
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Չեխիայի տեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի, ռոբոտաշինության և կիբեռնետիկայի ինստիտուտի տնօրեն Օնդրեյ Վելեկին:
Այցը ճանաչողական էր, նպատակը՝ ծանոթանալ Պոլիտեխնիկի գործունեությանը և գտնել գործակցության եզրեր։
ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, մասնագիտություններն ու կրթական քաղաքականությունը։ Կոնկրետ ուղղությունները մանրամասնեցին Պոլիտեխնիկական համալսարանի երիտասարդ գիտաշխատողները:
Կողմերը ծանոթացել են հետազոտական հետաքրքրություններին, որոնցում, ինչպես պարզվեց, մեծ ընդհանրություն կա: Մասնավորապես, արհեստական բանականություն, ռոբոտատեխնիկա, աջակցող տեխնոլոգիաներ, բժշկական ինժեներիա, սարքաշինություն:
Չեխ գործընկերոջ համար կազմակերպվել է շրջայց համալսարանի Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, որտեղ նրան ծանոթացրին Պոլիտեխնիկի ուսանողների նորարարական գաղափարներին:
Հանդիպումը սկիզբ է դնում երկու հաստատությունների միջև համագործակցության և համատեղ հետազոտությունների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հետազոտողների առցանց հանդիպում կոնկրետ թեմաների քննարկման համար:




