
Արցախից բռնի տեղահանվածները դժգոհում են՝ իրավական առումով խնդիրների պակաս չունեն, ունեն մտահոգություններ։ Դրանց մասին «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ են այսօր մեկ անգամ ևս բարձրաձայնվել։ Արցախից բռնի տեղահանվածներն աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու համար պետք է անպայման հաշվառման հասցե ունենան։ Այս մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են պատկան կառույցները։ Պարզվում է՝ անձնագրային ծառայություններում հաշվառման անցնելու համար հերթերը մեծ են։
Շարունակել մնալ պետության ժամանակավոր պաշտպանության տակ, թե՞ ոչ, որտե՞ղ ու ինչպե՞ս հաշվառվել, ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ անձնագիր ունեցող արցախցիները փախստական են կամ մեկ տարով ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք, և ոչ քաղաքացի։ Արցախից բռնի տեղահանվածներին հուզող հարցերը շատ են։ Արեգա Հովսեփյանը Արցախից բռնի տեղահանված է։ Նա քննարկման էր եկել ՀՀ կապույտ անձնագրով
«Ծնվել եմ Ստեփանակերտում, 16 տարեկանում ինձ տրամադրել են այս փաստաթուղթը, որտեղ գրված է ՀՀ անձնագիր։ Վերջին էջում գրված է անձնագիրը ՀՀ սեփականությունն է, անձնագրի կրողի հովանավորն է ՀՀ–ն։ Այսօր ինձ ասում են, որ այս անձնագիրը անձնագիր չէ, այլ ճամփորդական փաստաթուղթ է»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հիշեցնում է, որ կապույտ անձնագրերը, որպես ճամփորդական անձնագրեր, նորություն չեն։ Հղում է անում միջազգային իրավունքին, ավելի կոնկրետ՝ ՄԻԵԴ –ին․
«Դրա մասին հայտարարել է ՀՀ կառավարությունը, հայտարարվել է ՄԻԵԴ–ում ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ շեշտվել է, որ Արցախի բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվում են որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստման փաստաթուղթ։ Դրանք տրվել են, որ մարդիկ կարողանան որոշակի իրավունքներ իրացնել՝ ազատ տեղաշարժի, կրթական, ճամփորդական և այլն»։
Արցախից բռնի տեղահանվածները աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու համար պետք է անպայման հաշվառման հասցե ունենան։ Այս մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են պատկան կառույցները։ Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հաշվառման համար հերթերն են շատ․
«Մարդիկ առավոտյան հինգից վեցից հերթ են կանգնում, բայց օրերով, շաբաթներով չեն կարողանում խոչընդոտը հաղթահարել։ Քանի դեռ հաշվառված չեն, թոշակ, նպաստ չեն կարողանում ստանալ»։
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն օրերս հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ առաջիկա շաբաթ օրերին բոլոր տարածքային ստորաբաժանումները կսպասարկեն Արցախից տեղահանված անձանց։ Այստեղ էլ են արձանագրում՝ չնայած ԱՀ–ից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերից սպասարկվում են արտահերթ, առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում, և կենդանի հերթերը վերահսկելը դժվար է: Արցախից բռնի տեղահանված և պետության ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու համար ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինչպես երևանյան, այնպես էլ մարզերի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը սահմանվել են աշխատանքային։ Դրանք կաշխատեն ժամը 9-ից մինչև 18–ը:
Արցախից բռնի տեղահանվածները համարվում են մեկ տարով ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք։ Այդ կարգավիճակում գտնվող անձը առանց հաշվառման չի կարող որևէ գործարք կատարել՝ արձանագրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Ոչ բոլոր տանտերերն են, որ համաձայնում են իրենց տանը հաշվառել բռնի տեղահանվածին։ Բացի այդ, օմբուդսմենն ընդգծում է․ «Ժողովուրդը ցանկանում է հստակ հասկանալ ու լսել՝ արդյո՞ ք հաշվառվելու պարագայում զրկվելու է աջակցության ծրագրերից, թե ոչ։ Ամենաշատն ինձ ուղղված հարցը դա է»։
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է՝ անգամ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ծրագրերը կշարունակվեն․ «Չկա նման բան։ ԼՂ բռնի տեղահնաված մեր քաղաքացիների համար տրվող աջակցության ծրագրերը չենք կապում քաղաքացիության հետ։ Հարց է առաջանում, արդյո՞ք քաղաքացիություն ստանալիս կզրկվեն ծրագրերից, ասում ենք՝ նման բան չկա»։
Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալիս պարզեցված ընթացակարգերից կօգտվեն՝ ասում է Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետը։ Ստանդարտ ընթացակարգերը նախատեսում են քաղաքացիություն շնորհել 90 աշխատանքային օրում, բայց այս դեպքում էականորեն ավելի արագ կիրականացվի, կոնկրետ օրերի քանակ, սակայն, չի նշվում։




