ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մտահոգություններ ու սպասելիքներ․ Շահրամանյանի հայտարարությունը ալեկոծել է քաղաքական դաշտը

Հայաստանի ներքաղաքական դաշտում ոչ միանշանակ, որոշ դեպքերում նաև սուր է ընդունվել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի նախօրեին արված հայտարարությունը: Հասարակական հիմունքներով աշխատող Արցախի պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա հանձնարարել էր շարունակել աշխատել և գույքագրել բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները:

Արցախի նախագահի աղմկահարույց հայտարարությունը վերաբերում է 2024-ի հունվարի 1-ից ԱՀ-ը լուծարելու մասին իր հրամանագրին: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղոդրագրության համաձայն, հանդիպման ժամանակ Շահրամանն ընդգծել է․ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»:

Փաստացի, սա Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը չեղարկել է նշանակում:

Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը չի կարող ունենալ իրավական ուժ. այս հայտարարությունը որքան պարզ է առաջին հայացքից, այդքան էլ բարդ՝ տողատակերի բովանդակության առումով: ԱՀ-ը լուծարելու հրամանագրի չեղարկման մասին Արցախի տարբեր շրջանակներից, տարբեր մակարդակներով ակնարկել էին մի քանի անգամ, սակայն, այսպես ասած, «X օրվանից»՝ 2024-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ Արցախի նախագահը հայտարարեց հանրապետությունը լուծարելու իր որոշման առ ոչինչ լինելու մասին:

Սա նշանակում է, որ Արցախի պետականությունը լուծարված չէ, բայց Արցախը հայաթափված է, կառավարման ինստիտուտները՝ տեղափոխված Երևան:

Դատելով արձագանքների տեղատարափից, հասկանալի է դառնում, որ սա անընդունելի է համարում Հայաստանի իշխանական համակարգը:

«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա, Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա, Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա».

Սոցցանցում գրված այս տողերի հեղինակը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նույնպես շտապել են արձագանքել Սամվել Շահրամանյանի՝ նախօրեին արված հայտարարություններին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում առկա տրամադրությունները փոխանցում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից: Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»։

Այս արձագանքներից ակնհայտ է, որ Ադրբեջանը, ըստ պաշտոնական Երևանի տրամաբանության, կգնահատի դա որպես իր տարածքային ամբողջության դեմ հավակնություն և ըստ այդմ կհիմնավորի իր հավակնությունները Հայաստանի հանդեպ, կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ հիշեցնելով, սակայն, որ խաղաղության օրակարգին զուգահեռ, դե ֆակտո, Հայաստանի հանդեպ հավակնություններ Ադրբեջանը նույնպես ներկայացնում է: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակում վերլուծաբանը առաջարկում է դիտարկել Շահրամանյանի հայտարարության մի քանի ուղղություն:

«Սա անհրաժեշտություն է, եթե մենք դիտարկում ենք Արցախի, արցախցիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և խնդիրը ընդհանրապես, եթե չենք հրաժարվում այդ խնդրից: Ըստ այդմ՝ պետք է մտածել, թե ինչպես պետք է կազմակերպվի այդ աշխատանքը և դրա համար առաջին հերթին պատասխանատու են արցախյան էլիտաները: Ընդհանրապես, Արցախի հետ կատարվող ցանկացած բանի համար առաջին հերթին պատասխանատու են արցախյան էլիտաները: Սա պետք է լինի աքսիոմատիկ ճշմարտության պես մի բան: Հայաստանում տեղի ունեցողի համար պատասխանատու են Հայաստանի էլիտաները և այդպես շարունակ: Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ դրա տակ ակնկալվում է՝ պետք է լինի պատկերացում՝ ինչպե՞ս է արցախյան էլիտան կազմակերպում արցախցիների իրավունքների պաշտպանության հետագա աշխատանքը: Սա լինելու է շատ ծանր, բարդ, տևական, համբերություն, միտք պահանջող աշխատանք, բայց անկասկած է, որ դա անհրաժեշտություն է, և այս տեսանկյունից արցախյան հարցը փակված չէ և չի լինելու այնքան, քանի դեռ ընդհանրապես բաց է աշխարհակարգի հարցը»:

Սա ասելով, վերլուծաբանը նաև Կոսովոյի օրինակն է բերում, որը 2008 թվականից կարծես կարգավորված հարց էր համարվում, բայց մի քանի ամիս առաջ մեկ կայծը բավարար էր, որ նոր կոնֆլիկտ առաջանա այնտեղ: Այս առումով Բադալյանը կարևորում է իրավունքների հարցերով հետևողական աշխատանքը:

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը առանձնացնում է մի քանի շերտ: Եթե հայտարարությունն արվել է ինչ-որ քողարկված նպատակներով, դրա արձագանքը կոշտ է.

