
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի իրավապաշտպաններն ու ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի քանի անդամների, ծանոթացել կալանքի պայմաններին, անգամ նրանց ծանրոցներ փոխանցել։
Խոսքն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է: Այս հաղորդագրությունը հայ իրավապաշտպանները քաղաքական շոուի դրվագ են համարում և պնդում՝ Ադրբեջանում պահվող արցախցիները քաղաքական բանտարկյալներ են։
Միշտ վերապահումով վերաբերվել անազատության մեջ գտնվող անձի խոսքերին, առավել ևս, երբ նա թշնամու բանտում է՝ խոսելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մասին՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և տարակուսում՝ ըստ այդ տեղեկատվության՝ Բաքվի կալանավայրում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները պահվում են, այսպես ասած, իդեալականին մոտ պայմաններում։
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ այցելել են Արցախի կալանավորված նախկին ղեկավարներին: Նպատակ են ունեցել իբր ստուգելու կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։ Նա նշել է, թե կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, ասել են, թե իրենց պարբերաբար զբոսանքի են դուրս բերում, թե նրանց հնարավորություն է տրվում օգտվել գրադարանից ու մարզասրահից և որ ամեն շաբաթ կապ հաստատում ընտանիքի անդամների հետ։
«Նախ՝ արդյոք այդ ամենը ճիշտ է, և երկրորդ՝ կարևոր է, որ ապահովվի հեռախոսային կապը հարազատների հետ, դա նվազագույնն է, ինչ պահանջվում է կալանավորված անձի համար։ Նաև հիշենք, որ նրանք գտնվում են խափանման միջոց կալանքի տակ, իսկ խափանման միջոց կալանքը աշխատում է քննության մեկ կամ երկու ամսում, հետո կարող է փոխվել։ Եվ ամենակարևոր հարցն այն է, թե վերահսկողության ինչպիսի աստիճան է գործում։ Գուցե այդ ամենը իմիտացիա է, նրանց շարժը վերահսկվում է 24 ժամ և վերահսկվում է գաղտնի միջոցներով, գուցե նրանք գտնվում են շատ մեծ հոգեբանական և ֆիզիկական ճնշման տակ։ Սրանք հարցեր են, որոնք պարզվում են, երբ անձը հայտնվում է ազատության մեջ»։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները։
Քաղաքագետ Արա Պողոսյանը այս ամենում քաղաքական շոուի հստակ տարրեր է տեսնում, կատարվածը համարում Բաքվի հեռահար նպատակների իրականացման համար նախադրյալների ապահովմանն ուղղված քայլ։ Հիշեցնում է գերիներին փոխանակման ծուրջ համաձայնությունը, ինչը նույնպես, նրա գնահատմամբ, վստահություն շահելուն էր միտված։
«Այս փուլում Բաքվի կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ բանակցությունները տեղափոխի լավագույն դեպքում երկկողմ դաշտ, եթե դա չստացվի, տարածաշրջանային որևէ ձևաչափ։ Հիմա, ըստ էության, Ադրբեջանը փորձ է անում ցույց տալ կառուցողականություն։ Ադրբեջանի նպատակն է որոշակիորեն մեղմել լարվածությունը, որով պայմանավորված կփորձի ռազմագերիներին, Արցախի նախկին ղեկավարությանը որոշակի դրական վերաբերմունք ցուցադրելով՝ հասնել իր նպատակներին, նրանց օգտագործել որպես քաղաքական գործիք, քաղաքական զենք Հայաստանի հետ հարաբերություններում»։
Բաքուն կալանքի տակ է պահում արցախցի 8 պաշտոնյաների՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել։
Ադրբեջանցի իրավապաշտպանների տարածած հաղորդագրությունն աննախադեպ է, քանի որ աննախադեպ է իրավիճակը, երբ որևէ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություն գերի է վերցվում թշնամու կողմից՝ արձանագրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Կատարվածը նա պայմանավորում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշմամբ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նույնպես տեսնում է այդ գործոնի ազդեցությունը։
«Ինչքան կալանքը երկարաձգվում է, այնքան ճնշումը մեծանալու է, նման կալանավորները ի վերջո քաղբանտարկյալներ են, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն երկիր, որ քաղբանտարկյալ է պահում նրա վրա ճնշումը մեծանում է։ Տեսեք Նավալնիի օրինակը, ընդամենը 10 օր նրանից տեղեկություն չկար արդեն CNN սկսեց գրել և ՌԴ իշխանությունները նահանջեցին ու հայտնեցին, որ այսինչ տեղում է գտնվում և փաստաբանը այցելեց նրան։ Բայց քաղաքական բանտարկյալ պահելը երկրում շատ բարդ բան է ընդհանրապես, քանի որ երկիրը հայտնվում է միջազգային ճնշման տակ։ Իմ համար Արցախի բոլոր ղեկավարները քաղբանտարկյալներ են, քանի որ մեղադրանքները համոզիչ չեն, քողարկված քաղաքական օրակարգ է սա»։
Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի պահանջով սովորաբար կալանքի ժամկետը սահմանվում է մինչև երկու ամիս, սակայն Ադրբեջանը չի ենթարկվում այս պահանջին և չորս ամիս կալանքի ժամկետ է սահմանել։ Եթե Բաքուն շարունակաբար կալանքի տակ պահի արցախցիներին, ապա, ըստ փորձագետի կստացվի, որ կալանքը պատժի դեր է կատարում, ինչը ևս ցուցիչ է, որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ։




