
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ԱՄՆ «Bridged» ընկերության կողմից ստեղծված «HealthLink Global»-ի ներկայացուցիչներ Անի Քեշիշյանին և Էլիզաբեթ Սարգիսյանին, որոնք արմատներով գյումրեցի են և Հայաստանում են Գյումրիում ակտիվ գործունեություն ծավալելու ծրագրերով:
Անի Քեշիշյանը ներկայացրել է այցի նպատակը, որն առնչություն ունի զբոսաշրջության հետ․ նախատեսում են Գյումրիում մեկնարկել ու զարգացնել բժշկական զբոսաշրջությունը:



Ինչպես նշում է Անի Քեշիշյանը՝ «HealthLink Global»-ի առաքելությունն է դառնալ թվային բժշկական զբոսաշրջության առաջատար շուկա՝ ամբողջ աշխարհում. «Մենք նորարար հարթակ ենք, որը նվիրված է անխափան, միանգամյա լուծում առաջարկելու այն անհատներին, ովքեր փնտրում են ծախսարդյունավետ, բարձրորակ բժշկական օգնություն Հայաստանում, իսկ Գյումրին լինելու է այդ ծրագրի կարևոր ուղղություններից մեկը: Մեր տեսլականում ունենք նպատակներ, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, մատուցել ծառայություններ միջազգային ստանդարտներին համապատասխան: Նախատեսում ենք բժշկական ծառայություններ մատուցելն պլաստիկ վիրաբուժության և ատամնաբուժության ոլորտներում: Վրաստանում այդ փորձը կա, մենք էլ ցանկանում ենք դա տեղայնացնել Հայաստանում և, մասնավորապես, Գյումրիում՝ համագործակցելով թե՛ Հայաստանի լավագույն, և՛ թե արտասահմանյան հեղինակավոր բժիշկների հետ: Ծրագրի իրականացման գործում իրենց լուրջ դերակատարությունն են ունենալու Սփյուռքի մեր հայրենակիցները, նախատեսում ենք համագործակցել ՀՀ կառավարության, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի և սփյուռքի նախարարությունների հետ»,-ավելացրել է Ա.Քեշիշյանը:
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել աջակցելու՝ ունեցած հնարավորությունների շրջանակներում:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել ու քննարկել ծրագրին առնչվող մանրամասներ:




