
Ճանապարհների մոնիտորինգի և վերանորոգման համար նոր ռոբոտային հարթակը Մեծ Բրիտանիայում շուտով կանցնի իր առաջին փորձարկումները: ARRES Prevent ռոբոտը ստեղծվել է Robotiz3d ընկերության կողմից, որն իր գործունեությունը սկսել է Լիվերպուլի համալսարանում: Ճանապարհների վերանորոգման ավտոմատացված հարթակը հնարավորություն կտա շուրջօրյա որոնել և վերանորոգել ասֆալտի ճաքերը՝ կանխելով փոսերի առաջացումը:
Ճանապարհների մակերեսների որակի մոնիտորինգը և վերանորոգման ու վերականգնման աշխատանքները պահանջում են զգալի ծախսեր: Ամեն տարի ամբողջ երկրում մոտ 2 միլիոն փոս է լցվում, սակայն դա չի փրկում բրիտանացի ավտոմոբիլիստներին վատ ճանապարհների հետ կապված խնդիրներից․ նրանք ամեն տարի մինչև 2,2 միլիարդ դոլար են ծախսում իրենց մեքենաները վերանորոգելու համար:
Ճանապարհի մակերևույթի ճաքերի վերականգնումը կարող է կանխել խոնավության ներթափանցումը և օգնել խուսափել ասֆալտապատ մակերևույթների թերությունների ընդլայնումից: ARRES Eye (Autonomous Road Repair System) հարթակը մշակվել է ճանապարհի մակերեսի ճաքերը հայտնաբերելու և պահանջվող աշխատանքների ծավալը գնահատելու համար: Այն ունակ է հայտնաբերել թերությունները մինչև 95 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ։ Իսկ վերանորոգման աշխատանքների համար նախատեսված ARRES Prevent ռոբոտային համակարգը կարողանում է մեկ անցումով ճանապարհի մեկ գոտում ծածկել մինչև 3 մ երկարությամբ հատված։
Ռոբոտի օգտագործմամբ ծածկույթի ճաքերը փակելու համար հնարավոր կլինի խնայել ծախսերի մինչև 90%-ը և արագացնել աշխատանքը մինչև 70%-ով:
ARRES Prevent ռոբոտն ամբողջովին էլեկտրական է և աշխատում է մարտկոցով: Այն անցել է լայնածավալ լաբորատոր փորձարկում։ Շուտով կսկսի փորձարկվել Հերթֆորդշիրի փողոցներից մեկում, ինչը խոստանում է, որ նախագիծը զանգվածային մասշտաբի կհասնի և կկիրառվի
ճանապարհների պահպանման գործում մասնագիտացած ընկերությունների պրակտիկայում:




