«Հյուսիս- Հարավ» ծրագրում Հայաստանն ակնկալում է ֆրանսիացի գործաարների մասնակցությունը
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հայ –ֆրանսիական համաժողովի շրջանակում Երևանում էր մոտ 40 ֆրանսիական ընկերություն, հայկական կողմը ներկայացնում էր ավելի քան 180-ը: Երկու երկրների գործարարները երկու օր քննարկեցին տնտեսական համագործակցության շրջանակներն ընդլայնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում քննարկումներն ընթացան երկու հիմնական ուղղությամբ. կլոր-սեղաններից մեկի թեման առևտուրն ու ծառայություններն էին, երկրորդինը՝ ենթակառուցվածքները տրանսպորտի, հեռահաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում: Երկու քննարկումների ընթացքում էլ հայկական ու ֆրանսիական ընկերությունները նաև շնորհանդեսներով են ներկայացրել իրնեց արտադրանքն ու ծառայությունները:
Հայաստանում ընթացող ամենամասշտաբային նախագծերից մեկում՝ «Հյուսիս –Հարավ» ներդրումային ծրագրում ֆրանսիացիների ներգրավումից հայ պատասխանատուներն ակնկալում են ներդրումներ, որոնցով հնարավոր կլինի փոխարինել վարկային միջոցները: Ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սա միանգամայն հնարավոր է համարում՝ նկատի ունենալով նախ այն հանգամանքը, որ ֆրանսիական ընկերություններն արդեն ներգրավված են ծրագրում: «2010 թվականից 3.5 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել ֆրանսիական ընկերության հետ, որը նախագծային աշխատանքերի ծառայություն է տրամադրել: Արտաշատ- Երևան, Երևան –Աշտարակ, Աշտարակ- Թալին, Թալին- Գյումրի հատվածները նախագծվել են այդ ընկերության կողմից: Նրանք նախապատրաստել են նաև տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը Քաջարան-Ագարակ հատվածի համար: Ինչպես գիտեք, շինարարությունը վերջապես սկսելու ենք նաև հարավից, որպեսզի մոտենալով երկու հատվածները հատվեն»:
«Հյուսիս- հարավում» ներգրավված երկրորդ ֆրանսիական ընկերությունը «Սաֆեժն» է, որը շինարարական աշխատանքերին մասնակցում է որպես ծրագրի կառավարման խորհրդատու և տեխնիկական վերահսկող: «Սաֆեժի» հետ 6 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել: Այս երկու ընեկրությունների ներգրավումը կարող է խթանել նորերի մասնակցությունը: Իսկ ինչո՞վ կարող է մայրուղու շինարարությունը գրավիչ լինել բիզնեսի տեսանկյունից: Տարբերակներից մեկը, ըստ Արթուր Սարգսյանի, ճանապարհի սպասարկման համակարգում հանրայինի և մասնավորի համագործակցության ապահովումն է, նաև վճարովի ճանապարհների գործարկումը, որոնք աշխարհում հաջողությամբ կիրառվում են։ «Դա թույլ է տալիս լավ ճանապարհներ ունենալ, լավ պահպանել այդ ճանապարհները, բարձր մակարդակի տրանսպորտային երթևեկություն ապահովել, սակայն պարտադիր է, որ զուգահեռ գործի ալտերնատիվ ճանապարհ: Սա, կարծում եմ, կհետաքրքի ներդրողներին»։
Իսկ ահա քաղաքաշինության ոլորտում կոնկրետ երկու ծրագիր կա, որոնք, նախարար Նարեկ Սարգսյանի կարծիքով, կհետաքրքրեն ֆրանսիացի մասնագետներին: Ծրագրերից մեկը Ախթալայում ֆրանսիական թաղամասի հնարավոր վերակառուցումն է։ «Սա կարող է լինել այն հետաքրքիր հանգույցներից մեկը, որը ֆրանսիացիներին հնարավորություն կտա բացահայտել իրենց պատմության էջերը Հայաստանում: Ի վերջո՝ 1887 թվականից նրանց ինժեներն են աշխատել Ախթալայում, նրանց հնէաբաններն են ուսումնասիրություններ կատարել: Հնէաբանական խմբի ղեկավարն անգամ գրառում է արել, որ գործ ունենք մի տարածքի հետ, որն անհամեմատ հին քաղաքակրթություն ունի, քան՝ Եվրոպան: Եթե մեզ հաջողվի այս թաղամասը վերակառուցել , դարձնել տուրիստական կենտրոն, ապա այն ինժեներական փորձարարության նախագիծ կարող է դառնալ»։
Իսկ այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում Ֆրանսիան մեծ փորձառություն ունի: Երկրորդ նախագիծը հենց Ֆրանսիական հրապարակի հետ է կապվում: «Իհարկե, դա կոչվում է Ֆրասնաիական հրապարակ, բայց դրա մեծ մասը խաչմերուկն է և 3 այգու կտորները: Իսկ Թամանյանի նախագծով այդ հատվածում ամբողջությամբ այգի էր»։ Ըստ նախագծի՝ խաչմերուկը կարող է տեղափոխվել Ֆրանսիական հրապարակի տակ, իսկ հրապարակն ամբողջությամբ պետք է վերածվի այգու: Սա, ըստ Նարեկ Սարգսյանի, դեռ միայն նախագիծ է, որն առաջարկվել է ֆրանսիացի գործարարներին որպես համագործակցության հնարավոր տարբերակ: Թե ինչ արձագանք կգտնեն այս ու մյուս առաջարկները ֆրանսիական գործարար համայքնում, ցույց կտա ժամանակը։