Վերնատուն

«Կինեմատոգրաֆիկ կատեգորիաներից դուրս»․ Փարաջանովը՝ նաև գրող․ «Վերնատուն»

«Մենք աղքատացնում ենք մեզ մտածելով միայն կինեմատոգրաֆիկ կատեգորիաներով։ Այդ պատճառով ես մշտապես ձեռքս վրձին եմ վերցնում, այդ պատճառով էլ ես ավելի մեծ հաճույքով շփվում եմ նկարիչների, կոմպոզիտորների, քան իմ մասնագիտության կոլեգաների հետ։ Իմ դիմաց բացվում է մտածողության այլ համակարգ, ընկալման այլ միջոցներ, կյանքի այլ արտացոլանքներ։ Դա ստանդարտից կազմավորված և ընտել աշխարհից հեռանալու հնարավորություններից մեկն է», – գրում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն իր «Գեղեցկությունն իմ հիվանդությունն է» էսսեում։

Արձակագիր Արամ Ավետիսի հետ բացահայտում ենք մեզ ծանոթ ստանդարտներից դուրս Փարաջանովին՝ Փարաջանով արձակագրին, սցենարիստին, գրողին։

Արամ Ավետիսն ասում է, որ Փարաջանովն այն քիչ ռեժիսորներից է, որն ամբողջովին կապված է գրականությանը։

«Եթե մենք նայենք իր ֆիլմերի սցենարները ամբողջը կարծես գրված է ոչ թե կինոյի համար, այլ հենց գրականության՝ բառի ու տեքստի համար։ Նա գրականություն է ստեղծում, ոչ թե սցենար, որը պիտի հետո ֆիլմ դառնա։ Շատերը նրան երևույթ են համարում ավելի շատ գրականության մեջ, քան կինոյում։», – ասում է Արամ Ավետիսը։

Արամ Ավետիսն ասում է, որ ռեժիսորի ողջ կինոմտածողությունը, միֆերի հանդեպ իր զգայունությունն ամբողջովին պտտվում է գրականության շուրջ։ Իսկ ինչ է միֆը, եթե ոչ գրականություն։ Մանկության, հին իրերի, հեքիաթների ու միֆերի, արևելյան միստիցիզմի հանդեպ նրա առանձնահատուկ վերաբերմունքը տեսանելի են նրա տեքստերում՝պատմվածքներում և սցենարներում։

Արամ Ավետիսն ասում է՝ Փարաջանովը քիչ բառերով պատկեր ստեղծելու վարպետ է ու հենց դա էլ պոեզիան, հետո հավելում է․ «Փարաջանովի սցենարները կարդալով ինձ համար մի բան եմ հայտնաբերել, որ նա հին միֆերը բերելով նոր աշխարհ՝ նոր միֆեր է ստեղծում և գրականությունն էլ է միֆից ստեղծվում»։

Սերգեյ Փարաջանովը, որպես գրող առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացավ «Ակտուալ արվեստ» հրատարակչության՝ « Սերգեյ Փարաջանով․ պատմվածքներ և սցենարներ» գրքով՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, գիրքն անցյալ տարի վերատպվեց՝ նոր թարգմանությունների հավելումներով։

Back to top button