
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2023 թվականին 10 տնտեսվարողների մոտ լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների վրա 1 ամսով «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» մակագրությամբ 19 ցուցանակ է փակցրել: Շուկայում որակական վերահսկողության նպատակով 2023 թվականին հավատարմագրվել է թանկարժեք մետաղների լաբորատորիա, 2024 թվականին էլ նախատեսվում է ձեռք բերել և հավատարմագրել խաղալիքների լաբորատոր սարքավորումներ։ Ներկայացնելով անցած տարվա աշխատանքները՝ տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է, որ միայն 2023 թվականին 32 ոլորտներում կատարված 694 ստուգումներից 71 տոկոսում խախտումներ են հայտնաբերվել։
Խաղալիքներից մինչև գազաբենզալցակայաներ, կոսմկետիկայից մինչև ծխախոտ, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքից մինչև թանկարժեք մետաղներ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի խոշորացույցի տակ են։ Վիճակագրությունը հուշում է, որ ստուգումների մեծամասնության դեպքում խախտումներ են արձանագրվում։ Միայն 2023 թվականին կատարված 694 ստուգումների 71 տոկոսում խախտումներ են հայտնաբերվել, տուգանքների գումարային չափը կազմել է ավելի քանի 207 մլն դրամ, ամփոփելով տարեկան աշխատանքները հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Բողոքներ են ստացվել նաև քաղաքացիներից։

41 բողոքից 16-ը վերաբերել են ծխախոտային արտադրանքին, ծխախոտի բաց ցուցադրությանը։ Աշխատանքներ ենք տանում օրենսդրական խստացումների ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ իրականացնել վերահսկողությունը։ 14 դիմում-բողոք հեղուկ գազի թերլիցքավորման ոլորտում ենք ունեցել, 3-ը բենզինի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների և տեխկանոնակարգերի պահանջների չկատարման /սերտիֆիկատներ/ 3 բողոք։
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով տեսչական մարմինը նոր լիազորություն ունի. թերլցման դեպք հայտնաբերելու դեպքում մեկ ամսով «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ է փակցնում։ Նաև տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների արդյունքների մասին տեղեկություն պարունակող QR կոդեր:
QR կոդեր են լինելու փակցված, և քաղաքացիները ցանկացած պահի կարող են մոտենալ, սքանավորել կոդերը և տեղեկանալ նախկինում ունեցած ստուգումների, խախտումների, արդյուքների մասին։ Թվով 10 տնտեսվարող սուբյեկտների մոտ լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների վրա 1 ամսով փակցրել ենք «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» թվով 19 ցուցանակ:
Նախորդ տարվա համեմատ այս ոլորտում խախտումները նվազել են։ Տեսչական մարմնի ղեկավարն այս միտումը տգուգանքի չափի հետ է կապում։ Եթե նախկինում դրա համար նախատեսված էր 100-300 հազար դրամ տուգանք, ապա ներկա կարգավորմամբ տնտեսվարողը կարող է տուգանվել ընդհուպ մինչև 10 մլն դրամ։ Ըստ Կոտոլյանի՝ տնտեսվարողն այժմ նման քայլ անելուց առաջ արդեն կմտածի։
Բոլոր տնտեսվարողներին ստիպել ենք, որ իրենց մոտ 10 լիտրանոց չափիչ անոթներ ունենան։ Այսինքն՝ ցանկացած քաղաքացի, ով մեքենն ուզում է լիցքավորել, կարող է պահանջել , որ տնտեսվարողն առաջինը լիցքավորի չափանոթի մեջ, դուք որպես քաղաքացի համոզվեք, որ որևիցե խախտում չկա, նոր լիցքավորեք ձեր ավտոմեքենան։ Դա էլ հանրային վերահսկողության գործիք է։
ՇՎՏՄ-ն 2023 թվականին ձեռք է բերել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի չափանոթներ, բարձր ճնշման բնական գազի բալոններ և համապատասխան կշեռքներ, հեղուկացված ածխաջրածնային գազերի փորձանմուշ վերցնելու, ինչպես նաև քաշը որոշող համապատասխան սարքեր, որոնք արդեն իսկ ստուգաչափվել են: Այս չափման միջոցների կիրառման արդյունքում նվազել են ստուգումների իրականացման ժամկետները: Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հավատարմագրվել են թանկարժեք մետաղների և նավթամթերքի լաբորատորիաները: Բացի այդ, նախատեսվում է 2024 թվականին ձեռք բերել խաղալիքների ստուգման լաբորատոր սարքավորումներ և հավատարմագրել նաև գործող լաբորատորիան: Իսկ ստուգման արդյունքները ցույց են տալիս, որ մեծ անելիք կա խաղալիքների ոլորտում։ Միայն 2023 թվականին 42 ստուգում է իրականացվել, 81 տոկոսում խախտումներ են արձանագրվել, հայտնեց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը։
Համապատասխանության գնահատման փաստաթղթերի և հայերեն մակնշման բացակայության խնդիր ունենք։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի իրոք սպառողն իմանա՝ տվյալ տնտեսվարող սուբյեկտի ներմուծած ապրանքը համապատասխանում էլաբորատոր ցուցանիշներին։
Քանի որ խաղալիքների վաճառքը մեծ տարածում ունի հատկապես առցանց տիրույթում, իսկ առցանց շուկան վերահսկելը այնքան էլ հեշտ չէ, տեսչական մարմինը այս տարվանից սկսելու է համագործակցել ՊԵԿ Մաքսային ծառայության հետ։ Եթե Հայաստան մտնող բոլոր խաղալիքների անվտանգության սերտիֆիկատները ներմուծելիս ստուգվեն, տեսչական մարմնի ղեկավարը համոզված է՝ մյուս օղակներում իրենց աշխատանքը զգալի կթեթևանա։




