
Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Երկուշաբթի ժամը 23.59-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Լինսիա Հուի ինքնավար պրեֆեկտուրայի Ջիշիշան-Բաոան-Դոնգսյան-Սալար ինքնավար շրջանում:
Հեռուստատեսության թարմացված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Գանսու նահանգում զոհվել է 113 մարդ, Ցինհայ նահանգում՝ 31 մարդ, ևս երեք մարդ անհայտ կորած է համարվում։
Ֆինանսների նախարարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը 200 միլիոն յուան (մոտ 28 միլիոն դոլար) են հատկացրել Գանսու և Ցինհայ նահանգներին՝ աղետների հետևանքով տուժածների համար։
Երեքշաբթի օրը Չինաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուժեղացված, երկրորդ մակարդակի երկրաշարժերի արձագանքման ռեժիմ է սահմանել։ Որոնողափրկարարական աշխատանքներին և երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներում ներգրավված են բանակն ու ոստիկանությունը։