«Նախ՝ այդ մինչև վերջ գնացողները, մի քիչ հարց է առաջանում՝  ինչո՞ւ մինչև վերջ չգնացին, եկել են Երևանում անվտանգ ապահով նստել են, Երևանից են խոսում մինչև վերջ գնալու մասին: Այս հարցը միշտ կա՝ պատասխանատվություն-իրավունք հարաբերակցության հարց է, երբ մարդկանց թվում է, որ իրենք ունեն միայն իրավունքը, բայց չունեն պատասխանատվությունը: Կարող են կոչ անել՝ մինչև վերջ գբնալ, բայց պարզվում է՝ այդ մինչև վերջին պատասխանատուն իրենք չեն: Արցախը, որը կար մեր հասարակության ընկալման մեջ, այլևս չկա՝ Արցախում հայեր չեն ապրում, Արցախը հայկական չէ այլևս, Արցախը գտնվում է Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո»:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը այլ իրողություններից ելնելով է վերլուծում իրավիճակը: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար Սամվել Շահրամանյանի հայտարարությունը կանխատեսելի էր, անգամ չէր անդրադառնա այդ հարցին, եթե չհամարեր, որ իր ձևակերպմամբ՝ «քարոզչամեքենան հարձակման է անցել»:

Պատգամավորը, սոցցանցում ներկայացնելով իր դիրքորոշումը, համոզված է, որ իշխանության /մեջբերում/ «հիասթափությունը նրանում է, որ Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է, իսկ դա նշանակում է, որ արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա»:

Այն, որ Արցախի հարցը փակված չէ, նշում է նաև քաղաքագետ Արեգ Քոչինյանը, բայց հստակեցնելով՝ ասածը այս պահի մասին չէ:

«Ես կարծում եմ, որ կգա ժամանակ, որ այս թեմայով հնարավոր կլինի խոսել: Չգիտեմ, ճիշտն ասած, դա կլինի ուժային ձևաչափով, թե դա կլինի խաղաղության ձևաչափով, թե դա կլինի համագործակցային ձևաչափով, բայց ես կարծում եմ՝ այս թեմային մենք դեռ կվերադառնանք: Բայց կարևոր է արձանագրել, որ այս փուլում, այս պահի դրությամբ մեր առաջնահերթությունը պետք է լինի 3 բան: Առաջինը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում, երկրորդը՝ ժամանակ և աշխատանք ուժային բալանսի վերականգնման ուղղությամբ: Սա է երկարաժամկետ խաղաղության գրավականը: Որևէ թուղթ ինքն իրենով մեզ խաղաղության, կարգավորման չի հասցնելու: Եվ երրորդը՝ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է կարողանա որոշակի համակեցության բանաձև գտնի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեզանից արևմուտք և արևելք ապրում է թյուրքական էթնիկ տարրը, որը այստեղից չի գնալու, և մենք էլ այստեղից չենք գնալու: Ուրեմն մեր երկարաժամկետ խնդիրը պետք է լինի այդ տարրի հետ որոշակի համակեցության համակարգ ձևավորելը»:

Վերադառնալով արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Շահրամանյանի հայտարարության իրական նպատակը հենց դա է։ Նա գտնում է, որ Արցախի քաղաքական և տնտեսական էլիտաները պետք է լրջորեն խորհեն նոր իրողության պայմաններում ինքնակազմակերպման և արցախահայության իրավունքների պաշտպանության ռազմավարության ու մարտավարության շուրջ: Պաշտոնական Երևանն այդ ընթացքում, ենթադրում է, պետք է աջակցի առավելագույնը, բայց դա անի ոչ պաշտոնապես, լուռ՝ առնվազն խուսափելով որևէ հայտարարությունից, թե Արրցախի պետական կառույցների հայաստանյան գործունեությունը վտանգավոր է Հայաստանի համար: Բադալյանի կարծիքով՝ ներկայիս իրողությունների պարագայում, Հայաստանի պետական ներգրավվածությունը հազիվ թե լինի Արցախի հարցի համար արդյունավետ, փոխարենը կարող է առաջացնել հավելյալ կաշկանդող գործոններ և հանգամանքներ:

Կարդացեք նաև

Back to top button