը հաղթած դուրս գա Ուկրաինայի հակամարտությունից, «չկան երաշխիքներ, որ ռուսական ագրեսիան չի տարածվի այլ երկրների վրա»: Լավագույն պաշտպանությունն այժմ աջակցությունն է Ուկրաինային և ներդրումները ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում, եզրափակել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ամերիկյան The Wall Street Journal թերթում տպագրված հոդվածում ասել էր, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կդիմադրեն Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի հակամարտության մեջ ներքաշելու ցանկացած փորձի։ Միաժամանակ նա նաև նշել է, որ դաշինքի երկրները պետք է ապահովեն «կոլեկտիվ պաշտպանության և անվտանգության արդյունավետությունը»։

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն փետրվարի 7-ին ասել էր, որ այժմ Եվրոպայի առաջ ծառացած ամենակարևոր խնդիրը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայի շուրջ ռազմական հակամարտությունը կանխելն է։ Նա նշել է, որ եթե այդ հնարավոր չլինի անել, ապա դա «կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ»։ Նրա սպառնալիքը «երբեք այնքան լուրջ չի եղել, որքան հիմա», — ընդգծել է նա:

Back to top button