
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը, և առհասարակ կրթության ոլորտում տեղի ունեցող ամեն ինչի համապատասխանությունը՝ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:
ՄԻՊ աշխատակազմի կողմից լինում են նաև մշտադիտարկման հայտարարված և չհայտարարված այցեր, որոնց ժամանակ բացահայտված դեպքերը շատ օբյեկտիվ են։
Կրթությունից դուրս մնալու հետևանքով երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը Հայաստանում կրում է համակարգային բնույթ։
Երեխայի կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են՝ վատ սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը և այլն։
Ցավոք, կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալներ առկա չեն:
«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ–տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի սոցիալ–տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Սյուզաննա Սարգսյանը։




