
Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Վճռաբեկ դատարանի երկու դատավորների ընտրության հարցը խորհրդարանում ծավալվել և վերածվել է Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ քննարկման։ Բանավեճի առանցքում «Խաղաղության պայմանագրի» այն դրույթն է, որը նախօրեին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գաղտնազերծել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանում մտահոգության նոր ալիք է բարձրացրել կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի բացահայտած նոր տեղեկությունը «Խաղաղության պայմանագրին» առնչվող բանակցություններից։ Ըստ վարչապետի ՝ պայմանագրի տեքստում կա համաձայնեցված հոդված, որն արգելում է կողմերին, ներպետական օրենսդրությանը հղում անելով, չկատարել կամ խախտել Խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ սա հակասելու է Հայաստանի Մայր օրենքի արգելող նորմին՝ 116–րդ հոդվածի 3–րդ մասին, որտեղ ասվում է․ «Միջազգային պայմանագրերը, որոնք պարունակում են Սահմանադրությանը հակասող դրույթներ, չեն կարող վավերացվել»։
«Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան բացարձակապես որևէ ձևով հնարավորություն չի տալիս, որ ներպետական օրենսդրությունը ոտնակոխ անելով, խախտելով ընդունես կամ մեծամասնությամբ անցկացնես միջազգային փաստաթուղթ, հետո դա վկայակոչելով՝ ասես՝ դե գիտես ինչ կա, այլևս ամեն ինչ պարզ է։ Չի կարող այդպիսի բան լինել»։
Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունից Վահագն Ալեքսանյանը պնդում է՝ «Խաղաղության պայմանագրում» նշված կետը հիմնվում է հենց Վիեննայի Կոնվենցիայի վրա, որը վավերացրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։
«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ Խաղաղության պայմանագիրն ընդունում ենք, ու եթե սրան հակասող բան կա, օրենսդրությամբ փոխում ենք, այլ խոսքը այն մասին է, որ այս «Խաղաղության պայմանագիրը» եթե ընդունում ենք, ոչ մի կողմը չի կարող սահմանված, չգիտեմ, քանի կետ է, ենթադրենք՝ 3 կետ է, երեք կետից և ոչ մեկը խախտել՝ հղում անելով, թե իհարկե պայմանագիրը ունենք, բայց իմ օրենսդրությունն ինձ այսպիսի բան է ասում։ Խոսքը դրա մասին է և վերաբերում է երկու կողմին էլ։ Մեր Սահմանադրության փոփոխությունը պայմանավորված չէ ո՛չ Ադրբեջանի խոսույթով, ո՛չ էլ առհասարակ այն ամենով, ինչով փորձում է ընդդիմությունը ներկայացնել»։
Առավել մասնագիտորեն է հարցը մեկնաբանում ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Վկայակոչելով ՀՀ–ում միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու ընթացակարգը՝ հիմնավորում է, որ մեկ անձի ստորագրությամբ «Խաղաղության պայմանագիրը» չի կարող ուժի մեջ մտնել։
«Այն ստորագրվում է, ստորագրումից հետո ուղարկվում է ՍԴ, և այստեղ երևի թե ամենակարևոր հանգամանքներից մեկն է․ նախապես՝ մինչև վավերացնելը, մինչև դրանում ամրագրված պարտավորությունները տվյալ պետության համար ուժի մեջ մտնելը, նախապես ասում են՝ գիտեք, քաղաքական առումով մենք սա համարում ենք կարևոր, բայց մենք ստեղծել ենք ՍԴ, որը գնահատի՝ այս փաստաթուղթը այս խորհրդարանը կարո՞ղ է վավերացնել, թե՞ ոչ։ Միայն ՍԴ որոշումից հետո է հնարավոր փաստաթղթի վավերացումը։ Ընդ որում՝ և՛ Սահմանադրությունը, և՛ ՍԴ–ի մասին օրենքը, և՛ մեր կանոնակարգը մեզ արգելում են Սահմանադրությանը չհամապատասխանող փաստաթղթերի վավերացումը։ Կներեք, ոնց հասկանում եմ, մենք այդ փուլում չենք։ Մենք դեռևս խոսում ենք, նույնիսկ ստորագրում էլ չկա, պարաֆիկացիա էլ չկա, մենք խոսում ենք բանակցային գործընթացի մեջ գտնվող մի փաստաթղթի մի դրույթի մասին»։
Կոնկրետ այս հարցի վրա խիստ կենտրոնանալը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը համարում է միջազգային իրավունքից կտրվելու փորձ։
«Մեր ամենամեծ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ոչ թե հետևել միջազգային իրավունքին կամ հետամուտ լինել, որ վերջին վերափոխվի, այլ ձևավորել սեփական միջազգային իրավունքը, որը, կներեք, շատ դեպքերում որոշ անձանց մտքից դուրս որևիցե ազդեցություն չի ունենում»։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, որ պետականության և անվտանգային խնդիրների շուրջ առաջարկվող լուծումները չեն ծնվում մի աշխատասենյակում։ Վահագն Ալեքսանյանը ճիշտ չի համարում տպավորությունը, թե կառավարող կուսակցության անդամները կրկնում են վարչապետ Փաշինյանի առաջարկած թեզերը։
«Բա, ժողովրդավարական երկրում ենք, և մեր քաղաքական թեզերը չեն ծնվում Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում և միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ես չգիտեմ, հետևում եք, թե չէ, բայց մեր կուսակցությունը ներքին այնքան նիստ ու քննարկում է անում ու այնքան բանավեճ է ունենում, որ ՀՀ բոլոր կուսակցությունները, երևի անկախությունից ի վեր, կամ լավ, այդ կուսակցությունների մի մասը, այդքան չեն արել»։
Ալեքսանյանը տեղեկացնում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր էլ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ ունի, որտեղ քաղաքական ու գաղափարական հարցեր են քննարկվելու։




