Վերնատուն

Հեքիաթը իրականությունից չի կտրում, այն ստեղծում է վաղվա իրականությունը․ «Վերնատուն»

Հեքիաթագիր, անիմացիոն ռեժիսոր, պրոդյուսեր Արմինե Անդան խոսում է հեքիաթների ու միֆերի ներկայության կարևորության մասին։ Ասում է լավագույն հեքիաթը տարիքային սահմանափակում չունի․ այն միաժամանակ մի բան պատմում է փոքրին, մի ուրիշ բան՝ մեծին։

«Մենք չենք կարող ասել, որ երևակայությունը իրականություն չէ և իրականությունից հեռու է։ Այն անտեսանելի է և գուցե, վաղվա իրականությունն է։ Եթե մենք այսօր ունենք այսպիսի իրականություն, դա մեր երեկվա երևակայության արդյունքն է, իսկ թե ինչպիսին կլինի վաղվա իրականությունը դա էլ մեր այսօրվա երևակայության արդյունքը կլինի։ Հեքիաթը իրականությունից չի կտրում, հեքիաթը ստեղծում է վաղվա իրականությունը», – ասում է Արմինե Անդան։

Արմինե Անդան նշում է, որ պատերազմից հետո հատկապես, ամբողջովին վերադարձավ հեքիաթի ժանրին։ Գտնում է, որ հիմա երազանքի, երևակայության, դրա միջոցով լավագույնը գտնելու և ստեղծելու ժամանակն է։ Իր ստեղծագործություններում հեքիաթի ներկայությունը կարևոր է և պարտադիր։

«Իմ ժանրը հեքիաթն է և՛ գրականության մեջ և՛ անիմացիայում», – ասում է նա։ 2023 թվականն Արմինե Անդան ամփոփեց «Գաղտնիքների գիշերը» Սուրբ Ծնունդի և Ամանորի մասին պատմող նկարազարդ հեքիաթով։

Ձմեռային հեքիաթներն ասում է մանկության ուժեղ հիշողություններ են։ Այստեղ փերիները տոնածառը զարդարում են իրենց գաղտնիքներով, որ առնչվում են տիեզերական օրենքներին, գիտությանը, մարդկային հարաբերություններին՝ ընկերություն, համերաշխություն, միասնականություն։

Նախորդ տարվա երկրորդ կարևոր ձեռքբերումը «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի մարտին և արդեն 9 մրցանակ ունի և ինչպես հեղինակն է ասում մասնակցության հրավեր է ստացել շուրջ 46 միջազգային կինոփառատոններից։ Իսկ առաջիկայում պատրաստվում է մասնակցել Փարիզի անիմացիոն ֆիլմերի փառատոնին։

«Աշխարհը ոչ միայն հեքիաթի կարիք ունի, այլ կան երկրներ, որոնք լուրջ ստրատեգիաներ ունեն իրենց երկրներում զարգացնելու մանկական գրականությունն ու հեքիաթի ժանրը։ Մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ անպայման պիտի ունենանք մեր հեքիաթները և հեքիաթներից սովորելու ճանապարհները», – ասում է Արմինե Անդան։

Back to top button