ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ժամանց, որից մարդն ու պետությունը ամենաշատն են տուժում․ խաղադրույքները պետբյուջեի եկամուտներից 3 անգամ «ծանր» են

Զվարճանք և հանգիստ, որը չի ուրախացնում

Հայաստանում «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տնտեսական ճյուղն ամենաակտիվն է զարգանում։ Ստուգված-ճշտված թվերի նկատմամբ անվերապահ վստահությունը պետք է որ թույլ տար ենթադրել՝ մենք, փաստորեն, ավելի շատ զվարճանում ու հանգստանում ենք, քան, ասենք, հանք փորում, կրթվում կամ բուժվում։ Սակայն պատկերն ու տրամադրությունը փոխվում է, երբ պարզում ենք՝ «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտի մեկ՝ բավականին ծանրակշիռ տողը հատկացված է խաղադրույքներին։ Այս տողը «կշռել» ենք փորձում տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ․

«Եթե նայում ենք այս ոլորտի դինամիկան, վերջին տասնամյակում, բայց ավելի շատ՝ 2015-20 թթ․-ին, ապա այն շեշտակի աճ էր ապրում։ Այդ աճի հաշվին տնտեսությունում մեկ տարում ստեղծվող արդյունքի մեկ տոկոս կշռից 2019-ին հասավ 5.6 տոկոսի։ Տարիներ կային, երբ տնտեսական աճի 1/3-ը գալիս էր այս ոլորտի հավելաճից։ Միջինում տնտեսական աճի 20-30 տոկոսը 5-6 տարվա ընթացքում եկել է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտից»։

Ստեղծվել էր փակ շղթա․ մեծ շահույթ ունեցող ոլորտը ագրեսիվ գովազդ անելու համար բավարար փող ուներ, նոր գովազդը նոր շահույթ էր բերում։ Արդյունքում՝ 2019-ին ոլորտը տնտեսական մրցավազքում հետևում թողեց մշտապես մեր տնտեսության լոկոմոտիվ համարված հանքարդյունաբերությանը։

«Պատկերացրեք՝ խաղատնային բիզնեսը, հատկապես օնլայն (խաղատները, որովհետև 93 տոկոսը օնլայն խաղատներն էին), ավելի շատ եկամուտ են գեներացնում, ավելի շատ արդյունք են ստեղծում թվային առումով, քան հանքարդյունաբերությունը, որը գիտենք՝ ինչքան շոշափելի ոլորտ է մեր տնտեսությունում։ Շինարարությունից, հանքարդյունավերությունից, կրթությունից, առողջապահությունից․․․ բոլորին գերազանցել էր»։

20-21 թթ․ պատկերը փոքր-ինչ փոխվել է, տնտեսագետն ասում է՝ թվերն այս անգամ էլ ուրախաալու մեծ առիթ չեն տալիս․ բարելավվել է ոչ թե կախվածությունը կանխելու, այլ վիճակագրություն վարելու մակարդակը։

2022-ին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ։ Խաղադրույքների շրջանառությունը նույն տարվա 11 ամիսների գրեթե 3 անգամ ավելի շատ է եղել՝ 5 տրիլիոն 312 միլիարդ դրամ։ Ի դեպ՝ այս գումարից պետության «օգուտը» 0.38 տոկոս է եղել․ վճարված հարկերը կազմել են 20 միլիարդ դրամ։

Սիրտը չի ցավում, բայց կարող է կանգնել

Օնլայն կամ ֆիզիկական խաղատների, պետության համար օգուտ ստեղծողը մարդն է, որը, փաստորեն, իր օգուտի մասին առանձնապես չի մտածում։ Այսպիսի եզրահանգման հիմք կարող է դառնալ առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդատու, Կախվածություների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի փոխանցած տեղեկատվությունն այն մասին, որ այժմ խաղամոլությունից ազատվելու համար կենտրոնի հոգեբանական ծառայություններից օգտվում է միայն 2 մարդ։

«Ազգային կենտրոնը սկսել է զբաղվել խաղերի նկատմամբ հիվանդագին հակումով դեռ 2020 թվականից, երբ ստեղծեցինք սոցիալ-հոգեբանական ծառայություն, հետագայում էլ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն ու էլի սկսեցինք անհրաժեշտություն դեպքում հոգեբուժական ծառայություն մատուցել։ Մի քանի տասնյակ մարդ միայն այս տարվա դրությամբ դիմել է մեր կենտրոն խաղերի հետ կապված խնդրով»։

