
Հայաստանի մարդասիրական քայլը, որը պաշտոնական Երևանը պատրաստվում է անել առաջիկա օրերին, արդեն կոշտ գնահատականի է արժանացել Բաքվի կողմից։ Այս անգամ վեճը ծավալվել է ականապատ տարածքների քարտեզների շուրջ։ Թեև Հայաստանը ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանին է փոխանցել ունեցած բոլոր քարտեզները, բայց Բաքուն օրերս կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ 8 քարտեզ առաջիկայում նորից կհանձնվի, բայց Բաքուն դժգոհ է։
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրանքով է արձագանքել Հայաստանի մարդասիրական քայլին, հայտարարելով, որ «այն չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Նախօրեին ԱԱԾ հրապարակումից հայտնի դարձավ, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։ Առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով դրանք կփոխանցվեն ադրբեջանական կողմին, իսկ կրկնօրինակները՝ միջազգային գործընկերներին: Երևանն այդ տարբերակն է ընտրել հետագա շահարկումներից խուսափելու համար՝ պարզաբանել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»։
Այսպիսի անհրաժեշտություն առաջացել է, քանի որբ 2021–ին առանց նախապայմանների Ադրբեջանին փոխանցված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյանները Բաքուն որակեց ոչ ճշգրիտ, անօգուտ և թերի։ Պնդում է, թե մինչ օրս փոխանցված քարտեզների ճշգրտությունը 25% է։
Նոր հայտարարությամբ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ակնարկում է, որ չի հավատում, թե դրանք ամբողջությամբ են տրամադրվել։ Ադրբեջանին փոխանցվող նոր քարտեզների հետ կապված հարցեր առաջացել են նաև ընդդիմության մոտ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ձևակերպում է տարակուսանքը․
«Եթե Հայաստանի իշխանությունը մինչև այդ՝ 44 օրյա պատերազմից հետո, հայտարարել էր, որ իր ձեռքի տակ են բոլոր ականապատ դաշտերի քարտեզները, ապա ինչի՞ մասին է խոսքը»։
Վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, որ 2021 թվականին Երևանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Բաքվին է փոխանցել ականապատ դաշտի բոլոր քարտեզները, որոնք եղել են հայկական կողմի տրամադրության տակ։ Բայց ԱԱԾ–ն այժմ պարզաբանում է․
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որոնց արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ»:
Պաշտոնական Երևանի քայլը, ամեն դեպքում, հասկանալի չէ ընդդիմության համար, առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչինչ չի խոստանում դրա դիմաց։
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի իշխանությունների բավականին կոշտ և սպառնալից հայտարարություններ, բայց դրա դիմաց Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում որևէ պայմաններում ստանալ, մշակել կամ հասկանալ, թե արդյո՞ք կարող են ինչ–որ այլ բանով օգնել Ադրբեջանի իշխանություններին։ Այն, որ այդ ականապատ դաշտերի մի հսկայական հատված անվերահսկելի է եղել և չկանոնակարգված, դա միանշանակ է»։
Այս հարցի պատասխանը կարելի է գտնել ԱԱԾ հաղորդագրության մեջ, որտեղ բացատրվում է, որ կառույցը գնացել է նոր տվյալների որոնման և մշակման, «ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ»։
Այս պահին Ադրբեջանի դժգոհությունը կա, չեն բացառվում նաև նոր շահարկումները, քանի որ ականների քարտեզների հետ կապված անլուծելի խնդիրներ կան, որոնց մասին խոսել է նաև Հայաստանի արտգործնախարարը․
«Տեղին է հիշել, որ հաճախ հենց այդ նույն տարածքների ականապատումը սկսվել էր 90–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից»։
«Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները այժմ հասել են մի կետի, երբ
կողմերը խոսում են փոխադարձ վստահության և երաշխիքների մասին։ Հենց այդ կոնտեքստում Երևանն ու Բաքուն փոխադարձ սահմանադրական խնդիրներ են տեսնում, փոփոխությունների գործընթացն արդեն նախաձեռնվել է, բայց այն Հայաստանի իշխանությունը ուղիղ չի կապում խաղաղության օրակարգի հետ։ Ամեն դեպքում, վերլուծաբանները Ադրբեջանի քայլերում որոշակի վարքային փոփոխություններ նկատում են։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը օրինակ է բերում․
«Որոշ փոփոխություններ ես այստեղ տեսնում եմ։ Հիմա Ադրբեջանի ղեկավարը, այո, էլի խոսում է հավելյալ երաշխիքների մասին, որ իրենց անհրաժեշտ է, որ իրենք չեն վստահում Հայաստանի անվտանգային երաշխիքներին, բայց եթե նկատել եք, հիմա սպառնալիքի ոճն է փոխվել։ Եթե նախկինում չտաք կխլենքն էր, ապա հիմա՝ չտաք, մենք էլ չենք բացի մեր սահմանները։ Սա ռազմական շանտաժից, ուժի կիրառման սպառնալիքից տնտեսական սպառնալիքի է վերածվել։ Էլ վատ բան է, բայց ըստ իս ինչ–որ պրոգրես այստեղ կա»։
Վստահության և երաշխիքների առումով ուշագրավ է նաև Իլհամ Ալիևի նախընտրական ծրագիրը։ Այնտեղ բացակայում է «միջանցքային» տրամաբանությունը և ներառված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանի ոչ կոնֆլիկտային օրակարգի ձևավորումը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և այն զարգացման տարածաշրջան դարձնելու ջանքերի շարունակականությունը։




