ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր ճանապարհը կկապի Իսակովի և Արշակունյաց պողոտաները․ շինարարությունը կարժենա 60 միլիոն եվրո, կավարտվի 2027-ին

Երևանը 3 տարի հետո նոր ավտոճանապարհ, իսկ 4 տարի հետո մետրոյի նոր կայարան կունենա։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը վավերացրել է Ասիական զարգացման բանկի հետ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի վարկային համաձայնագիրը, ըստ որի 60 միլիոն 90 հազար եվրո կհատկացվի Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող նոր ճանապարհ կառուցելու համար։ Նախատեսվող մայրուղին Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը կլինի։ Հանրային ներդրումների կոմիտեում էլ առաջիկայում կքննարկվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ արդեն այս տարի կսկսեն մայրաքաղաքի ստորգետնյա տրանսպորտի նոր կայարանը կառուցել։

Երևանը 2027–ին նոր՝ շուրջ 2 կմ երկարություն ու 6 երթևեկելի գոտի ունեցող ճանապարհ կունենա։ 60 միլիոն 90 հազար եվրո արժողությամբ ճանապարհը իրար կկապի Իսակովի ու Արշակունյաց պողոտաները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մանրամասնում է՝ նախատեսվող ճանապարհը Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը կլինի։

«Նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են․ աշխատանքները ներառելու են Իսակովի վրա անհրաժեշտ թևերի կառուցումը, որով կապահովվի մուտքը նորագյուղ թաղամաս։ Հրազդան գետի վրա կկառուցվի երկաթբետոնե հեծաններով կամուրջ, իսկ Արշակունյաց պողոտայում կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց՝ թունելային անցմամբ»,– մանրամասնում է Ղալեչյանը։

Նոր ճանապարհահատվածի կառուցումը նախատեսում են ավարտել 2027թ։ Այս ճանապարհը առաջին հերթին կբեռնաթափի «Հաղթանակ» կամուրջը, բացի այդ կարևոր նշանակություն կունենա նաև տարածքի զարգացման համար՝ ընդգծում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս ճանապարհի կառուցումը նաև շատ կարևոր է մեկ այլ նախագծի տեսանկյունից․ դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքներ ենք իրականացնում»։

Ներդրումային կոմիտեի վերջին նիստում գործադիրը քննարկել է նաև Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագիծը։ Առայժմ նախագիծն ուսումնասիրման փուլում է, փորձում են գտնել խճուղիները իրար միացնելու ամենաօպտիմալ տարբերակը։ Նույն կոմիտեում առաջիկայում կքննարկվի նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը։ Ավինյանն արձանագրում է՝ 4 տարի հետո երևանյան մետրոն նոր կայարան կունենա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, և փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաև համալիր փորձաքննությունն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը, և այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել»,– ասում է Ավինյանը:

Քաղաքը բեռնաթափելուն ու երթևեկությունը կանոնակարգելուն զուգահեռ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է երկու նախագծի մասին, որոնք իրականացնելու համար արդեն հանձնարարականներ է տվել։

«Նախագծերից մեկը Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է․ ընդ որում, հնարավորինս մինիմալ միջամտությամբ, և մյուս նախագիծը, որը սրա հետ դառնում Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ, Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է։ Մենք, իհարկե, Երևանի բնապահպանական խնդիրներին շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք, քանի որ դուք էլ, մենք էլ արձանագրում են,ք որ կանաչ գոտիների հետ կապված մենք մեծ խնդիրներ ունենք և դրանք պետք է լուծենք»։

Այս պահին Երևանի քաղաքապետարանը Դալմայի այգիների շուրջ 250 հեկտար տարածքում տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է իրականացնում՝ արձագանքում է քաղաքապետ Ավինյանը։ Մայրաքաղաքին այս հարցում օգնում է Արաբական Միացյալ Էմիրությունների՝ այգիներ նախագծող հայտնի ընկերություններից  մեկը։

Կարդացեք նաև

Back to top button