Վերնատուն

Արվեստի կոլեկտիվ պրակտիկաներ՝ հակադրվելով «պարտադրված առօրյային»․ «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի չորս խմբակային ցուցահանդեսներից երկրորդը՝ «Ամենօրյա պոեմներ» վերնագրով ցուցահանդեսն է, որը բացվեց Հ․ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։

Ցուցահանդեսը Եվա Խաչատրյանի և հինգ արվեստագետների միջև կարճատև համագործակցության արդյունքն է որն անդրադառնում ու դիտարկում է առօրայականությունը։ Ի՞նչ փորձառություն էր սա սկսնակ արվեստագետների համար, ինչո՞ւ անդրադառնալ առօրյային։

Մեկնաբանում են ցուցահանդեսի համադրող Եվա Խաչատրյանը և արվեստագետ Ծովինար Մանուկյանը։ Ցուցահանդեսի նպատակը սկսնակ արվեստագետներին ոլորտը առավել ճանաչելի դարձնելն է, համատեղ ու նաև համադրողի հետ աշխատանքային փորձ ձեռք բերելը, տեքստի հետ աշխատանքը և այլն։

«Կոնցեպտուալ արվեստում տեքստը հաճախ ավելի կարևոր է քան պատկերը, էս ցուցահանդեսում այս երկուսը բալանսի է բերված։ Արվեստագետների կողմից գրված տեքստերը կարևոր են, որ փորձեն հասկանալ, թե ինչ են իրենք արել։ Ստեղծագործելով արվեստագետները հաճախ չեն հասկանում ինչ են արել, ինչի մասին է իրենց գործը, դրանք կարող են շատ ինտուիտիվ լինել։ Այս դեպքում սահմանափակումներ չկային․ կար պոետիկ, էսսեյատիպ տեքստեր, չկային ստանդարտներ՝ յուրաքանչյուրն իր անհատական մոտեցմամբ», – ասում է Եվա Խաչատրյանը։

Արվեստագետ Ծովինար Մանուկյանը կարևորում է այս փորձառությունը՝ համադրողի հետ աշխատելու փորձը, ծանոթությունն ու համատեղ աշխատելու պրակտիկան, նոր նյութերի ու մոտեցումների փորձարկումը։ Ինչո՞ւ առօրյականություն։ Ժամանակակից արվեստում այն ամենաակտուալ թեմաներից է, ասում է Եվա Խաչատրյանը։

«Մարդը համակարգի մեջ ստրուկի կարգավիճակում է, հատկապես կապիտալիզմի գոյությունը սահմանափակում է ազատությունը։ Երբ դա գիտակցում ես փորձում ես քո քայլերով ինչ որ չափով հակադրվել համակարգին։ Ժամանակակից արվեստագետները փորձում են լինել ավտոնոմ՝ անկախ գործունեություն ծավալել, փորձում են ինչ որ բան անել համատեղ, համատեղ պրակտիկաներ կիրառել, այդ կերպ հակադրվելով ընդհանուր համակարգային մոտեցումներին»։

Back to top button