Նազինյանն ասում է՝ կախվածության այս տեսակը ավելի դժվար է կանխվում նաև այն պատճառով, որ քիչ են մարդուն՝ բուժման դրդող հանգամանքները։ Կախվածությունները լինում են երկու տեսակի՝ քիմիական և ոչ քիմիական։ Առաջինի դեպքում ամեն բան պարզ է՝ օրգանիզմ են ներմուծվում նյութեր, որոնք որոշակի ռեակցիաներ են առաջացնում։ Ոչ քիմիականի դեպքում մարդու կյանքը խորտակվում է, բայց ոչ սիրտն է ցավում, ոչ լյարդը։

«Ոչ քիմիական կախվածությունները պայմանավորված են լինում ոչ թե անմիջականորեն նյութով, այլ որևէ վնասակար սովորությամբ, որը հետագայում մարդու գլխուղեղում առաջացնում է ոչ թե օգանական ախտաբանական փոփոխություններ, այլ  միջնորդանյութերի մակարդակով պայմանավորված փոփոխություններ։ Քիմիական կախվածությունների դեպքում շատ արագ սոմատիկ փոփոխություններ են տեղի ունենում մարդու մոտ, մարմնական բարդություններ են առաջանում, առողջական այլ խնդիրներ են առաջանում ու դա ստպում է, որ մարդը դիմի։ Խաղերի դեպքում մարմնական փոփոխություններ չեն առաջանում, դրա համար դիմելու ժամանակն ու հավանականությունները ավելի են իջնում»։

Հետևանքը հաճախ ողբերգական է լինում։ Եթե կարճ՝ հաճախ ինքնասպանություն։

Եթե խաղատունը արտահանեինք

Խաղատնային բիզնեսը երկրի համար միայն մի դեպքում կարող է վնասակար չլինել․ եթե խաղացողն այդ երկրի քաղաքացին չէ։ Տնտեսությունն արտահանելի բիզնեսին դեմ չէ։ Նարեկ Կարապետյանն է մանրամասնում․

«Օրինակ՝ Լաս Վեգասը, ամբողջ աշխարհից մարդիկ իրենց աշխատած գումարը բերում ու ծախսում են Միացյալ նահանգների տնտեսությունում, դա օգուտ տալիս տնտեսությանը։ Բայց երբ Միացյալ նահանգների քաղաքացինա է գնում ու աշխատածը ծախսում Լաս Վեգասում, դա տնտեսության համար 0 էֆֆեկտ է, նույնիսկ բացասական էֆեկտ է»։

Տնտեսության լեզվով՝ փակ համակարգում ծախսած փողը կորած փող է։ Խաղերի ոլորտը շղթայական շրջանառություն չի ենթադրում։ Հայաստանում արդեն գովազդն էլ է արգելված։ Նարեկ Կարապետյանը փորձել է հույս գտնել բուքմեյքերական ընկերությունների միջազգային հասանելիությամբ կայքերում։

«Ինձ էլ էր հետաքրքրում՝ արտահանելի՞ է, թե՞ չէ։ Բուքմեյքերական ընկերությունները ունեն միջազգային հասանելիության կայքեր և երբ նայում ենք՝ էդ կայքերից ովքեր են օգտվում, երևում է, որ էս կայքերից էլի օգտվում են Հայաստանի քաղաքացիները։ Ամեն դեպքում իրենց արտահանելիությունը շատ ցածր ա։ Եթե կազմակերպությունները կարողանային իրենց մատուցած ծառայությունները վաճառեին դրսի շուկայում ու մեր տնտեսություն դրսից գումարներ բերել, ապա սա մեզ համար օգուտ կլիներ»։

Այժմ չի՝ ոչ մի առումով։ Պետությունը խարխափում է իրական տնտեսական տեղաշարժերը չափելիս, տնտեսությունը՝ տուժում՝ փողը փակ շուկայում պահելով, մարդիկ՝ կորցնում։ Հաճախ՝ ամեն ինչ։

Կարդացեք նաև

Back to top button