
Այս պահին Ադրբեջանում այդ երկրի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը պատանդառվել են սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների ժամանակ՝ Հանրային հեռուստատեսության հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Վերջինի խոսքով՝ նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Քյարամյանն անդրաադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետ կապված դատական գործերին, սեպտեմբերի 19-20 ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։ Մանրամասները՝ Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ը 223 զոհ է տվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ ՔԿ-ի նախագահի խոսքով՝ զոհերի զվում 5 անչապահաս կա։ Քյարամյանը նշել է, որ արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, որոնց մասով կան փորձաքննության եզրակացություններ։
«ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»։
Արցախի՝ շուրջ 120 հազար բնակչության տեղահանման ժամանակ ևս մահվան դեմքեր են արձանագրվել՝ 70-ից ավելի մարդ է մահացել տարբեր պատճառներով։ Քյարամյանն ընգծում է, որ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախցիների բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակում:
«Սա ինչու եմ հատուկ ընդգծում, որովհետև շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել Հ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է։ Մենք հստակ պիտի արձանագրենք, որ ՔԿ-ն այս հարցերին անդրադառնում է քրեական վարույթի շրջանակներում՝ բացառապես էթնիկ զտման և ԼՂ-ի մեր բնակիչների բռնի տեղահանման համատեքստում»։
Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ ՔԿ-ի նախագահի խոսքով՝ նրանցից 17-ը գերեվարվել են 2023 թ.-ի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
«Մենք ունենք նաև 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների։ 22 անձի վերաբերյալ կա նաև ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է»։
2023-ի դեպտեմբերի 13-ին տևական դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակում տեղի ունեցավ։ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 ռազմագերիների, Երևանն էլ Բաքվին փոխանցեց ադրբեջանցի 2 դիվերսանտների։ Եթե Հայաստանը գերիների վերադարձը դիտարկեց հումանիտար դաշտում, ապա Ադրբեջանը հերթական քաղաքական խնդիրը լուծեց։ Բաքվի հեռահար նպատակն այս անգամ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2024 թվականի 29-րդ համաժողովը Ադրբեջանում անցկացնելն էր։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Ադրբեջանն առանց քաղաքական դրդապատճառների որևէ քայլ չի ձեռնարկում, Հայաստանն այս հարցում բավարար նախաձեռնողական չէ։
«Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին ու ընդունեց այն խաղի կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում հանգուցալուծված հարցերի հետ։ Օրինակ՝ կարող է լինել ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում, բնակչության ազատում որոշակի տարածքներից»։
Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություններին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դրանք շուտ չեն սկսվի, բայց անկասկած կլինեն։ Շինծու և ցուցադրական դատավարությունների պակաս չի զգացվի՝ ասում է իրավապաշտպանը։
«Կարծում եմ՝ մյուս հայերի դատավարությունները կավարտվեն, նոր կթևակոխի այս կարևոր ցուցադրական դատավարության փուլը: Դրա համար ես կանխատեսում եմ, որ դա տեղի կունենա 6 ամսից ոչ շուտ: Ինչ վերաբերում է իրավական պաշտպանությանը, ապա դա կազմակերպել Ադրբեջանում չլիցենզավորված փաստաբանի միջոցով, ուղղակի անհնար է, ուստի միակ հնարավորությունը, որ ունեն ընտանիքները, ադրբեջանական փաստաբանների միջոցով պաշտպանություն իրականացնելն է»:
44-օրյա պատերազմի հետ կապված ՔԿ-ն դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ արդյունավետ քննություն ապահովելու տեսանկյունից վարույթները բաժանել են ըստ ուղղությունների՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի, 1-ին բանակային կորոպուստի ուղղություններ, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի հետ կապված խնդիրներ։
«Այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- ասել է Քյարամյանը՝ նպատակահարմար չհամարելով նշել կոնկրետ ուղղությունը։




