ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստան–ՀԱՊԿ ապահարզան դեռ չի լինի

Հայաստանը չգնաց Մոսկվա ՀԱՊԿ միջոցառմանը, բայց ՀԱՊԿ ներկայացուցիչը գալիս է Երևան։ Թեև կառույցում ակնհայտ է շահերի բախումն ու լարվածությունը, բայց կողմերը դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Հակառակը՝ նշվում է, որ գործընկերային հարաբերությունները դեռ պահպանվում են։ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում կառույցի միջոցառումներին, բայց տեղեկացրել է՝ պատրաստ է դիտարկել տարբեր ձևաչափերում ընդունված որոշումներին միանալու հարցը։ ՀԱՊԿ ԽՎ  մոսկովյան աշխատանքներին զուգահեռ Հայաստանի վարչապետը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադարձել է նաև ՀԱՊԿ–ի և Մոսկվայի հետ հարաբերությունների թեմային։

Մոսկովյան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը գալիս է Երևան։ Կառույցի հետ ունեցած սկզբունքային խնդիրների պատճառով Հայաստանը բաց թողեց ՀԱՊԿ հերթական հավաքը։ Երևանում Տասմագամբետովը պատրաստվում է մի շարք հարցեր քննարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ բացի մոսկովյան հավաքի արդյունքներից՝ օրակարգային է նաև այս տարվա նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ համաժողովում ընդունված փաստաթղթերի քննարկումը։ Նոյեմբերին Մինսկում կառույցի խորհրդի նիստներին չմասնակցեցին ոչ Հայաստանի վարչապետը, ոչ պաշտպանության, ոչ էլ արտգործնախարարները։  

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ընդդիմությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը սխալ է համարում ՀԱՊԿ միջոցառումները բոյկոտելու մարտավարությունը։

«Իրականում բազմաթիվ հարցադրումներ կան հայկական կողմից քաղաքական ղեկավարությանը, դիվանագիտական ղեկավարությանը, ռազմական ղեկավարությանը։ Բայց այդ հարցերը լուծվում են խոսակցությամբ։ Նման հարթակներում երկխոսությամբ է, փաստարկներ ներկայացնելով է հարցը լուծվում, ոչ թե մանկապարտեզի երեխայի պես ամիսներ շարունակ քեն քշելով, խռով պահելով, ներքին տրամադրություններ գեներացնելով  հարցերը լուծում են»։

ՀԱՊԿ մոսկովյան աշխատանքներին զուգահեռ Հայաստանի վարչապետը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադարձել է նաև ՀԱՊԿ–ի և Մոսկվայի հետ հարաբերությունների թեմային։ Անգամ զուգահեռներ է անցկացրել տարբեր իրադարձությունների միջև։

«Եկեք պրոցեսները փաստացի գույքագրենք։ Ես ուզում եմ ձեզ ուշադրությունը հրավիրել Սոտք–Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Աժ–ն լուծարվել է։ Այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտգործնախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ես ժամանակագրություն եմ ասում՝ ոչ մի բան նկատի չունենալով։ Տեղի է ունեցել Սոտք–Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը այլ արձագանք կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա։ Մենք հասկանում ենք չէ՞ դրա քաղաքական հետևանքները։ Մենք հասկանում էինք, որ ՀՀ լուծարման խնդիր է դրված»։  

Նույն օրինաչափությունը Փաշինյանը նկատել է մեկ այլ այցից հետո՝ ընդհանուր շղթայի մեջ դիտարկելով Իգոր Խովաևի այցը տարածաշրջան։ Խովաևը Բաքվից ժամանեց Երևան և նրա՝ այստեղ գտնվելու ընթացքում տեղի ունեցավ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիան  Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Բոլոր դեպքերում՝ զրո արձագանք ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, որի հետ Հայաստանն առանձին համագործակցության և դաշնակցային հարաբերությունների պայմանագիր ունի՝ արձանագրել է Փաշինյանը։

«Որից հետո, 2022 թվականի փետրվարին ռուսաստանի և Ադրբեջանի միջև Հռչակագիր ստորագրվեց, որը ասում էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարձրացվում են ստրատեգիական մակարդակի և միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա։ Ընդ որում՝ կողմերը պարտավորվում են չկատարել այնպիսի գործողություններ, որոնք մյուս կողմի մեկնաբանությամբ հակասում են իրենց ազգային շահերին»։

Սրանից հետո տեղի են ունենում Փառուխի դեպքերը՝ կրկին ՀԱՊԿ և Մոսկվայի զրո արձագանքով՝ իրադարձությունների շղթան շարունակում է թվարկել Փաշինյանը։ Մինչդեռ վարչապետի ներկայացրած շղթան ընդդիմության համար տպավորիչ չէ։ Արձագանքում է «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։

«Ինքը ուզում է իրեն հերթական անգամ «մաքրել»։ Գորիսի Տեղ գյուղի հատվածում թշնամին երբ առաջխաղաղցում ունեցավ դրա համար ո՞վ պատասխան տվեց։ Ինչո՞ւ եղավ դա, մոռացե՞լ եք։ Լավ, Լավրովը հո մեղավոր չէր, որ եկան Տեղի պռունկի տակ նստեցին ադրբեջանցիները։ Ո՞վ է դրա պատասխանատուն։ Բոլորը մեղավոր են բացի իրենից։ Վատ հարաբերությունները պետք է կարգավորել և ոչ թե շատ ավելի խորացնել»։

Արդյո՞ք Հայաստանը՝ վարչապետի կազմած փաստագրությամբ փորձում է Ռուսաստանին մեղադրել ոչ բարեկամական քայլերի մեջ։ Սա ընկալման հարց է՝ ուղիղ պատասխանից խուսափելով՝ ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորը պնդում է, որ իշխող քաղաքական ուժը մտադիր չէ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև՝ չի կեղծում իրականությունը։

«Ռուսաստանը թեև մի շարք պարտավորություններ ունի ՀՀ անվտանգության մասով, ի վիճակի չի եղել և ի վիճակի չէ կատարելու իր պարտավորությունները։ Ուղղակի ի վիճակի չէ։ Պետք է ասեմ հետևյալը․Հայաստանը ՌԴ հետ կապված է «արյունատար անոթներով»։ Մեր կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։ Մենք Ռուսաստանի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակը ավելի բարձրացնել ամեն առումներով։ Բայց Հայաստանը պետք է ունենա այն որոշակի գործիքակազմը քաղաքական, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները գոնե ի կատար ածեն»։

Ռուսական կողմը համարում է, որ շատ լավ է կատարում իր պարտավորությունները։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը: Նմանատիպ հայտարարություններին ի պատասխան Հայաստանի վարչապետը ռուսական կողմին առաջարկում է կրկին ընթերցել 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության  8–րդ կետը։  

«Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ գրված է որ Ադրչբեջանը պետք է ԼՂ վրա հարձակվի, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն։ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ գործուղվել է ՌԴ Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա։ Եվ այդ որոշման մեջ գրված է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Ո՞ւր է հիմա ԼՂ քաղաքացիական բնակչությունը»։

ՌԴ մյուս մեղադրանքներին պատասխանելով, թե Հայաստանը փորձում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ռուսական հարթակից տեղափոխել արևմտյան դաշտ, Փաշինյանը բացահայտում է․առնվազն 3 անգամ սեղանին եղել է փաստաթուղթ, որը Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել, բայց դա տեղի չի ունեցել ոչ Հայաստանի պատճառով։  

Կարդացեք նաև

Back to top button