Վերնատուն

Ինչպիսին ենք մենք և ուր ենք գնում արդի հարցերը՝ «Դիմադրություն» վեպում․ «Վերնատուն»

Արամ Տեր- Սահակյանի «Դիմադրություն» վեպ-մտորումը, մեր ժամանակի հասարակական կարևոր խնդիրների մասին է՝ հումանիտար մտքի ճգնաժամի, պատմության թերի գիտելիքների, ինքնության, անկախության ու պետականության մասին մեր ընկալումների։

Հեղինակն ասում է, որ այս թեմաների մասին խոսելու կամ գրելու գաղափարն ու անհրաժեշտությունը ծագել է խճճված իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք։

«Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» գոյաբանական հարցերը դեռ ուսանողական տարիներից է հետաքրքրել հեղինակին, երբ ինքնակրթությամբ էր զբաղվում։

Հասուն տարիքում այս հարցերը վերախմբագրվել, դարձել են «ինչպիսին ենք մենք և ուր ենք գնում», որոնք այսօր ավելի քան արդիական են։

Խոսելով վերնագրի ընտրության մասին Արամ Տեր-Սահակյանը նշում է, որ կյանքն ընկալում է որպես դիմադրություն, քանի որ դիմադրության բաղադրիչը մեծ տեղ է գրավում մեր կյանքում․ երբ ծնվում ենք՝ դիմադրում ենք մահվանը, իսկ հետո դիմադրում բոլորին և ամեն ինչին։

Գրքում խորհրդային ժամանակին անդրադարձները բավականին շատ են, հեղինակն ասում է որ խորհրդային միության մասին խոսելով՝ խոսում է մոտալուտ անցյալի մասին, որի ազդեցությունը մենք հիմա դեռ կրում ենք։

«Ինչու եմ ես շատ խոսում սովետի մասին, ես ուզում եմ մեր պատմության մեջ ներմուծել շարունակականության սկզբունքը, որը մենք չունենք։ Ուզում եմ, որ հասկանանք, որ ապրում ենք պոստսովետական իրականության մեջ և շատ հարցեր, խնդիրներ կամ բնավորության գծեր, մենք ժառանգել ենք սովետ միությունից։ Ես չեմ նկարագրում սովետական միությունը, այլ վերլուծում եմ այն։ Սովետական մարդը լավ չի պատկերացնում ինքն ինչ երկրում է ապրել», – ասում է Արամ Տեր-Սահակյանը։

Հեղինակը նշում է, որ չնայած մեր պատկառելի հասակին, դեռ չենք ձևակերպել մեր հարցերը, ասում է բոլոր պրոբլեմները լուծելի են, եթե հարցերը ճիշտ են ձևակերպված, դա է պատճառը, որ անհասկանալի ենք մնում աշխարհին և ինքներս մեզ համար։

«Օրինակ ինչո՞ւ է մեզ պետք պետություն։ Կարո՞ղ ենք այդ հարցին պատասխանել, կարծում եմ շատերը չեն կարող։ Ինքս էլ նույնիսկ չեմ կարող։ Այսօրվա մեր խճճված կյանքը խոսում է մեր ներսում հայի հակասական կերպարի մասին, քանի որ արտաքին կյանքը ձևավորվում է կյանքի մասին մեր ներքին պատկերացումներից»։

Արամ Տեր-Սահակյանը հավելում է, որ չենք հասկանում Վանո Սիրադեղյանի խոսքերը, որ «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»։ Իսկ մանրամասն սիրելու համար պիտի ճանաչենք, ճանաչելու համար՝ պիտի ջանք գործադրել, ինչը մենք չենք սիրում անել։ «Ես համարում եմ, որ այս գրքով, այն խնդիրը, որ իմ առջև դրել եմ, կատարել եմ։ Գեղարվեստական գրքի տարբերակով փորձել եմ ավելի դյուրին դարձնել հրապարակախոսությունը»։

Back to top button