ԿարևորՀասարակություն

Երասխի գործարանը կշարունակի գործել Արարատում

Հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը, որը կառուցումը սկսվել էր Երասխում, կշարունակի գործել Արարատ գյուղում։ Այս որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։ Նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ սահմանային Երասխ գյուղի տարածքում կառուցվող գործարանը ենթարկվում է ԶՈՒ-երի թիրախավորմանը։ Գործարանի աշխատանքներն արդեն տևական ժամանակ պարալիզացված էին։

«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղում պողպատաձուլական գործարան կառուցելու համար դիմել է կառավարությանը։ Տեղակայման համար նախապես ընտրվել էր Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։ Սկզբնական անհրաժեշտ ներդրումը, ըստ ընկերության, շուրջ 30 միլիոն դոլար է, որն ակնկալվում է ստանալ կանոնադրական կապիտալում ներդրման և փոխառությունների միջոցով։ ՀՀ կառավարությունից ընկերությունն այժմ ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության հարցերում: Այս մասին նշվում է կառավարության`այսօր ընդունած որոշման հիմնավորման մեջ, որն առնչվում է Երասխի գործարանին ։

Ենթադրելի է, որ ընկերությունը կառավարությանը դիմել է՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը։  Ադրբեջանի զինված ուժերը, պարբերաբար թիրախավորելով Երասխում կառուցվող գործարանի տարածքը, խոչընդոտում են աշխատանքներին ։ Հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը, սակայն,  կառավարության այսօրվա որոշման առնչությամբ  առայժմ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ։

Օրերս լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր խոսել Երասխում կառուցվող գործարանի հավանական տեղափոխության մասին։ Հարց էր ուղղվել, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին։ Քերոբյանը պատասխանել էր, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են անում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։

Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել՝ ասել էր Քերոբյանը։

Մետաղաձուլական գործարանի կառուցման աշխատանքները Երասխում մեկնարկէլ էին մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում էր, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Բաքվի պնդումները Երևանն անհիմն էր համարել։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանը սկսեց կրակել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացի վիրավորվեց։ Շինհրապարակ այցելեցին նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ՝ տեղում տեսնելու կատարվածը։ Դեռ այն ժամանակ երասխցիները պատմում էին, որ գործարանը թշնամու թիրախում է եղել շինարարության մեկնարկի հենց առաջին իսկ օրերից։

«Որ պահին մարդ եղել է ներսում, էն ժամանակ կրակոց եղել է։ տարածքում մարդ կար՝ խփում էին, տեխնիկա կար՝ խփում էին»։   

Ադրբեջանին զսպելու հույսով գործարանի տարածքում նաև ամերիկյան դրոշ տեղադրվեց՝ ընդգծելով ամերիկյան կապիտալի ներկայությունն այնտեղ, բայց դա էլ չօգնեց։  Շինաշխատանքների պարբերաբար թիրախավորուներն ի վերջո հանգեցրին աշխատանքների դադարեցմանը։ Երասխի բնակիչներն ավելի ուշ նկատել էին, որ սկսել են տեղափոխել շինտեխնիկան ու շինանյութը։   

«Էստեղ որ չթողեցին աշխատեն, դրանից երևի մի ամիս հետո։ Մինչև նոր տեղ ճարեցին։ Հուլիսից էլ երևի էնտեղ են սկսել։ Երկու ամսվա մեջ ահագին մեծ աշխատանք կատարվել է»։  

«Ջի Թի Բի» ընկերությունը դեռ այն ժամանակ հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով, որ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։

Կարդացեք նաև

Back to top button