
Հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության խորացման համար․այս համոզմունքն է Վրաստան կատարած այցի շրջանակում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկու երկրների վարչապետների գլխավորությամբ նախօրեին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցին, փորձագետները նկատում են՝ անկախ բոլոր հանգամանքերից՝ Վրաստանը Հայաստանի համար կարևոր և բարեկամ երկիր է։ «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանն այս տեսանկյունից է դիտարկում վարչապետ Փաշինյանի վրաստանյան այցը՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակն ու հարևան երկրների հետ բարդ հարաբերությունները։
«Վրաստանը միշտ եղել է Հայաստանի համար շատ կարևոր՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մի շարք ասպեկտներով և, բնականաբար, այդ տեսանկյունից հարաբերությունների ցանկացած խորացում, բարելավում ողջունելի է»։
Փորձագետները նկատում են, որ վարչապետ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը տեղավորվում է նաև նրա տարածաշրջանային քաղաքականության, այն է՝ տարածաշրջանում խաղաղություն կառուցելու օրակարգի տրամաբանության շրջանակներում։
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների տրանսպորտային, մշակութային, տնտեսական կապերը հզորացնելու լավագույն միջոց է: Այս հանգամանքը նախօրեին ընդգծել են թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի վարչապետները։
«Մեր երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։ Համոզված եմ, որ սա առավելագույնը չէ, և առաջիկա տարիներին ևս առևտրաշրջանառության դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ երկու երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության խորացման»։
Իրակլի Ղարիբաշվիլին առավել կարևորել է Հայաստան-Վրաստան տնտեսական ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը:
«Մենք առանց այդ էլ ռազմավարական գործընկերներ էինք, հիմա այդ ամենը պաշտոնապես ձևակերպվում է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր պատմական որոշում է, որն էլ ավելի կնպաստի մեր հարաբերություններին, կհզորացնի բարեկամությունը, գործընկերությունը»:
Վարչապետ Փաշինյանն էլ համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կյանքի կոչումը նոր որակ և բովանդակություն կհաղորդի երկու երկրների հարաբերություններին:
«Երկու երկրների հարաբերություններում առկա իրողություններով պայմանավորված նոր հնարավորություններ են ստեղծվել համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար: Այս առումով հատկանշական է, որ որոշում է կայացվել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս ձևաչափը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակին, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար»:
Թե ինչ է տալու Հայաստանին Վրաստանի հետ Ռազմավարական համագործակցության հռչակագիրը, ըստ փորձագետների, այլ խնդիր է։ Ժամանակը ցույց կտա՝ այն ավելի շատ հարաբերությունների խորացմանն ուղղվա՞ծ, թե՞ Արևմուտք-Ռուսաստան մրցապայքարի համատեքստում արված քայլ է։
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանն, օրինակ, չի բացառում, որ այն կարող է այդ մեծ գործընթացի բաղկացուցիչ մասը լինել։
«Բայց, բնականաբար, անկախ ամեն ինչից՝ հայ-վրացական հարաբերությունների խորացումը շատ կարևոր է։ Այսօր դա գործող իշխանության համար կարող է կարևոր լինել, այդ թվում նաև ենթակառուցվածքային խնդիրներից ելնելով, ինչպես նաև, բնականաբար, տեղավորվում է Փաշինյանի հայտարարած և ակտիվորեն առաջ տարվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ»։
Տրամաբանական և հասկանալի է, որ այդ նախագծում Վրաստանը մեծ դերակատարում ունի՝ եզրափակում է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավարը։




