ԿարևորՀասարակություն

Ե՞րբ Հայաստանի քաղաքացիներն ի վերջո կենսաչափական անձնագրեր կունենան

Ե՞րբ Հայաստանի քաղաքացիներն ի վերջո կենսաչափական անձնագրեր կունենան․ հարցը չունի հստակ պատասխան ու ժամկետ․ Հստակ է միայն, որ այս տարվա նից Հայաստանի քաղաքացիների անձնագրերում ելքի կնիքն այլևս պարտադիր չէ։ Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը, և այդ հարցում կենսաչափական անձնագիրն ունի շատ էական նշանակություն։

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյա տեղեկացնում է՝  մրցույթին կարող են մասնակցել բոլոր մասնավոր ընկերությունները։

«Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերն ու պատկերացումները, որը գնահատող հանձնաժողովը կգնահատի, և արդեն դրանից հետո պայմանագիր կկնքվի»։

Մրցույթի հաղթողը դառնալու է թվային համակարգի ստեղծողը և օպերատորը։   Կենսաչափական տվյալների պահպանումը կմնա պետության ներքո։ Երբ քաղաքացին բիոմետրիկ տվյալները կտրամադրի, դրա ամբողջ կառավարումը և սեփականատերը լինելու է կառավարությունը, որպեսզի անձնական տվյալներն անվտանգ լինեն։

Արդեն  6 տարի  Հայաստանի կառավարությունն աշխատում է կենսաչափական անձնագրերի  համակարգը արդիականացնելու և լեհական ընկերությանը փոխարինող գտնելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը  բացատրում է՝ այս տարիների ընթացքում որոշում է կայացվել հիմնովին փոխել համակարգը և արտապատվիրակել հանրային մասնավոր սեկտորին։

Դեռ 2017թ․ ավարտվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող լեհական ընկերության հետ Հայաստանի կնքած պայմանագրի ժամկետը․ «Առաջարկում ենք այս նախագծով հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր մինչև համակարգի ամբողջական արդիականացումը և ներդրումը»։

Այդպես էլ արվեց․ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր են տարամդրում։

Ծրագրի համաձայն՝ պետությունը մասնավորին կարտապատվիրակի կենսաչափական անձնագրերի արտադրական և ծառայությունների մատուցման գործընթացը, իսկ պետական մարմինները կիրականացնեն վերահսկողությունը՝ մանրամասնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։  

Գործադիրում խոստանում են, որ  2025 թվականին Հայաստանում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ, որով հնարավոր կլինի բնակչությանը թվային ծառայություններ մատուցել:   Մինչև նոր կենսաչափական անձնագրեր տրամադրելը, կիրառվում են  կապույտ, առանց բիոմետրիկ կրիչի անձնագրերը։  Անձնագրային և վիզաների վաչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը «Ռադիոլուրի հետ զրույցում ընդգծում է  նախկինում 300 հազարից ավելի կենսաչափական անձնագրեր են տրամադրվել քաղաքացիներին, որոնց տվյալները անձնագրային համակարգի բազայում են գտնվում։ Ուստի նոր համակարգը պետք է նախկինում գործողի շարունակությունը դառնա։

«Պետք է հին խորագրի հետ նորը սինխրոնացվի, իսկ այդ ծրագրային աշխատանքները մեծ բարդություն են ներկայացնում և պետությունը պետք է սահուն անցում կատարի դրան»։

տարբերություն կառավարության՝ անձնագրային և վիզաների վաչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը այդքան էլ լավատես չէ։ Ըստ նրա՝ կենսաչափական անձնագրերի դրամադրումը դեռ կուշանա։

Կարդացեք նաև

Back to top button