Վերնատուն

Հեղինակային երգի երեկոները՝ «ինքնաբուժման» վայր․ «Վերնատուն»

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու «Բարդերի ակումբի» հերթական բարեգործական համերգը, որի հասույթը ուղղվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։

Բարեգործությունը վերջին տարիներին «Բարդերի ակումբի» համերգային գործունեության առանցքում է։ Համերգին ընդառաջ՝ հեղինակ կատարողներ՝ Էդուարդ Զորիկյանը և Արեգ Նազարյանը խոսում են հեղինակային երգարվեստի ու մեր ժամանակների կապի, հոգևոր ու նյութական զարգացումների առանձնահատկությունների մասին։

«Հեղինակային երգի երեկոները համերգներ չեն, մտորումներ են, հաղորդակցման վայր են, որտեղ մարդիկ իրար փոխանցում են ամենանվիրականը․ դա բուժման և ինքնաբուժման վայր է։ Եվ հեղինակային երգի ակումբի ելույթները վաղուց բարեգործական բնույթ են կրում, որպեսզի այդ ոչ նյութական օգնությանն ու փոխօգնությանն ավելանա «ոչ փիլիսոփայական» կոնկրետ օգնությունը», – ասում է Արեգ Նազարյանը։

«Եթե մենք աշխարհի հետ համընթաց զարգանանք և փոփոխությունները լինեն առօրյա ռիթմով, հեղինակային երգը կարձագանքի ու գուցե թեմաները փոխվեն։ Ես երգեր ունեմ, որ գրել եմ խորհրդային միության տարիներին, եթե այսօր այդ երգերը հնչեն, բոլորը կմտածեն որ դրանք հենց այսօր էլ գրվել են։ Մարդկային արատները դարից դար փոխանցվում են, ստացվում է, որ հավերժական թեմաների ենք անդրադառնում։ Մարդն իր բնույթով մնում է նույնը ու չի փոխվում։ Փոխվում է ձևը, մոդան, սանրվածքը», – նկատում է Էդուարդ Զորիկյանը։

Հեղինակային երգիչները վստահ են, որ հեղինակային երգը մեր ժամանակներում յուրովի է զարգանում և չի սպառվի, քանի որ կարողանում է փոխանցել զգացմունքներ, խոսք, ուղերձ, նաև՝ հույս։

Պարզապես պետք է կանգ առնել և լսել։ «Բարդերի ակումբի» հերթական բարեգործական համերգը Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու հունվարի 26-ին, ժամը 20։00-ին։

Կարդացեք նաև

Back to top button