ԿարևորՀասարակություն

Հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք. ԿԳՄՍ նախարար

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նորաստեղծ դասագրքերին և դրանց շուրջ ծավալվող քննադատություններին։ Հատկապես բուռն քննարկումներ են ընթանում «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ։ Նախարարը հայտնել է, որ դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր մասնագիտական դիտարկումները հաշվի են առնվել և ուղարկվել մասնակգիտական անկախ փորձաքննության։ Նաև հաշվի առնելով, որ բոլոր դասագրքերն առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակների հետ պայմանավորվել են, որ կապի մեջ լինեն, դիտարկեն բոլոր խնդիրները և լուծեն դրանք 2-րդ կիսամյակում։

Նախարարությունում «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հնչած կարծիքները, դասագրքի հեղինակի կողմից այդ կարծիքների վերաբերյալ արձագանքը կփաստաթղթավորվեն ու կուղարկվեն երրորդ՝ անկախ կարծիք ստանալու։ Ավելին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ հանդիպել և խոսել է բոլոր այն մասնագետների հետ, որոնք դասագրքի վերաբերյալ մասնագիտական ասելիք են ունեցել: 

«Ունենալու ենք մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, այդ դիտարկումներին դասագրքի հեղինակի արձագանքը: Ունենք պայմանավորվածություն, որ այդ ամփոփաթերթը հասանելի կդառնա բոլորին, որպեսզի բոլորը տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել առկա դիտարկումներին: Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ կարծիքի, որպեսզի ունենա մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին։ էմոցիաները երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը»։

«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին պատմության մասնագետներից բացի նաև եկեղեցին է դեմ արտահայտվել՝ կոչ անելով հետ կանչել այն դպրոցներից: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի խոսքով՝ խնդրահարույց է հատկապես այն, որ նոր չափորոշչով նախատեսված եկեղեցուն վերաբերող փոքրաթիվ թեմաներն անգամ դասագրքում պատշաճ ներկայացված չեն․

«Դասագիրքը պետք է գրված լինի ծրագրի հիման վրա։ Եթե դուք բացեք այս դասագիրքը և կարդաք, կտեսնեք, որ նախատեսված-հաստատված թեմաներով կամ նյութեր չկան, կամ եղած կցկտուր տեղեկություններն էլ սխալ են»։

Նախարարությունում ծանոթ են բոլոր առարկություններին, բայց նախընտրում են վերջնական եզրակացությունը թողնել անկախ փորձագետներին։

«Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է»:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առհասարակ բոլոր դասագրքերն առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ։ Հեղինակների հետ պայմանավորվել են անընդհատ կապի մեջ լինել և հավաքագրել բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացվում են։ Անհրաժեշտ լրամշակումները 2-րդ կիսամյակում պետք է արված լինեն:

«Կան նոր դասագրքեր, նոր դասագրքերը, ըստ էության, անցնում են փորձարկում, որի ընթացքում ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային պրոցես է»։ 

Դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի, հավաստիացրեց նախարարը։ Ինչ վերաբերում է դասագրքերում ծրագրով նախատեսված որոշ նյութերի բացակայությանը, կամ անհամապատասխանությանը, Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ ուսուցիչները չափից դուրս շատ են կառչած դասագրքին ու դա էլ մեկ այլ խնդիր է։

«Լավ կրթությունն այն է, երբ կարողանում ես օգտագործել տարբեր նյութեր: Սա նաև տարբեր նյութերից օգտվելու հմտություն է զարգացնում, այդ տեղեկատվությունը համադրելու, եզրակացության գալու: Մենք շատ ենք կառչած դասագրքից, մեզ թվում է, որ եթե դասագրքում գրված է Ա կամ Բ, դրանով ամբողջ դպրոցի հարցը որոշվում է, այդպես չէ: Մենք կարող ենք մի առարկայի համար ունենալ մի քանի դասագիրք, և ուսուցիչը որոշի օգտագործել բացի դասագրքից ևս 4-5 տարբեր նյութ»:

Ինչ վերաբերում է 12-րդ դասարանին, մենք դեռևս այս դասարնների համար չունենք նոր դասագրքեր, հայտարարված են մրցույթներ մյուս տարվա ապրիլին դրանք կբացվեն այն դասարանների համար, որտեղ նոր չափորոշիչը մուտք կգործի հաջորդ տարվա սեպտեմբերից, ասաց նախարարը՝ հավելելով, որ այս տարի անցնում են ուսումնական նյութերով, ոչ թե դասագրքերով:

Կարդացեք նաև

Back to top button