ԿարևորՀասարակություն

Այսուհետ ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն (բսփ) ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։

Մինչ այս ֆունկցիոնալության գնահատում անցնում էին 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝

  • Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է դիմի իրեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (պոլիկլինիկա)։
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահության համակարգում կձևավորի ուղեգիր և քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի կլինեն ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում։
  • Այնուհետև քաղաքացին կարող է ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում առցանց մուտքագրել դիմում կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
  • Դիմումը մուտքագրելուց հետո էլեկտրոնային համակարգը ինքնաշխատ՝ պատահականության սկզբունքով, կձևավորի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով։
  • Հանձնաժողովում ընդգրկված կլինեն ոչ միայն բժշկական, այլև հարբժշկական ծառայություններ մատուցող անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներ։ Հաշմանդամության խմբերի և հաշմանդամ երեխա կարգավիճակի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր և խորը։
  • Գնահատող բազմամասնագիտական հանձնաժողովը կմշակի նաև ծառայությունների անհատական ծրագիրը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով կձևավորվի ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը։
  • Քաղաքացին փաստաթղթերին կարող է ծանոթանալ ինչպես իր էլեկտրոնային հասցեին ծանուցման եղանակով, այնպես էլ դիմելով Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն։

Կարդացեք նաև

Back to top button