ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենադժվարն այս իրականության մեջ ինձ գտնելն էր․ Սեդրակ Վելիկոդնի․ «Կյանքին ասել այո՛»

Վելիկոդնի ազգանունը ծագում է հայրական կողմի ուկրաինական  արմատներից։ Մայրը հայուհի է՝ ոչ պակաս յուրահատուկ Ռաշմաջյան ազգանունով։ Սեդրակ Վելիկոդնին ծնվել է 1974 թվականին Երևանում։ Արվեստում մասնագիտական ուղին սկսել է  Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնից, շարունակել  Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում ու Գեղարվեստի ինստիտուտի «Բեմադրող նկարիչ» բաժնում։ 1998-ին զորակոչվել է բանակ, ծառայել Քանաքեռի զորամասում։ Բանակից հետո իր մասնագիտությամբ աշխատել է տարբեր ընկերություններում՝ Հայաստանում  և Ռուսաստանում։ Սեդրակ Վելիկոդնին «Խաթաբալադա» ներկայացման բեմադրող նկարիչն է, որն էլ համարում է թատրում իր կարևորագույն աշխատանքը, իսկ կինոյում  բեմադրող-նկարիչ Սեդրակ Վելիկոդնու ձեռագիրը «Գարեգին Նժդեհ» ֆիլմում ենք տեսնում։  

44-օրյա պատերազմին կամավորագրված արվեստագետը  Շուշիի և Հադրութի միջակայքում գտնվող «Դժոխքի ձոր» կոչվող հատվածում էր։ Պատերազմի չջնջվող պատկերներում  առաջին հերթին ընկերներն են, ինչպես ինքն է ասում՝ բենզին լցնողից մինչև սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար՝ միավորված Դժոխքի ձորի երրորդ դասակում։ Նրանց մեջ նաև  տատուներով երիտասարդն էր,  որը ժամանակին այրել էր Վելիկոդնու ձեռք բերած՝ Պուշկինի 4 հասցեում գտնվող արվեստանոցը։

«Պատերազմից հետո ամենադժվարն այս իրականության մեջ ինձ գտնելն էր։ Չեմ կարող ասել, որ այդ օրերին ինձ օգնում էր  նկարելը։ Օգնեց այն, որ տարիքով մեծ էի, պատրանքներ չունեի։ Բայց ամենից շատ ինձ օգնեց  տղաներիս հետ շփումը»,-ասում է Սեդրակը։

Հարցազրույցում օգտագործվել են կադրեր գերմանական «Դոլչե Վելլե» լրատվական գործակալության ռուսական ծառայության պատրաստած ռեպորտաժից։

Back to top button