ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շարունակելով արհամարհել միջազգային իրավունքը․ Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է

2023-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից առևանգված Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով։ Այն, ինչում մեղադրվում են Արցախի պաշտոնյանները, անգամ քրեական իրավունքի նեղ իմաստով ահաբեկչություն չի կարելի համարել՝ նշում են իրավապաշտպանները։ Չնայած նրան, որ Եվրոպայի Խորհրդի պահանջով սովորաբար կալանքի ժամկետը սահմանվում է մինչև երկու ամիս, Ադրբեջանն արհամարում է և չի ենթարկվում այս պահանջին։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջինն էր առևանգվել Քաշաթաղի միջանցքում ադրբեջնական ապօրինի անցակետից։ Ադրբեջանում Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումների գործունեության կազմակերպման և մասնակցության, սահմանի ապօրինի հատման հոդվածներով: Չնայած նրան, որ Եվրոպայի Խորհրդի պահանջով սովորաբար կալանքի ժամկետը սահմանվում է մինչև երկու ամիս, Ադրբեջանը չի ենթարկվել այս պահանջին և չորս ամիս կալանքի ժամկետ էր սահմանել։

Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ այդ ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով։ Բայքվի այս քաղաքականությունից, կարելի է ենթադրել, որ բոլոր առևանգված պաշտոնյանների կալանավորման ժամկետները հերթով կերակարաձգվեն։ Օրերս «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կանխատեսել էր նման սցենար։ Ըստ իրավապաշտպանի՝ բեմականացված դատավարությունները նույնպես չեն ուշանա։

«Կարծում եմ, որ բոլոր 8 պաշտոնյանների նկատմամբ բեմականացված դատավարություններ լինելու են։ Եթե Ադրբեջանում չեն խորշել և նմանատիպ դատավարություններ են իրականացրել ներքաղաքական խնդիրներից ելնելով, հասկանալի է, որ չեն կարող բաց թողնել այս հնարավորությունը»։

Բաքուն կալանքի տակ է պահում նաև ԱՀ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Նրանց նույնպես ծանր մեղադրանքներ են առաջադրվել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը սա քաղաքական հետապնդում է համարում։

«Այս ամբողջը տեղավորվում է պատերազմի պրոպագանդայի մեջ։ Սրանք իրականում քաղաքական հետապնդումներ են։ Այն, ինչի մեջ մեղադրվում են նրանք, անգամ քրեական իրավունքի նեղ իմաստով ահաբեկչություն չի կարելի համարել։ Եթե մարդը պաշտպանում է իր ինքնավարությունը, անկախությունը՝ թեկուզ զենքը ձեռքին, դա հանցագործություն չէ՝ ոչ միջազգային իրավունքով, ոչ շատ երկրների ներքին իրավունքով։ Պարզապես Ադրբեջանը դա փորձում է մեկնաբանել սովորական քրեական հանցագործություն, որն այդպես չէ»։

Այն, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի, ընգծում է նաև Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանն օգտագործում է ուժի ցուցադրության նպատակով։

«Մենք կարող ենք նշել, որ չճանաչված պետությունում իրականացված գործունեության, կարծիքների, առհասարակ հայանպաստ գործելակերպի համար Ադրբեջանը պատժիչ գործողություն է իրականացնում այս պաշտոնյաների նկատմամբ։ Գործընթացները ցուցադրական են, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամկետ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը»։

Ի՞նչ լծակներ ունի Երևանը Բաքվում ապօրինի պահվող անձանց վերադարձի համար։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ շանսեր կան այս հարցում։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է՝ ամենամոտ հարթակը ՄԻԵԴ-ն է, որը կարող է ազդեցություն ունենալ, բայց ոչ ազատ արձակելու պահանջով։

«Ազատ արձակել չի կարող, բայց խախտում արձանագրել կարող է։ Վերջին գործը, որ ՄԻԵԴ-ն արձանագրեց, Կարեն Ղազարյանի գործն էր, որի շահերը ես էի ներկայացնում, կալանքի մի քանի հիմքերի խախտումներ արձանագրվեցին։ Բայց ՄԻԵԴ-ը չի կարող պահանջել, որ ազատ արձակվի։ Բացառիկ դեպքերում ՝ գուցե։ Երբ նկատում է, որ կալանավորումը, քրեական գործը շինծու է, հետևում քաղաքական հետապնդում է»։

Ադրբեջանում պահվող պաշտոնյանների իրավունքների պաշտպանության ուղղությամբ մի շարք գործընթացներ են ընթանում։ Մի մասում ներգրավված են ընտանիքների անդամները, կա միջպետական գանգատ, որի հիմնական վարողը ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն է։ Բայց միայն իրավական դաշտում սեղմ ժամկետներում հնարավոր չէ ապահովել այս անձանց ազատ արձակումը՝ նշում է Սիրանուշ Սահակյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ այստեղ մեծ քաղաքական աջակցություն, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ ճնշումներ են անհրաժեշտ։

Կարդացեք նաև

Back to top button