ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

№3․ Պատմի՛ր ՊԵԿ-ին․ բնակարանը պետությունից գաղտնի վարձով տալ էլ չի կարելի

Մարդն, իհարկե, ազատ է վարվել իրեն պատկանող գույքի հետ այնպես, ինչպես ինքն է ուզում, բայց եթե արդյունքում եկամուտ է ունենալու, ապա եկամտահարկից չպիտի խուսափի․ սա ՊԵԿ-ի մոտեցումն է, որը 2024-ից պարտադիր է դարձրել բնակարանի վարձակալությունն օրինական, հարկային դաշտի կանոններին ենթարկվելով կազմակերպելը։

«Անշարժ գույքի հետ կապված եկամուտի ստացվման վերաբերյալ հայտարարություն պետք է ներկայացնել հարկային մարմին, ընդ որում՝ այդ իրավունքի ծագմանը հաջորդող հնգօրյա ժամկետով։ Մեր քաղաքացիները կարող են մոտենալ հարկային մարմնի սպասարկման գրասենյակներ և էնտեղ ներկայացնել հայտարարությունները»,- հայտնել է ԵԿ ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Իրինա Վարդանյանը։

Այս գործողությունները չկատարելով՝ առանց պայմանագրի և ՊԵԿ-ին հայտարարություն ներկայացնելու բնակարանը վարձակալության տալը քաղաքացիների վրա թանկ կնստի․ առաջին անգամ բացահայտվելու դեպքում կլինի տուգանք՝ անշարժ գույքի շուկայական արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան կես միլիոն դրամը, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 միլիոն դրամը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան հայտնել էր, որ ՊԵԿ-ը քաղաքացիների հայտարարություններին կսպասի մինչև փետրվար։

«Մենք դա չենք խրախուսում, բայց դուք կարող եք ներկայացնել հայտարարություն, որ ունեք փաստացի վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի ներկայացնել ձեր տարեկան եկամուտների հայտարարագիրը և վճարել հարկերը։ Սա հատկապես կիրառելի է այն դեպքերում, երբ, օրինակ, հնարավոր չի կադաստրում գրանցում անել, որովհետև ժամով կամ օրով են տալիս որոշակի տարածքներ վարձակալության։ Մենք այդ հնարավորությունը տվել ենք, և արդեն ունենք 5000 քաղաքացի, ովքեր արձագանքել են և ներկայացրել են հայտարարություն դեկտեմբեր ամսվա և հունվարի առաջին օրերի, որ իրենք ունեն վարձակալալկան հարաբերութունններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր»։

ՊԵԿ-ը հաստատակամ է և փետրվարից սկսելու է ստուգումները։ Սակայն անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը նշում է՝ լավ արդյունքներ չեն լինի, քանի դեռ նախնական ծանոթություն- աշխատանքը լավ չի արվել․

«Իրականում իրազեկման բավականին մեծ արշավ կար։ Հիմնական շեշտը դրված էր նրա վրա, որ կտուգանքվենք։ Եվ էն մարդիկ են գնացել, ովքեր անհանգստացել են, չեն ուզել վաղն անախորժ քաշքշուկի մեջ ընկնեն, տուգանքներ վճարեն։ Բայց դա ամբողջ ծավալը չէր։ Բիզնեսի տեսանկյունից ասեմ, երբ բիզնեսմենը նոր պրոդուկտ է հանում, մտածում է՝ ոնց վաճառի էդ միտքը կամ իրը շահառուին։ Հիմա նույն կերպ պետությունը պրոադուկտ է հանել, բայց ինքը պիտի վաճառի էդ միտքը, չէ՞, պետք է էն կերպ մատուցի շահառուներին, որ մարդիկ էդ գումարները վաղը վճարելուց նաև հասկանան՝ ինչի համար են վճարում»։

Իսկ շահեր, Հարությունովի խոսքով, ունեն բոլոր կողմերը։ Պետությունը՝ տնտեսության մի ճյուղն էլ ստվերից կհանի, վարձակալն ու վարձատուն՝ հստակ սահմանված իրավունքներ ու պարտականություններ ու կայուն համագործակցություն կունենան։

«Շատ են դեպքերը, երբ վարձակալը փչացնում է վարձատուի գույքը, բայց վարձատուն չի գնում բողոքելու կամ իրավական գործընթացի, որովհետև մտածում է, որ իրեն էլ կարող է հարցնեն՝ բա ինչի դու մինչև հիմա հարկ չես վճարել։ Մյուս կողմից էլ, օրինակ, վարձակալն ունի գործող պայմանագիր, բայց ֆիքսված չի հարկայինում և վարձատուն գալիս է իրեն հանում է տնից, ասում՝ գիտես ինչ կա, լիքը ռուս է եկել, վաղվանից կա՛մ վարձը թանկանում է, կա՛մ դուրս արի տնից»։

Քաղաքացին գործունեության մասին ՊԵԿ-ին պատմելուց հետո պետությանը եկամուտի 10 տոկոսի չափով հարկ կվճարի։ Մինչ այդ կետին հասնելը որոշ վճարներումներ կատարելու անհրաժեշտություն ևս առաջանում է՝ կախված անշարժ գույքի կարգավիճակից, բանկի, կադաստրի հետ «հարաբերություններից», բնակարանի համասեփականատերերի քանակից։ Անշարժ գույքի գործակալության տնօրենն ընդունում է՝ սա ոչ այնքան հաճելի, բայց անհրաժեշտ անհարմարություն է։ Ասում է՝ քաղաքացին իրազեկվելու դեպքում կհասկանա, որ սրանցից խուսափելով կամ պետությանը խափելով իրեն է վնասում․

«Էդ կոնցեպտը կա աշխարհի բոլոր երկրներում, երբ մարդն ասում է՝ իմ բարեկամին եմ տվել։ Բայց երբ ես իմ տունը հանձնում եմ Պողոսին, և Պողոսին ասում եմ՝ կասես ես քո բարեկամն եմ, մարդիկ էնպիսինն են, որ եթե մի տարի իրար հետ պրոբլեմ չունեցան՝ երկրորդ տարվա մեջ կունենան թե՛ վարձի պահով, թե՛ գույքին բարեխիղճ կամ ոչ բարեխիղճ վերաբերվելու պահով։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանալու վաղը էդ վարձակալի վրա ազդեմ, քանի որ ինքը կարա ինձ մատնի, գնա ասի՝ էս մարդը երկու տարի հարկ չի վճարել»։

Այս գաղափարները, սակայն, անշարժ գույք վարձակալության տվողների և վարձակալների հետ ամենահաճախը շփվող մարդկանց կարծիքով, քաղաքացիներին չի փոխանցվել։ Հետևաբար նրանք չեն շտապում գնահատել պետության խիստ քաղաքականության օգուտը։

Կարդացեք նաև

Back to top button