
Չնայած կոռուպցիոն աղմկահարույց դեպքերի մասին հաղորդվող տեղեկությունների առատությանը՝ Հայաստանի վարչապետը վերջերս դժգոհել էր, որ հեղափոխությունից հետո հանրության ամենամեծ ակնկալիքներն առնչվում էին արդարության ու կոռուպցիայի վերացմանը, և դրանք մինչ այժմ իրականացված չեն։ Գնահատականը, ըստ էության, կիսում է նաև գլխավոր դատախազը՝ պատճառաբանելով, թե իրավական գործընթացի որոշ փուլերում իրավապահները բավականաչափ թափանցիկ և հասկանալի չեն եղել։ Հենց այդ պատճառով էլ սկսել են ավելի բաց խոսել կոռուպցիոն բնույթի տարբեր բացահայտումների մասին։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձել է մի հարցի, որը պետք է ներառվի գործադիրի՝ հաջորդ տարվա առաջին՝ հունվարի 4-ին տեղի ունենալիք նիստում։ Խոսքն աղմկահարույց գործերից մեկով արձանագրված արդյունքի մասին է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին այս տարվա փետրվարի 7-ի գլխավոր դատախազի միջնորդագրով ներկայացված մեղադրանքներով նոր զարգացում կարձանագրվի 2024–ին՝ կառավարության առաջին իսկ նիստում։ Գլխավոր դատախազությունը մեղադրում է պաշտպանության նախկին նախարարին, մասնավորապես 2005 թվականի որոշումներով օրենքի խախտմամբ զորամասերի տարածքների ապօրինի օտարման համար։ Քրեական գործով նոր զարգացումն առայժմ վերաբերում է մեկ դրվագին՝ տեղեկացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«2023 թվականի սեպտեմբերի 11–ին դատավարության մասնակիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան։ Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ –2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ–ին»։
Նշված գույքի փոխանցումը Պետական գույքի կոմիտեին տեղի կունենա հենց հունվարին։ Ուշագրավ է, որ այս մեղադրանքների ներկայացման ժամանակ՝ այս տարվա փետրվարին , ԱԺ–ում պաշտպանության նախկին նախարարը չէր ընդունում մեղադրանքները և հայտարարում․
«Երկար ժամանակ է խոսում են դրա մասին, հետևաբար պահը ընտրել են շեղելու այն իրավիճակից, որ տիրում է Հայաստանում։ Այսօրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգության, սահմանների պաշտպանության, Արցախի խնդիրներով, հիմա փորձում են այս տեղեկությամբ ուշադրությունը շեղել։ Կարծում եմ, սա հերթական շոուն է, ես շատ հանգիստ եմ ընդունում»։
Սեյրան Օհանյանի անվան հետ կապվող մյուս անօրինական գործարքի՝ «Երասխ-1» զորամասի տարածքի օտարման վերաբերյալ գործը դեռևս դատաքննության փուլում է, տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։ Այսպես ասենք տպավորիչ հայցապահանջով մեկ այլ գործ էլ քննվում է «Ապօրինի գույքի բռնագանձման» վարույթի շրջանակներում։
Ընդհանուր առմամբ 90–ից ավելի հայցեր են ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում վարույթի շրջանակներում։ Հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը։ Բայց սա վերջնական գումարը չէ, քանի որ ոչ բոլոր գույքերն են, որոնց շուկայական արժեքը գնահատված է։ Հայցերի թիվը և ընդհանուր հայցագինը աճելու միտում ունի, քանի որ 2021 թվականին սկսված ուսումնասիրությունների եռամյա ժամկետը լրանում է 2024 թվականին։ Հայցագների չափն այնպիսին է, որ, գլխավոր դատախազի բնութագրմամբ, դրանք կարելի է աղմկահարույց համարել։ Սակայն, փաստացի ոչ մի աղմկահարույց գործ մինչ այս պահը այդպես էլ ավարտին չի հասել դատարաններում։ Օրինակներից մեկը թերևս ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առնչվող գործն է, որի քննությունը սկսվել է դեռ 2020 թվականին։ Դատախազությունը այս հարցում հստակ գործելու որոշում ունի։ Վերջերս դատախազությունը միջնորդություն ներկայացրեց իրավունքի չարաշահման հիմքով՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով։ Թեև դատարանը մերժեց հայցը, բայց դատախազությունը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։
«14 դատական նիստ է տեղի ունեցել վերջին 8 ամիսների ընթացքում։ 12 դատական նիստը չի կայացել Գագիկ Խաչատուրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ։ Մեզ համար անհասկանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի առողջությունը վատթարանում է նիստից մեկ օր առաջ։ Մինչ այդ, ամբողջ ընթացքում չի եղել որևէ տվյալ, որ Գագիկ Խաչատրյանը օրինակ, ստացիոնար բուժման մեջ է գտնվել»։
Գագիկ Խաչատրյանի որդիները նույնպես դատաիրավական ոլորտի ուշադրության կենտրոնում են։ Դեկտեմբերին մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է և ուղարկել դատարան։ Մեղադրանքի ամենամեծ կտորը վերաբերում է մոտավորապես 115 միլիոն դոլարի փողերի լվացման գործին։
Ապօրինի ծագում ունեցող գույքին առնչվող գործերում առհասարակ զգալի դերակատարում ունեն նախկին պաշտոնյաների ընտանիքների անդամները։ Դեռ քննվող գործերից դատախազը մեկ այլ օրինակ է բերում․
«Քոչարյան ընտանիքին վերաբերող հայցը։ Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով, հիմնական գործառնությունները իրականացվել են Սեդրակ Քոչարյանի միջոցով, քանի որ Սեդրակ Քոչարյանն այն անձն է, որը, ըստ իրենց պնդման՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեության, հիմնական անհանգստությունը, որ մենք ունեցել ենք և անվստահությունը, որը վարկածի շուրջ մեզ մոտ ձևավորվել է ի՞նչն է, որ 19 տարեկանում անձը սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում արդեն շատ մեծ ծավալի ֆինանսական հոսքեր է ունեցել և մեծ ծավալի գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։ Կարծում եմ, որ դռնբաց դատական նիստը ցույց կտա՝ անձը տաղանդավոր բիզնեսմեն է, թե՞ մենք գործ ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի հետ»։
Արդեն գրեթե հստակ է և դատախազությունը հրապարակում է հասցեներ, որտեղ տեղակայված շենքերը կվերադարձվեն պետությանը։ Հրապարակվում են Աբովյան 8, Աբովյան 10, Պուշկինի 2, Բուզանդի 50 հասցեները․ դրանք բոլորը կապ ունեն գործարար Սամվել Մայրապետյանի հետ, որն ի թիվս գործունեության տարբեր ուղղությունների զբաղվում էր նաև շինարարությամբ։




