ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

«Խաղաղության պայմանագի՞ր», թե՞ «Շրջանակային համաձայնագիր»․ Բաքվի մղումները` ըստ փորձագետի

Խաղաղության պայմանագրի շուրջ  բանակցությունների դժվար ընթացքը կարող է ազդել ոչ միայն փաստաթղթի բովանդակության, այլև ձևաչափի վրա։ Փորձագետներից շատերն այս փուլում չեն բացառում  շրջանակային համաձայանգիր կնքելու հնարավորությունը՝ արձանագրելով, որ այս տարբերակին է ամեն կերպ ուզում հասնել Բաքուն։ Որքանո՞վ է հավանական շրջանակային համաձայնագրի կնքումը և ի՞նչ ռիսկեր կարող է այն առաջացնել։

Ոչ թե «Խաղաղության պայմանագիր» այլ «Շրջանակային համաձայնագիր»․ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով հայ-ադրբեջանական գործընթացում արձանագրված փաստերը, հնչող ձևակերպումներն ու Ալիևի ագրեսիվ հայտարարությունները, եզրակացնում է՝ քանի որ խնդրահարույց հարցերը շատ են, կամ այլ կերպ ասած՝ քանի որ Հայաստանը չի պատրաստվում ընդունել ադրբեջանական առաջարկները, Բաքուն էլ չի ուզում «Խաղաղության պայմանագիր» կնքել։

«Քանի որ այդ փասատաթղթերը փակ են փորձագիտական շրջանակների համար, որևէ մեկը չի տեսնում, որ հասկանանք, թե այդ պայամանգիրը ինչ ուղղությամբ է գնում։ Չորրոդ տարբերակը Հայաստանը ուղարկեց, հինգերորդ տարբերակը Ադրբեջանը հետ ուղարկեց, վեցերորդ տարբերակը Հայաստանը ուղարկեց․․․ Քանի որ մենք ծանոթ չենք ոչ սեպտեմբերի 11-ին ուղարկած Ադրբեջանի տեքստին, ոչ դեկտեմբերի սկզբին ուղարկած Հայաստանի տեքստին, ոչ դեկտեմբերի 21-ին ուղարկած Ադրբեջանի տեքստին, ոչ հունվարի 4-ին ուղարկված Հայաստանի տեստին, շատ դժվար է գնահատումներ անել, թե որ փուլում են բանակցությունները։ Որքանով ես եմ պատկերացնում այդ բաց աղբյուրներից, կարծես թե հիմա Ադրբեջանն ասում է՝ եկեք բոլոր վիճահարույց հարցերը հնարավորինս հանենք, և եթե բոլոր վիճահարույց հարցերը հանենք, կստացվի վիճահարույց հարց չկա, արագ ավարտենք բանակցությունները, կնքենք այդ շրջանակաձև համաձայնագիրը, որից հետո տարիներ շարունակ պետք է բանակցենք, թե որ քարտեզներով ենք դելիմիտացա, դեմարկացիա անելու, սահմանները ինչպես են բացվելու, ադրբեջանցիները ինչպես են Հայաստանի սահմանը հատելու, հայերը ինչպես են Ադրբեջանի սահմանը հատելու, և մնացած հարցերի շուրջ»։

Օրեր առաջ, ամփոփիչ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հետընթաց արձանագրեց մի քանի ուղղություններով։ Նախ՝ արձանագրեց, որ Բաքուն հրաժարվում է բանակցություններից, ինչը հետընթաց է։ Շեշտեց Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք հարված են հասցրել խաղաղության գործընթացին, մասնավորապես նշեց, որ տարածքային ամբողջականությանը վերաբերող հայտարարություններում Ալիևը ասում է, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից, նաև պնդում է, որ պետք է նոր սահմաններ գծվեն, իսկ եթե ոչ, պետք է օգտագործվեն նախախորհրդային ինչ-որ սահմաններ։ Կապուղիների ապաշրջափակման հարցում ևս հրահանգներ են հնչեցվում, և այս ամբողջը հիմք է, ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ ասելու, որ հետընթաց կա «խաղաղության գործընթացում»։

Ադրբեջանագետ Տաթև Հայարապետյանը պայմանագրի ստորագրման հարցում անփոփոխ դիրքորոշում ունի՝ Բաքվին որևէ պայմանագիր պետք չէ, քանի դեռ կարողանում է ռազմական ուժի միջոցով հարցեր լուծել ՝

«Ամեն ինչ ցույց է տալիս հակառակը՝ Ադրբեջանի ղեկավարությունը այսօր, առավել քան երբևէ, որևէ փաստաթղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ, քանի որ ամեն անգամ մարսում է ուժի կիրառումը, էթնիկ զտումը, ագրեսիվ գործելաոճը, և այս իրողության պայմաններում ինքը չունի շահագրգռվածություն իրեն թղթերով կաշկանդելու։ Ինքը Արևմտյան գործընկերներից ու ձևաչափերից որևէ իրական սպառնալիք չի տեսնում՝ սանկցիաների տեսքով կամ այլ գործողություններով»։

Ըստ այդմ, փորձագետները նշում են, որ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է։ Այս առումով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանրապետության նկատմամբ որևէ ոտնձգություն լուրջ հետևանքներ կունենա։

Այդ հայտարարությունը Բենիամին Պողոսյանն այսպես է մեկնաբանում․ «Ի՞նչ կանի ԵՄ, եթե Ադրբեջանը նորից դիմի ռազմական ուժի։ Իմ դիտարկմամբ, եթե խոսքը սահմանափակ ռազմական գործողության մասին լինի, մի քանի ռազմավարական բարձունքներ վերցնելը, որը թույլ կտա ավելի լավ վերահսկել մեր ճանապարհները, հատկապես Սյունիքում, Վայոց Ձորում, կամ, օրինակ, Ադրբեջանը փորձի մի գյուղ վերցնել իրենց այսպես կոչված անկլավներից, ապա ես որևէ էական քայլ որևէ պետության կողմից չեմ ակնկալում՝ ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ, ոչ էլ ՌԴ կողմից։ Այդ դեպքում կլինեն հայտարարություններ, քննադատություններ, կոչեր ու հետո բոլորը դրա մասին կմոռանան։ Բայց, եթե լինի լայնածավալ ռազմական հարձակում, որի նպատակը կլինի Սյունիքի, կամ Վայոց Ձորի մի մասի օկուպացիան, ֆիզիկապես Նախիջևանի հետ կապի հաստատում և Հայաստանը երկու մասի բաժանել, օրինակ, կգնանք Եղեգնաձոր հետո կպարզվի, որ Վայքում արդեն ադրբեջանցիներն են, կամ կլինի Սյունիք՝ Հայաստանից կտրված, որը կմնա Նախիջևան, Ադրբեջան, Իրանի միջև սեղմված․․․ եթե նման լայնածավալ լինի, ապա ենթադրում են արձագանք կլինի թե ԵՄ, թե ԱՄՆ , ենթադրում եմ նաև ՌԴ, չմոռանանք, որ ռուսական զորքերը դեռ Սյունիքում են, Իրանն էլ միշտ ասում է, որ դրան դեմ է»։

Այդ դեպքում ԵՄ պատասխանը կլինի կոշտ, բայց թե ինչ կանի, ոչ ոք չի կարող ասել, կարծում է փորձագետը և հուշում ՝ հաշվի առեք, որ այդ հարցում էլ անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ 27 երկրի համաձայնությունը։

Կարդացեք նաև

Back to top button