
Ապագա ռազմական հետախույզները, ԱԹՍ-ներ ստեղծողները, զինվորները, Հայաստանից դուրս սովորել երազողները առաջին կամ հերթական անգամ սովորեցին ուղիղ կրակել նշանակետին։ Հրաձգության աենամյա մրցույթն այս տարի նվիրված է Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպության ստեղծման 97 և Հայոց բանակի կազմավորման 32 ամյակներին։ Մրցույթի կազմակերպիչները գոհ են արդյունքներից, հաղթողների մեջ կային մասնակիցներ, որոնք առաջին անգամ էին կրակում․
«Մենք արդեն պլանավորել էինք, որ կարող ա էս քանակը չապահովենք, բայց լիքն էին, շատ էին, մեր երեխեքը շատ ջերմագին և շատ տրամադրված գալիս ու մասնակցում են էս մրցույթներին, և դա նաև ԴՕՍԱԱՖ–ի կանոնադրական նպատակներն են, ռազմահայրենասիրություն մեր երեխաների մեջ դաստիարակության համար, և էսօր Երևանի մոտ 18 դպրոց մասնակցել են և մենք ուրախանում ենք, որ տեսնում ենք լավ արդյունքներ, մենք էսօր ունենք նույնիսկ 50 միավորից 47, 48 միավոր շահողներ»։
Մրցույթի կազմակերպիչ, «ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպության» տնօրեն Էդիկ Հակոբյանն ամեն տարի անձամբ է պարգևատրում հաղթողներին։ Ասում է՝ ռազմական գործի բոլոր նվիրյալները հաղթող են՝ անկախ գրանցած արդյունքներից։ Մրցույթը կազմակերպվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում՝ ընդգրկելով 14-18 տարեկան աղջիկներին ու տղաներին։ Բազմաթիվ դպրոցներ այս տարի առաջին անգամ են մասնակցում մրցույթին։ Խրիմյան Հայրիկի անվան համար 10 հիմնական դպրոցի զինղեկն ու մասնակիցները խոստանում են՝ հաջորդ անգամ, եթե չհաղթեն, առնվազն երկրորդ տեղը կգրավեն։ Այս անգամ էլ լավ արդյունքներ են ունեցել՝ գրավել են 3-րդ և 4-րդ հորիզոնականները, քանի որ փորձ չունեին․
«Տպավորությունը առաջին անգամ մասնակցելուց հետո շատ լավ է, ու մենք խոստանում ենք՝ հետո էլ մասնակցել։ Մայիսին, եթե առաջին չէ, երկրորդ տեղը կգրավենք»։

Հայաստանի բազկամարտի չեմպիոն 17-ամյա Էդգար Վարդանյանը «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սան է, սիրում է հատկապես սպորտային մրցույթները, բայց ինչպես ինքն է ձևակերպում՝ բոլոր ապագա զինվորները պիտի լավ կրակել իմանան։ Սա նրա համար ոչ թե մրցույթ, այլ նոր բան սովորելու հնարավորություն է․
«Չէի ասի, որ մրցակիցներ են մեզ։ Ավելի շատ համարում եմ հավելյալ դասեր, պարապմունքներ, որոնցով ինչ-որ բան իմանում ենք»։
«Ապագա զինվոր» դպրոցն ամենակտիվն էր։Դպրոցը ստեղծվել է 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Նպատակը՝ 7 տարեկանից սկսած բոլոր ցանկացողներին ռազմարվեստի հմտություններին տիրապետել սովորեցնելն է։
15 ամյա Էլենը, որ տիրապետում է ադրբեջաներենին ու նաև դասավանդում է, որոշել է՝ ռազմական հետախույզ է դառնալու․

«Տղա, աղջիկ, կապ չունի, բոլորս պետք է իմանանք մեր հայրենիքը պաշտպանելու ձևը, քանի որ մենք նենց երկիր ենք, որ աղջիկն էլ պետք ա պաշտպանի հայրենիքը»։
Երեք հաղթող տղաների անունները կարդալիս Էդիկ Հակոբյանը շեշտեց՝ հաջորդ անգամ աղջիկներն են հաղթելու, եթե շարունակեն նույն ոգևորությամբ պարապել․
«Ցանկությունը առաջին անգամ մասնակցելուց հետո ավելի մեծ ա լինում, կարողա երկրորդ, երրորդից հետո ասեն լավ՝ էս մի անգամը չգնամ, բայց առաջին մասնակցողները հետաքրքրվում են՝ երբ ա հաջորդը, որ անպայման գնանք»։
Հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել մայիսի 6-7-ին՝ Անկախության տոնին ընդառաջ։ Կազմակերպիչները հիշեցնում են՝ խաղաղության պատրաստվելու լավագույն ձևը բոլոր պատերազմներին պատրաստ լինելն է։




