
2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Արաբական Միացյալ էմիրություններ՝ առանց վիզայի։
Երկու երկրների միջև կնքված երկկողմ համաձայնագրի շնորհիվ զբոսաշրջիկները կարող են մինչև 90 օր (180 օրվա ընթացքում) մնալ ԱՄԷ-ում՝ առանց մուտքի վիզայի պահանջի:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024թ. փետրվարի 1-ին։
Այսօրվանից սկսած ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։




