ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչու ուսում չեն ստանում Հայաստանի ու աշխարհի երեխաները

Երեխային դպրոցից ամենահաճախը կլիմայի փոփոխությունը, հակամարտությունները, տեղահանություններն ու համաճարակներն են կտրում․ այս եզրահանգմանը եկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ուսումնասիրելով աշխարհում կրթությունից դուրս մնացած 250 միլիոն երեխաների դեպքերը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը նշում է՝ այս թիվը շարունակում է աճել։

«Մենք ունենք 720 միլիոնից ավել մեծահասկաներ ու երիտասարդներ, որոնք անգրագետ են։ Միլիոնավոր երեխաներից մոտ 220 միլիոնը տուժել են տարբեր հակամարտություններից ու կլիմայական ճգնաժամերից։ 2020 թվականից մեծ ջրհեղեղ եղավ Պակիստանում ու մոտ 26 000 դպրոց ավերվեց։ Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում էլի ավերվեցին հազարավոր դպրոցներ, Եթովպիայում երկար տարիներ շարունակական երաշտներ են, որոնք խաթարում են այդ բնակավայրերում ապրող երեխաների կրթության իրավունքը։ Մյուս ամենամեծ աղետը, որ ամբողջ աշխարհում ականատես եղանք, Քովիդի համաճարակով պայմանավորված կրթության ընդհատումն էր»։

Հայ երեխաների կրթության իրավունքն ամենահաճախը խախտվում էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ի թիվս ամենի, իր կրթութօջախն է Արցախում թողել 17 000 երեխա։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը տեղեկացնում է, որ նրանք հավասարաչափ բաշխվել են մայրաքաղաքի ու մարզերի դպրոցներում։

«Սկզբնական փուլում հանրակրթական ոսումնական հաստատություններին հանձնարարվեց սովորողների ընդգրկումն ապահովել՝ անկախ անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունից, որից հետո տեղի ունեցավ նրանց կարիքի գնահատումը։ Ունենք նաև ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիր․ հնարավորություն տրվեց ուսուցիչներին գործուղվել ու աշխատել մարզերում գտնվող ուսումնական հաստատություններում։ Նրանց տրվեց մանկավարժական աշխատանքի 30 տոկոսի չափով լրավճար։ Սյունիքի ու Վայոց ձորի մարզում գտնվող ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքներում գտնվող դպրոցների համար բացի ախատավարձի 30 տոկոսից տրամադրվեց նաև ֆիքսված 50 000 դրամ լրավճար։ Աշխատավարձի հետ ամեն անգամ տրամադրվում է»։

Մարզեր գործուղվելու հայտ է ներկայացրել 300 ուսուցիչ, նրանցից 250-ն արդեն աշխատում են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով երեխաներին կրթօջախներ վերադարձնելը սկզբում լուրջ մարտահրավեր է եղել․

«Շատ անորոշ էր ընտանիքների վիճակը, չէին կարողանում հասկանալ՝ մնալո՞ւ են, վերադառնալո՞ւ են, որովհետև 20 թվականին արդեն մեկ անգամ եկել և վերադարձել էին և, անկեղծ եմ ուզում լինել, առաջին երկու շաբաթների ընթացքում բավականին մեծ աշխատանք պահանջվեց, որ այս երեխաները գնան դպրոց։ Մյուս խնդիրը, որին բախվեցինք, այն էր, որ այս երեխաներից ոմանք, լինելով Արցախում, բաց էին թողել կրթական որոշակի ծրագրեր և բացի նրանց սոցիալ-հոգեբանական կարիքների գնահատումից՝ անհրաժեշտ էր գնահատել, թե ինչքան էր այդ ուսումնական բացը և լրացնել այն»։

Արդյո՞ք բոլոր երեխաներն այժմ ներառված են կրթական գործընթացին՝ նախարարությունը լիարժեք ճշգրտությամբ չգիտի։ Ստալ Սարդարյանը պատմում է, որ այժմ ուղեցույցներ են մշակվում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և դպրոց վերադարձնելու գործընթացն ապահովելու համար։ Հայաստանում երեխաներին՝ կրթություն չստանալ կամ այն կիսատ թողնել դրդում են համաճարակը, պատերազմը, երբեմն էլ՝ ծնողների ցանկությունը։

Ալվարդ Պողոսյան․ «Ամեն անգամ, երբ նայում եմ վիճվարչության կողմից հրապարակված տվյալները, ծնողների մեծ մասը այն հարցին, թե ինչու երեխան ուսումը չի շարունակում, համարում է, որ երեխան սովորել է այնքան, ինչքան պետք էր։  Հանակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը մեծ չէ, երբ համեմատում ենք տարածաշրջանի այլ երկների հետ։ Օրինակ՝ Վրաստանում 2-3 անգամ մեծ է թիվը։ Բայց մոտ 70 տոկոսը այդ պատասխանն է տալիս։ Մյուս խնդրն այն է, որ երեխային կրթական համակարգը տեսնում է, եթե ինչ-որ փուլում երեխան հաճախել է դպրոց։ Եթե երեխան դպրոց չի հաճախել, կրթական համակարգում այդ երեխան տեսանելի չէ, այ էստեղ է հիմնական խնդիրը»։

Կլիմայի փոփոխություն, հակամարտություններ, տեղահանություններ կամ համաճարակ․ որն էլ լինի խնդիրը՝ կրթության ոլորտը համակարգողների խնդիրը այն չեզոքացնելն ու երեխայի կրթության իրավունքն ապահովելն է։ Կրթության օրը խնդրի հայաստանայան պատասխանատուները խոստանում են անել ամեն բան՝ աշխարհում կրթության չստացող 250 միլիոն երեխաների թիվը հայ երեխաներով չավելացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button